Փարիզի Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, խոսելով եկեղեցաշինության մասին, ասաց, որ այն թափ է առել հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, քանի որ Խորհրդային կայսրությունը համարվում էր աթեիստական երկիր: Նա նշեց, որ հաճախ գործարարները կամ Ռուսաստանում հարստացած որեւէ հայաստանցի ցանկանում են վերականգնել իրենց գյուղի, համայնքի եկեղեցին, սակայն ոչ միշտ են առկա լինում եկեղեցու վերաբերյալ փաստաթղթերը, գծագրերը, նախագիծը, ու բարեգործը հայտնվում է խնդրի առաջ, քանի որ չի կարող իր ցանկությամբ եւ ճաշակով վերականգնել:
«Օրինակ, երբ Ապարանի 17-րդ դարի եկեղեցին էին ուզում վերականգնել, այնտեղ եւս խնդիրներ եղան, որովհետեւ ճարտարապետը, ում պատվիրել էին, ռեստավրատոր չէր, փաստաթղթերի խնդիր կար: Ուզում էին միայն տանիքը փոխել, բայց անգամ տանիքը փոխելիս պետք է չափանիշներին համապատասխան վերականգնել եւ ոչ թե վերցնել եւ ուրիշ տանիք դնել: Ու քանի որ հիմնականում արդեն կառուցված եկեղեցիների փաստաթղթերը չեն լինում, մարդիկ մտածում են նորը կառուցելու մասին՝ գլխացավանքից խուսափելու համար, հատկապես որ նորի հետ կապված անվանակոչելու խնդիր եւս չկա»,- ասաց Մարիամ Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ ցավոք, նոր ու հսկայական եկեղեցիներ կառուցելիս Հայաստանում հաճախ հեռանում են հայկական եկեղեցաշինությունից:
Ինչ վերաբերվում է Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ Գագիկ Ծառուկյանի ցանկությանը, Մարիամ Խաչատրյանն ասաց, որ այդ արձանը կապ չունի քաղաքաշինության հետ եւ չի կարող քաղաքաշինական տարր համարվել, այն աղերսներ ունի զուտ հավատի ու ինչ-որ առումով՝ զբոսաշրջության հետ:
«Ինքն ուզում է Հիսուսի ամենաբարձր արձանը լինի, ամենաազդեցիկը, ասում է՝ հայտերը ուղարկեք, բայց ոչ ոք չգիտի, թե որտեղ է տեղադրվելու: Ասում է՝ ամենաբարձր կետում, իսկ որտեղի ամենաբարձր կետում՝ Երեւա՞նի, Հայաստանի՞ ամենաբարձր կետում: Եթե Հայաստանի ամենաբարձր կետը նկատին ունի, ուրեմն դա պետք է լինի Արագածի փեշերին ու գագաթին: Այդ դեպքում քանի՞ զբոսաշրջիկ կգնա այնտեղ, եւ հետո այնտեղ ո՞նց է կանգնեցնելու այդ արձանը:
Եթե խոսքը Երեւանի մասին է, Երեւանն արդեն իսկ հագեցած է արձաններով: Ի դեպ, Հիսուս Քրիստոսի արձանները պետք է սրտաբաց տեղերում լինեն, իսկ մենք չունենք այնպիսի տեղեր: Եվ հետո հայտերը չպետք է օդի մեջ հայտարարվեն, պետք է գաղափարաբանության մեջ դիտարկել ամեն բան, եւ արձանն էլ պետք է խոսի լանդշաֆտի հետ»,-համոզված է Փարիզի Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ