Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
-Աշխարհաքաղաքական զարգացումների, ԱՄՆ-ՌԴ առճակատման խորացման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում ներհայաստանյան իրավիճակը: Համահո՞ւնչ են մեր երկրի ներսում առկա բանավեճերն այդ գործընթացներին:
-Շատ ծանր հարց տվեցիք, որովհետեւ այն, ինչ կատարվում է աշխարհում, երբ լարվածությունը չափազանց մեծ է, երբ աշխարհաքաղաքական հսկայական տեղաշարժեր են կատարվում, ինչն ուղղակիորեն առնչվում է նաեւ մեր տարածաշրջանին ու, մասնավորաբար, Հայաստանին, կարծես մենք այդ իրականությունից կտրված լինենք: Աստված մի արասցե, բայց եթե այդ լարվածությունը լուրջ բախումների տեղիք տա, մասնավորաբար, Ուկրաինայում, ապա ի՞նչ կկատարվի մեր տարածաշրջանում,արդյոք այդ խառն իրավիճակից չե՞ն օգտվի մեր թշնամիները:
Տպավորությունս այդպիսին է, կարծես այս ամենը մեզ չի վերաբերում : Եվ ինձ զարմացնում է այս իրավիճակը: Հայաստանի իշխանություն կոչվածը, միայն մտածում է իր իշխանությունը պահելու մասին: Իշխանությունում գտնվողներն իրենց մտավոր ունակություններով եւ կարողություններով, կարծես ի վիճակի էլ չեն այս իրավիճակը գնահատելու եւ հետեւություններ անելու: Մյուս կողմից էլ, կարծես այս ամենից անհանգստացող մարդկանց համախմբում ,լուրջ ընդվզում չկա: Մի քանի տարբեր տիպի նախաձեռնություններ եղան՝ դիմադրության շարժում ստեղծելու, բայց դրանք մնացին օդի մեջ, մարեցին: Տպավորությունս այնպիսինն է, որ այս ծանր իրավիճակում, քաղաքական ուժերը ոչ այնքան մտածում են իրավիճակի փոփոխության մասին, որքան միմյանց նկատմամբ փոխադարձ խանդով են վերաբերվում, համախմբում տեղի չի ունենում եւ այս ամենից, թերեւս, կարելի է հռետորական մի եզրակացության հանգել, որ եթե ինքը չի գալիս իշխանության, ապա այս ապիկար իշխանությունը թող մնա:
Կարդացեք նաև
-Ի դեպ, վերջերս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր մեղադրել «երեք ճամբարներին»՝ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացառապես իշխանության ձգտելու եւ այդ ճանապարհին պետական շահի իսպառ բացակայության մեջ:
– Կարելի էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քննարկել, որոշ կետեր ընդունելի համարել, եթե… եթե այդ նույն միտումը նրա այդ հայտարարության մեջ չլիներ:
-Իր ճամբարն է՞լ է ձգտում իշխանության՝ «պետական շահի իսպառ բացակայությամբ»:
– Այո, ամբողջ հարցը դա է: Հայաստանում կա մի մեծ խնդիր. որեւէ քաղաքական ուժ, որեւէ քաղաքական գործիչ, երբեւէ չի ընդունել իր սխալները: Եվ կարծես թե անսխալական լինի առաջին նախագահն ու իր անսխալական բարձունքից այսպիսի հայտարարություններ է անում: Որովհետեւ այն, ինչն ինքն ասում է նրանց՝ վերեւից, այդ ամենը վերաբերվում է իրեն՝ իր իշխանության եւ իր ընդդիմություն եղած ողջ ընթացքի գործունեությանը:
Ես շատ կցանկանայի, որ Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները մոռանային միմյանց նկատմամբ հակասությունները եւ թշնամությունը և անկեղծ, համատեղ հայտարարություն անեին՝ բոլորն ընդունելով իրենց իշխանության տարիներին թույլ տված սխալները: Այդ հայտարարության մեջ լիներ նաեւ մի ընդհանուր կոչ՝ իրավիճակի փոփոխության եւ մի ընդհանուր խոստում՝ իրենց նպատակը իշխանության հասնելը չի:Ավելին, կոչին կարող են միանալ բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր անկեղծ ցավ են զգում Արցախի կորստի և անհանգստություն Հայաստանի առջև կանգնած վտանգների համար։ Ցավոք, առաջին նախագահի հայտարարության մեջ ես այդպիսի միտում չզգացի: Միայն վերամբարձություն:
-Ուշագրավ էր, որ առաջին նախագահի այս հայտարարությանն արձագանքեց Հայաստանում քաղհասարակության կարկառուն դեմքերից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը: Նա, ի դեպ, ֆեյսբուքյան իր գրառման մեջ առանձնացրել էր միայն Նիկոլ Փաշինյանին վերաբերվող հատվածը եւ Տեր-Պետրոսյանին հիշեցրել 1995-96 թվականների կեղծված ընտրությունները եւ այդպիսով իշխանություն պահպանելը: Սրան ի՞նչ մեկնաբանություն ունեք:
– Անկեղծ ասած, չէի ցանկանա անդրադառնալ այդ անձնավորության գրառումներին, բայց քանի որ հարցը տվեցիք՝ պատասխանեմ: Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ էին նա եւ իր աջակիցները 2008 թվականին կրծքով պաշտպանում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Եթե 1995-96 թվականներին այդպիսի դեպքեր էին եղել առնվազն այդ երկու ընտրությունների հետ կապված, ապա ի՞նչ էր նշանակում քաղհասարակության մի քանի հայտարարությունները՝ ի աջակցություն գործող իշխանության, նաեւ նշելով, որ Դատաիրավական բարեփոխումների նախագծով նախատեսված փաստահավաք հանձնաժողովը զբաղվելու է վերջին 20 տարիների ընտրական կեղծիքների վերհանմամբ եւ արդարության հաստատմամբ: Այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները դուրս դնելով այդ շրջանից: Ես պետք է խոստովանեմ, որ թուլություն եմ ունեցել 2018 թվականի վերջին, չնայած պնդում էի իմ ասածը, բայց, ի վերջո, տեղի տվեցի եւ մեր կազմակերպության ստորագրությունը նույնպես եղավ այդ «20 տարի» չարաբաստիկ թղթի տակ, որի համար ես զղջում եմ: Բայց, դրանից հետո, մի քանի անգամ ևս եղան այդպիսի հայտարարություններ՝ առանց մեր կազմակերպության ստորագրության:
Արդ, ինչո՞ւ էիք գրում 20 տարի եւ ոչ թե 30 տարի. սա էլ երկրորդ հարցն այդ անձնավորությանը եւ նրա համախոհներին:
-Պարոն Իշխանյան, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նոր փուլ է սկսվել, նախորդը կիսատ մնաց համավարակի, ապա պատերազմի արդյունքում: Ձեր կազմակերպությունը չմասնակցեց հանձնաժողովի խորհրդի մրցույթին: Պատճառը ո՞րն է:
-Պատճառները մի քանիսն են: Առաջին՝ մեզ մոտ ավանդույթ է ստեղծվել, որ ամեն նոր եկած երկրի ղեկավար նոր Սահմանադրություն է բերում՝ իր հեղինակած Սահմանադրությունը: Սա ինձ համար անընդունելի է: Գործող Սահմանադրության թերություններին եթե անդրադառնանք, եթե դրանք, ասենք, իշխանության տարանջատման սկզբունքներն են, հիմնական խնդիրն այն է, որ դա Սահմանադրության հետ կապ չունի: Խոսքը վերաբերվում է ԱԱԾ, քննչական մարմինների, ոստիկանության՝ վարչապետին կից մարմիններ լինելուն, որի անունը սուպերվարչապետություն է: Կարելի է այնպիսի օրենքներ ընդունել, որ այդ մարմինները դառնան վարչապետից անկախ եւ դրանով էլ իշխանությունների տարանջատման հարցը կլուծվի: Էլ չեմ ասում այն մասին, որ դատարանները, որոնք «դե յուրե» անկախ են, այս իշխանության տարիներին փորձ է արվում դատավորներին ստրկացնել, մասնավորաբար, Գագիկ Ջհանգիրյանին կեղծիքներով դարձնելով ԲԴԽ նախագահ: Այսինքն, այստեղ խնդիրը ոչ թե իշխանության տարանջատումն է, որը տանում է դեպի իրավական պետություն, այլ խնդիրն ուրիշ տեղ է թաքնված: Իմ կարծիքով, ամենայն հավանականությամբ, վարչապետ կոչեցյալը ցանկանում է նախագահական համակարգ հաստատել եւ դառնալ նախագահ, որպեսզի պատասխանատվություն չկրի, այլ միայն իշխի, գոռգոռա իր ստրուկ-նախարարներ-պատգամավորների վրա և վայելի կյանքը, քանի որ վարչապետի պատասխանատվությունն ավելի երեւացող է:
Եվ երկրորդ՝ ամենամեծ անհանգստությունը, որի մասին շատերն են ասում, Սահմանադրության նախաբանի փոփոխությունն է պատճառը՝ Արցախի հետ կապված: Ու, հավանաբար, այս համատեքստում է տեղական ինքնակառավարման մարմինների զավթումը՝ բոլոր մեթոդներով, որպեսզի հանրաքվեն կեղծիքներով կարողանան անցկացնել, իսկ նույն քաղհասարակությունը, հիշե՛ք, այդ հանրաքվեն կհայտարարի ազատ և արդար։
Նաեւ մի բան է շատ հստակ. այն իշխանությունը, որի առնվազն ապիկար կառավարման հետեւանքով, որովհետեւ տարբեր կարծիքներ կան՝ ընդհուպ դավաճանություն, մենք կորցրեցինք Արցախը, այդքան զոհեր տվեցինք եւ այսօր վտանգի տակ է Հայաստանի հանրապետությունը, այդ իշխանությանը ես համարում եմ, ոչ միայն ոչ լեգիտիմ՝ անկախ կեղծված ընտրությունների արդյունքներից, որոնք իրենք համարում են ազատ եւ արդար՝ չնկատելով վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ դեպքեր, զինվորների քվեարկությունը եւ այլն:Սակայն, ինձ համար խնդիրը միայն, այսպես կոչված լեգիտիմության մեջ չէ։ Նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, համարելով, որ ընտրությունները կեղծվել են և միշտ քննադատելով իշխանություններին, այնուամենայնիվ, շատ հարցերում, այո՛ համագործակցել եմ, օրինակ՝ բանտային բարեփոխումների, տարբեր օրենքների քննարկման, մասնավորապես, խաղաղ հավաքների օրենքի և այլն։ Միայն պատերազմի պարտությունն արդեն բավարար է, որ այս իշխանության, նույնիսկ մեկ օր իշխանության լինելը, մեղմ ասած անընդունելի լինի բոլոր նրանց համար, ովքեր նվազագույն արժանապատվության զգացում ունեն։Ես համարում եմ, որ այսօրվա իշխանությունները կատարում են մեր թշնամիների՝ թուրք-ադրբեջանական ծրագիրը,և իրենց խոսքերով, նաև մասնավորաբար, ճանապարհների բացման եւ հնարավոր միջանցքի տրամադրման ծրագիրը՝ արժանապատիվ կեցվածքով:
Այս իշխանությունների հետ ցանկացած համագործակցություն, ես համարում եմ կոլաբորացիոնիզմ: Չեմ ընդունում այս իշխանությունների հետ որեւէ համագործակցություն: Եվ այն անձինք, թող ինձնից չնեղանան, ովքեր համաձայնվել են դառնալ մաս այդ սահմանադրական կոչվող փոփոխությունների, նրանք հլու-հնազանդ կկատարեն վարչապետի ցուցումները, քանի որ այդ մարդկանց ընդգրկելը հանձնաժողովի խորհրդում, պարզ է, եղել է իր համաձայնությամբ: Ինչպես այսպես կոչված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի իբր ընտրությունն էր, որն արդեն կանխորոշված էր, նույն կերպ կանխորոշված էր այդ անդամների «ընտրությունը»: Ես նրանց համարում եմ կոլաբորացիոնիստներ, որ նրանք համագործակցում են Արցախը հանձնած,Հայաստանը պարտության մատնած, Հայաստանը նվաստացրած իշխանության հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ