Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեմիեր լիգան՝ ուժեղագույնների թատերաբեմ

Հունվար 22,2022 15:10

Անգլիայում ազգային առաջնությունը շարունակում է գերլարված պահել ֆուտբոլասերներին։ Պրեմիեր լիգայի գրանդ ակումբները անզիջում պայքար են մղում չեմպիոնի կոչման համար։ Այս մրցաշրջանում էլ եղան անսպասելի անկումներ և վերելքներ։ Առաջին հորիզոնականի համար պայքարում ֆավորիտ են համարվում երեք թիմեր՝ Մանչեսթեր Սիթին, Լիվերպուլը և Չելսին։ Սակայն պետք չէ թերագնահատել լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած այլ ակումբներին ևս։ Մանչեսթեր Յունայթեդը, Տոտենհեմն ու Արսենալը նույնպես ցուցադրում են գեղեցիկ և մրցակցային ֆուտբոլ և պայքարում են եթե ոչ չեմպիոնության, ապա Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։

Չեմպիոնության հիմնական ֆավորիտը համարվում է Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Մանչեսթեր Սիթին։ Գվարիդիոլայի սաները անխափան ընթանում են դեպի հերթական տիտղոսին։ Ազգային առաջնությունում 12 խաղ անընդմեջ քաղաքայինները հաղթանակ են տոնում և վերջին անգամ պարտվել են 2021 թվականի հոկտեմբերի 30-ին Քրիսթալ Փելասի դեմ հանդիպմանը։ Մանչեսթերյան ակումբը նաև պայքարի մեջ է Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում։

Մանչեսթեր Սիթիի հիմնական մրցակիցն է Լիվերպուլը։ Յուրգեն Կլոպը 2015 թվականին  գլխավորելով Լիվերպուլը՝ ստեղծեց մի նոր թիմ, որը կարողացավ հասնել ոչ միայն Անգլիայի, այլ նաև եվրոպական ֆուտբոլի բարձունքին։ Այս մրցաշրջանում մերսիսայդյան ակումբը որոշակի սայթաքումներ ունեցավ և այս պահին առաջատար Սիթիից միավորների տարբերությունը զգալի է։

Մրցաշարային աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Չելսին։ Անցած մրցաշրջանի կեսին՝ ազնվականների գլխավոր մարզիչ նշանակվեց գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը։ Չեմպիոնների լիգան հաղթելով՝ լոնդոնյան ակումբը վստահ մեկնարկեց մրցաշրջանը և որոշ ժամանակահատված զբաղեցնում էր ԱՊԼ-ի առաջին հորիզոնականը։ Վերջին շրջանում Չելսին կորցրեց իր առավելությունը և նվազեցրեց չեմպիոն հռչակվելու հավանականությունը։

Արսենալը, այս մրցաշրջանում՝ ինչպես անսպասելի հայտնվեց հետնապահների շարքում, այնպես անսպասելի էլ թափ հավաքեց և բարձրացավ ընդհուպ մինչև չորրորդ հորիզոնական։ Այս պահին զբաղեցնելով 6-րդ տեղը՝ Արսենալը կարող է պայքար մղել նույնիսկ լավագույն եռյակում հայտնվելու համար։ Միկել Արտետայի գլխավորած թիմը վերջին 5 խաղում պարտվել է միայն մեկը, այն էլ՝ առաջատար Մանչեսթեր Սիթիին։ Զինագործների առավելությունը երիտասարդ կազմն է։ Նրանք ի զորու են տհաճ անակնկալներ մատուցել առաջատարներին։

Մանչեսթերյան մյուս ակումբը՝ Յունայթեդը, կարելի է ասել այս մրցաշրջանի ամենաանկայուն թիմերից է։ Չնայած նրան, որ անցած մրցաշրջանում կարմիր սատանաները անսպասելի գրավեցին երկրորդ հորիզոնականը, այս մրցաշրջանում դեռ յոթերորդն են։ Ամռանը մանկունյանցիները թիմ վերադարձրին պորտուգալացի գոլահար Կրիշտիանու Ռոնալդուին։ Ռոնալդուն բավական արդյունավետ անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը և օգնեց թիմին դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։ Թե ինչ հաջողությունների կհասնի Յունայթեդը մրցաշրջանի ավարտին՝ կարող ենք միայն ենթադրել․․․

Տոտենհեմը բավական հետաքրքիր մրցաշրջան է անցկացնում։ Անտոնիո Կոնտեյի սաները այս պահին զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը։ Սակայն մյուսներից ավելի քիչ հանդիպումներ են անցկացրել և, հավանական հաղթանակներ գրանցելով բաց թողնված խաղերում, կարող են բարձրանալ երրորդ հորիզոնական։ ԱՊԼ-ի շրջանակներում Տոտենհեմը վերջին անգամ պարտվել է դեռ հոկտեմբերին։ Լոնդոնյան ակումբը բոլոր շանսերն ունի և զգալի հաջողություններ գրանցելու, և անցանկալի դրությունում հայտնվելու համար։

Պրեմիեր լիգայում աչքի է ընկնում նաև վերջին ժամանակներում հետնապահի դերը ստանձնող Ասթոն Վիլլան։ Աշնանը բիրմենգեմյան ակումբը գլխավորեց անգլիական ֆուտբոլի և Լիվերպուլի լեգենդ Սթիվեն Ջերարդը։ Չնայած նրան, որ ակումբը զբաղեցնում է 13-երորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում՝ Ասթոն Վիլլան պայքարող խաղ է ցուցադրում անգամ առաջատարների հետ։ Ջերարդի թիմ՝ այս ձմռանը վարձակալական հիմունքներով եկավ Բարսելոնայի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն և Էվերթոնի պաշտպան Լուկա Դինը։ Ասթոն Վիլլան արժանի է ուշադրության, և եթե ոչ այս, ապա մյուս մրցաշրջանում կարող է պայքարել եվրագավաթների համար։

Մրցաշրջանի ավարտին մնացել է ընդամենը մի քանի ամիս։ Թիմերը անզիջում պայքար են մղում ամեն միավորի համար և թիմերի տեղը մրցաշարային աղյուսակում կարող է անսպասելիորեն փոխվել։ Մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների ընթացքին և վայելել անգլիական ֆուտբոլը․․․

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31