Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։
– Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:
– Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:
-Սոցիալական հարթակներում քիչ չեն հոգևոր բովանդակությամբ էջերը, որոնք վարում են նաեւ հոգևորականները, սակայն քչերն են նման քանակի դիտումներ, կիսումներ և հաջողություն ունենում՝ ինչպես Դուք: Մինչեւ 300 հազար դիտում ունեք՝ կարծեմ։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
-Այստեղ որևէ գաղտնիք չկա: Յուրաքանչյուր տեսագրություն պատրաստելու համար ջանք և աշխատանք է տարվում: Մենք մտածում ենք հնարավորինս մատչելի և հետաքրքիր տեսագրություններ պատրաստելու մասին, որոնք իրենց մեջ կկրեն նաև ուսուցողական, ինֆորմատիվ բնույթ: Իհարկե, օգտագործում ենք նաև այդ շրջանակներում հայտնի երաժշտական ստեղծագործություններ, որոնք չափազանց տարբերվում են եկեղեցական և ազգային երաժշտությունից, սակայն միևնույն ժամանակ գրավում են ժամանակակից հնչողությունների սիրահարներին:
Շատերը, օրինակ, անծանոթ են քահանայական զգեստներին, որոնք մեր եկեղեցական ավանդության կարևոր մասն են: Յուրաքանչյուր նման տեսանյութ ունի իրեն ուղեկցող պարզաբանող հատված, որը, ցավոք, չի շրջանառվում այլ սոցկայքերում: Միևնույն ժամանակ թրենդային տեսանյութերը ունեն իրենց հատուկ կանոնները՝ հստակ տևողություն և ձևաչափ: Մարդիկ հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում՝ ենթադրելով, որ ես անհարգալից եմ վերաբերվում քահանայական զգեստներին կամ Սուրբ Գրքին, սակայն այդ կարծիքները արդյունքն են ընդհանուր պատկերը չտեսնելու, որովհետև իմ յուրաքանչյուր տեսանյութ ունի իր բացատրությունը: Մենք փորձում ենք համադրել անխոս տեսագրությունները և բովանդակային համառոտ խոսքը, որպեսզի ընկալվի վերջնանպատակը։
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում