Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց հոգեբուժարաններում պահել են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերում նշված է եղել՝ հոժարակամ». Արման Թաթոյան

Հունվար 22,2022 13:45

«2018 թ. ես հրապարակել էի հատուկ արտահերթ զեկույց՝  այս ոլորտում տարիներով կուտակված  խնդիրների եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Այդ զեկույցը, որը լայն արձագանք գտավ, նախապատրաստվել էր 2017 թ.  եւ  հրապարակվել 2018 թ մարտի 22-ին»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով արտահերթ նոր զեկույց՝  հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։

Պարոն Թաթոյանը շեշտեց, որ ինչպես նախկին, այնպես էլ նոր զեկույցը հիմնված է բացառապես մասնագիտական սկզբունքների վրա, ուսումնասիրություններն իրականացրել են իրենց աշխատակազմի  մասնագետները՝ իրավաբաններ, բժիշկներ, սոցիոլոգ, հոգեբույժ, հոգեբան:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, խոսելով նոր զեկույցի մասին, ասաց, որ դրա ներկայացումը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում. «Ցավոք, մեծ հաշվով, գործնականում վիճակը նույնն է, ինչը զեկույցում օբյեկտիվ ներկայացված է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչեւ անփույթ վերաբերմունք, անուշադրություն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ»:

Արման Թաթոյանը նշեց, որ 2021 թ. կրկին այցեր են իրականացրել Ավան հոգեկան առողջության կենտրոն, Սեւանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր եւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ: Արձանագրեց, որ որոշ դրական փոփոխություններ եղել են, մասնավորապես այս ժամանակահատվածում 12 իրավական նոր ակտեր են ընդունվել՝ ոլորտը կարգավորելու համար:

Միեւնույն ժամանակ ընդգծեց, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան  հարցին վերաբերվող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում եւ պատշաճ հսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից: Իսկ գլխավոր  խնդիրը, ըստ նրա, շարունակում է մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է զուտ հիվանդանոցային հաստատություններում եւ գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ:

«Հոգեբուժարաններում պացիենտները, հիմնականում ստանալով երկարաժամկետ ստացիոնար բուժում, մեկուսանում  են ընտանիքներից, շրջապատից եւ հասարակությունից, մինչդեռ նրանց օգնությունն  ու սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:  Ի թիվս այլնի, նա անդրադարձավ  նաեւ անգործունակ անձանց իրավունքների պաշտպանությանը եւ ներկայացրեց փաստեր, որոնք արձանագրվել են իրենց այցերի ժամանակ. «Ցավոք, անգործունակ անձինք հատկապես հոգեբուժարաններում հաճախ կորցրած են լինում իրենց խնամակալների հետ սոցիալական կապերը, ոմանք նույնիսկ տեղեկացված չեն լինում, թե ովքեր են իրենց խնամակալները… Հոգեբուժարաններում նրանց սոցիալական միջավայրը հիմնականում սահմանափակվում է այլ պացիենտներով, նրանք շփվում են միմյանց հետ, մեծամասնությունը ազգականներին հազվադեպ է տեսնում: Հոգեբուժարաններում եւ սոցիալական խնամքի հաստատություններում բուժում եւ խնամք ստացող անգործունակ անձինք հիմնականում անտեսված են նաեւ խնամակալների կողմից»:

Անդրադարձ եղավ հարկադիր բուժման հետ կապված խնդիրներին ու խախտումներին: Նշվեց, որ օրինակ Սեւանի հոգեկան առողջության կենտրոնում պահվում է 402 անձ, նրանցից միայն 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական այլ հարկադրանքի միջոց, մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք Սեւանի հոգեկան առողջության կենտրոնում գտնվում են սեփական կամարտահայտությամբ եւ ստանում են հոժարակամ բուժում:

«Իրականում մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց են տվել, որ մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց  ըստ փաստաթղթերի՝ այնտեղ են հոժարակամ: Մենք ուսումնասիրել ենք փաստաթղթերը, վեր ենք հանել միեւնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ: Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ իրականում մարդիկ ստորագրել են փաստաթղթեր՝ առանց իմանալու, թե ինչ են ստորագրում: Նման փաստեր մենք արձանագրել ենք ոչ միայն Սեւանում, այլեւ Վարդենիսի տուն-ինտերնատում»,-զեկույցը ներկայացնելիս ասաց Արման Թաթոյանը:

Նրա ձեւակերպմամբ, հիվանդության պատմագրերի ուսումնասիրությունը նույնպես մտահոգիչ պատկեր է վերհանել. «Ոչ միայն ստորագրություններն են էականորեն տարբերվել իրարից: Մենք արձանագրել ենք դեպքեր, երբ հոգեբուժական կազմակերպություններում բաժանմունքների մուտքի դռները եղել են կողպված, եւ դրանք բացել է միայն անձնակազմը: Այսինքն` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք բաժանմունքներից կարողացել են դուրս գալ միայն սահմանված ժամերի, ինչը եւս նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31