Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ օրակարգ, քան թուրքական օրակարգն է, այս պահին չի նշմարվում․ «Փաստ»

Հունվար 22,2022 11:01

Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ մի քանի անգամ կարծիք փոխած Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, իսկ այս տարվա հունվարի 12-ին հայտնի դարձավ խորհրդի կազմը: «Փաստը» գործընթացի շուրջ զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ:

«Սահմանադրական փոփոխությունների այս գործընթացի հետ կապված Նիկոլ Փաշինյանը սեփական որևէ կարծիք չունի: Նա ընդամենը կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագիրը և ուղիղ հանձնարարությունը, որը 2021թ. ապրիլին իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ հայերը պետք է հրաժարվեն իրենց տարածքային նկրտումներից և փոխեն իրենց Սահմանադրությունը: Իսկ ինչո՞վ է խանգարում մեր Սահմանադրությունը Իլհամ Ալիևին ու Նիկոլ Փաշինյանին: Պատասխան՝ շատ կարևոր մի հանգամանքով. մեր Սահմանադրությունն իր նախաբանում հղում է կատարում Հայաստանի Անկախության հռչակագրին: Այսինքն, Սահմանադրության հիմքում Անկախության հռչակագրի դրույթներն են, ինչը պատահական չէ, որովհետև այնտեղ ասվում է, որ Սահմանադրությունը պետք է մշակվի հռչակագրի հիման վրա: Իսկ Անկախության հռչակագրի հիմքում կան հետևյալ կարգավորումները. առաջին հերթին՝ հռչակագիրը հիմնվում է Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի՝ Հայաստանն Արցախին վերամիավորելու որոշման վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Է. Ղազարյանը շեշտեց, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր կամ Արցախը թշնամուն հանձնելու որևէ համաձայնագիր կհակասի ՀՀ ներկայիս Սահմանադրությանը. «Այսինքն, հիմա Սահմանադրական դատարանը չի կարող տալ եզրակացություն, որ այդ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Նման համաձայնագիր այս պահի դրությամբ չի կարող կյանքի կոչվել, ուժի մեջ չի կարող մտնել: Դրա համար Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: Նպատակն այնտեղից Անկախության հռչակագրին վերաբերող հղումները հանելն է, որ Ադրբեջանի հետ կարողանան ազատ կնքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Արցախը թշնամուն հանձնող համաձայնագրերը: Այս պահի դրությամբ այդ փաստաթղթերն առոչինչ կլինեն, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:

Բացի այդ, Անկախության հռչակագիրը, որին հղում է անում մեր Սահմանադրությունը, 11-րդ կետով առնչվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը՝ Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելով մշտապես հետևողական պայքար տանել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Մինչդեռ այս դրույթը սահմանափակում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացը. թուրքական կողմն ունի նաև նախապայման այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից: Միևնույն ժամանակ, եթե այն Անկախության հռչակագրի հիմքում է, ապա նույնպես իրավական իմաստով խոչընդոտ ու արգելք է Թուրքիայի հետ թուրքական օրակարգով հարաբերություններ զարգացնելու համար: Իսկ այլ օրակարգ, քան թուրքական օրակարգն է, այս պահին չի նշմարվում, որովհետև նախապայմանները մնում են ուժի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները գործընթաց են սկսել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31