Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի գնի բարձրացման այս տարբերակը վատագույնն է». «Փաստ»

Հունվար 22,2022 09:30

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվել յանի կարծիքով, ապրիլի 1-ից սպասվելիք գազի թանկացումը հարված է հասցնելու տնտեսության բոլոր ճյուղերին:

«Օրերս հրապարակված հայտարարության մեջ խորամանկ ձև է օգտագործվել: Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ ապրիլի 1-ից սահմանին գազի գնի նոր սակագին կունենանք: Սահմանին գազի գինն ավելանում է մոտ 13 դոլարով կամ ընդհանուր գնի մոտ 6 տոկոսի չափով, ինչն արդեն նաև Հայաստանի ներսում է գազի սակագնի բարձրացման հանգեցնելու: Ես նախկինում հարցազրույցների ժամանակ նշել էի, որ սահմանին ներկայումս գործող սակագինը երկար չի պահպանվի, և վաղ թե ուշ գները փոխվելու են: Նույնիսկ եթե գազի գինը սահմանին չբարձրացվեր, «Գազպրոմ Արմենիան» վաղուց ՀՀ ներսում գազի սակագնի բարձրացման հարցով համապատասխան մարմիններին դիմելու մտադրություն ուներ: Հիմա, սակայն, գործընթացը կատարվել է վատագույն տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը:

Շեշտելով գնի բարձրացման ձգձգվող գործընթացի, նաև հայտարարված բանակցությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե այն ժամանակ քայլեր ձեռնարկվեին «Գազպրոմի» և, ընդհանրապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, համոզված եմ, որ գնի հետ կապված խնդիրները կլուծվեին: Բայց 2018-ին քանդեցին այդ հարաբերությունները, ինչի հետևանքը եղավ այն, որ գազի գինը 2019-ին բարձրացավ, հիմա էլ, փաստացի, ապրիլի 1-ից գնի բարձրացման փաստի առաջ ենք կանգնելու: Իհարկե, մինչ այս շատ մասնագետներ գլխի էին ընկել, որ ինչ-որ գաղտնի բանակցություններ են վարվում, բայց դրանց մասին երբեք որևէ հայտարարություն չի եղել, ու հիմա արդեն փաստի առաջ են մեզ կանգնեցնում: Ինֆորմացիայի բացակայությամբ պայմանավորված՝ անգամ չգիտեմ՝ այդ բանակցություններն իրականում վարվել են, թե ոչ: Եվ եթե անգամ նման բանակցություններ վարվել են, ապա դրանք շատ վատ ընթացք են ունեցել, որովհետև գազի գնի նման բարձրացումը նախօրոք պետք է հաշվարկած լինեին»:

Այս համատեքստում փորձագետը շեշտեց, որ ապրիլի 1-ից գազի գները բարձրացնելու որոշման մասին հունվարի վերջին հայտարարելն իր հերթին է խնդիրներ առաջացնելու: «Սա շատ վատ կանդրադառնա տնտեսության վրա: Խոսքը տնտեսական բոլոր սուբյեկտների մասին է, որոնց թվում՝ նաև ջերմատնտեսություններն են, գյուղատնտեսությունը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունը: Եվ ամենաբացասական հանգամանքն այն է, որ գները բարձրանում են նաև սոցիալապես անապահով խավերի համար: Եթե նախկինում 600 խմ գազ սպառելու դեպքում վճարում էին տարեկան 100 հազար դրամ, ապա այս ֆորմուլան հիմա փոխվել է՝ դառնալով 135 հազար դրամ: Բացի այդ, 600 խմ-ից ավելի սպառելու դեպքում նոր հաշվարկներ են լինելու: Ջերմակայանների համար ևս գները բարձրանում են: Հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40 տոկոսը ջերմակայանների վրա է ընկնում, սա նշանակում է, որ կրկին էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարց առաջ կգա: Այս ամենի հետևանքով կթանկանա ջերմոցային արտադրանքը: Թանկացում կլինի նաև տրանսպորտի պարագայում, քանի որ հսկայական մասը գազով է աշխատում: Կբարձրանան նաև բեռնափոխադրման ծառայությունների գները: Մենք գործ ունենք մի ամբողջական շղթայի հետ: Այս ամենը տնտեսության բոլոր ճյուղերին է հարվածելու: Գազի գնի բարձրացման այս տարբերակը վատագույնն է, բայց ներկա իշխանությունների պարագայում այլ տարբերակ դժվար էր սպասել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31