Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖԿՍՊԻ-ն եւ Կոտայքի մարզպետարանը համագործակցության հուշագիր ստորագրեցին

Հունվար 22,2022 17:25

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը եւ ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ըստ այդմ, մարզպետարանը ինստիտուտին ներկայացնելու է մարզի հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման եւ մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի կիրառման արդյունավետության բարձրացման, հանրային առողջության քարոզչության ոլորտներում ՀՀ Կոտայքի մարզում առկա խնդիրները, որոնց ուսումնասիրման եւ այդ ուսումնասիրությունների հիման վրա ինստիտուտն իր մասնագիտական ամբիոններում ձեւավորում է մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների եւ այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ:

Ինստիտուտը պատրաստակամություն է հայտնում իր ուսանողներին առաջարկել պրակտիկ թեմաներ՝ ինստիտուտի մասնագիտական ամբիոններում եւ ՀՀ Կոտայքի մարզում հետազոտություններ իրականացնելու համար, իսկ մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում իր իրավասությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել այդ հետազոտություններն իրականացնողներին:

Կողմերը համագործակցում են նաեւ ներդրումային, նորարարական, դրամաշնորհային ծրագրերի համատեղ  իրականացման շուրջ, գիտական համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման ոլորտներում եւ այլ ուղղություններով:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Aravot.am-ին ասաց. «Հուշագիրը ստորագրելուց դեռ շատ առաջ մենք ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ այս հարցի շուրջ զրուցել էինք մարզում սպորտի նկատմամբ վերաբերմունքը փոխելու, դպրոցներում սպորտով զբաղվելու քարոզը ճիշտ կազմակերպելու շուրջ: Դրա համար մենք ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների խորհրդի եւ գործնական աջակցության կարիքն ունեինք: Այս համագործակցությունն, իմ կարծիքով, բերելու է առողջ ապրելակերպը նախընտրելուն, դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի նկատմամբ վերաբերմունքը լրջացնելուն: Մարզական միակ բուհի աջակցությամբ մենք մեր աշխատանքներում կներգրավենք պրոֆեսիոնալներին, մեր մասնագետներին կուղարկենք վերապատրաստման դասընթացների:

Պարոն Խիթարյանը շատ ճիշտ նկատեց, որ լավ կառավարիչներ են անհրաժեշտ, որպեսզի ներդրվող ֆինանսները ճիշտ ու արդյունավետ կառավարվեն: Միանգամայն համաձայն եմ այդ դիտարկմանը եւ կարծում, որ պետությունը, տվյալ պարագայում մենք պետք է ըստ ամենայնի խրախուսենք եւ աջակցենք մասնավորի ներդրումներին եւ զարգացմանը»:

Դավիթ Խիթարյանը նշեց, որ ինստիտուտը արդեն երրորդ մարզի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց: «Մենք կարեւորում ենք մարզերի համաչափ զարգացման ծրագիրը եւ փորձում մեր աջակցությունը բերել, որպեսզի սպորտով զբաղվելը, սպորտային կառույցները եւ մարզական միջոցառումները կենտրոնացված չլինեն միայն Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31