Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

Հունվար 22,2022 13:24

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ հունվարի 21-ին տեղի է ունեցել Ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Օրակարգի համաձայն՝ ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։

Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: 2021թ. ընթացքում պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է ավելի քան 42 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, դիմելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, նշել է․ «Եթե ուզում ենք Հայաստանում ունենալ արդարություն, դատարաններին հավասար կամ երբեմն նույնիսկ դատարաններից շուտ պետք է բարեփոխումներ լինեն Հարկադիր կատարման ծառայությունում։ Ես ուզում եմ սա շեշտել՝ նաև ցույց տալով մի թիվ, որը կարծում եմ ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքն է 2021 թվականին, որ միայն ձեր կատարողական վարույթների ճիշտ աշխատանքի արդյունքում պետությունն ստացել է անցյալ տարի 600 միլիոնից ավելի շահույթ։ Խոսքը միայն շահույթի մասին չէ, այդ թիվը նաև քաղաքացիների բավարարված իրավունքի արդյունքն է»։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ խիստ դրական է գնահատել հաշվետու տարում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հաշվի առնելով հաշվետու տարվա համապետական լրջագույն մարտահրավերները, հետպատերազմական սոցիալ-քաղաքական մթնոլորտը, առողջապահական վիճակը և մի շարք այլ հանգամանքներ։

«Ծառայության 2021թ․ գործունեության արդյունքները կարող են գնահատվել խիստ դրական հատկապես նախորդ տարիների արդյունքների հետ համադրության մեջ։ Չեմ կարող չարձանագրել, որ այսօր մեր կողմից արձանագրված ցուցանիշները հիմնականում ձեռք են բերվել մեր ծառայակիցների մասնագիտական էնտուզիազմի և զինծառայողին բնորոշ կարգապահության ու պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ։ Բազմիցս առիթ են ունեցել արձանագրելու, և հաշվետու տարին էլ բացառություն չէ, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի փաստացի կատարման ցուցանիշը տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում։ Ռազմավարական խնդիր է տվյալ ցուցանիշի շեշտակի բարձրացումը»։

Տարեկան ամփոփիչ խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։ Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։

Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գխավոր հարկադիր կատարողի հրամանով և Արդարադատության նախարարի համաձայնությամբ արտահերթ կոչումներ են շնորհվել 4 ծառայողի։ Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև Ծառայության մի շարք աշխատակիցների։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները համապատասխանաբար հանձնվել են Ծառայության ֆինանսական բաժնին, Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին։

Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ այս մրցանակներն ավելի պարտավորեցնող են բաժնի կողմից արձանագրված ցուցանիշները բարելավելու առումով:

Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին՝ նրանց մաղթելով հաջողություն, պատասխանատվության բարձր գիտակցում և նվիրվածություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները։

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31