Հունվարի 20-ին «Լիարժեք կյանք» ՀԿ-ի Երևանի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրի մասնակիցների և Իրանի «Ռոշանբին» կույրերի միության անդամների միջև:
Միավորման գործադիր տնօրեն Դոկտոր Ալի Ֆարսիմադանին, ինչպես նաև Իրանում հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթամշակութային հարցերով մասնագետ Դոկտոր Զահռա Զահռային տեսազանգով խոսեցին Իրանում տեսողության խնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրների, պետական քաղաքականության, ինչպես նաև մշակութային տարբեր բնագավառներում տեսողության խնդիրներ ունեցող անձանց ներգրավվածության կարևորության մասին:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, ով խոսեց Հայաստանի և Իրանի բարեկամության հազարամյա պատմության մասին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով համագործակցության զարգացմանը՝ հատկապես կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը:
Իրանի կույրերի համայնքի ներկայացուցիչ Դարյա Հոսեյնին, ով այժմ գտնվում է Հայաստանում, ևս կիսվեց իր տպավորություններով: Ամփոփելով մասնակիցները նշեցին որ երկու երկրների հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները շատ չեն տարբերվում միմյանցից, դրանք հիմնականում վերաբերում են սոցիալական ներառմանն ու հավասարությանը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ