«Մասնագիտական կարողություններ, կամք, վճռականություն եւ ունակություն. սա է բանաձեւը՝ Հայաստանը դարձնելու մեր տարածաշրջանում սեփական, ուրույն դիմագիծ ունեցող պետություն, այլ ոչ թե հանդես գալու այնպիսի լղոզված կարգավիճակում, ինչպիսին, ցավալիորեն, մենք այժմ գտնվում ենք: Զիջել եւ հանգիստ ապրելու այդ մտայնությունն ուղղակի կործանարար մտայնություն է, որովհետեւ, վերջում ուղղակի զիջելու բան չի մնալու». «Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը:
– Օրերս դուք շրջանառության մեջ դրեցիք մի թեզ՝ «Արցախը ետ բերենք, որ լավ ապրենք»: Հակառակ թեզը հանրային գիտակցության մեջ արմատավորելու համար տասնամյակներ պահանջվեցին: Հիմա, երբ աշխարհաքաղաքական զարգացումներում փոփոխություններ են լինում ժամերի կտրվածքով եւ երբ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կոտրված, ընկճված, բարոյալքված վիճակում են, այդ թվում նաեւ հերթական պատերազմին պատրաստ լինելու առումով, ինչպե՞ս եք պատկերացնում այդ թեզի արմատավորումը:
– 44 –օրյա պատերազմը եւ դրան հետեւած գործընթացները՝ ողջ տարածաշրջանում, ցույց տվեցին, որ Արցախը չափազանց կարեւոր է ՀՀ-ի համար: Այսինքն, ըստ էության, այդ կեղծ թեզը, որը տասնամյակներ շարունակ փաթաթվել էր մեր բնակչության վզին, թե Արցախը բեռ է Հայաստանի համար, Արցախից պետք է ազատվել եւ դա արվում էր հնարավոր բոլոր խողովակներով եւ բոլոր միջոցներով, ցավալիորեն պատերազմի հետեւանքով, փաստացիորեն ապացուցեց իր կեղծ բնույթը: Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ-ի զարգացման համար անհրաժեշտ է Արցախի հետ մեր միավորումը. դրա համար զանազան եղանակներ կան, նախ՝ Արցախի անկախությունը, ապա միավորումը, որովհետեւ վերջնական նպատակը, բոլորս էլ հասկանում ենք, որ դա է լինելու: Դա ազդել է նաեւ մեր թե անվտանգային բացադրիչի վրա, որը առաջին հայացքից շատերի համար միգուցե շոշափելի չի երեւում, թե տնտեսական կյանքի վրա, այդ մասին տնտեսական խնդիրներով զբաղվող մասնագետներն արդեն խոսում են, թե, ընդհանրապես, բարոյահոգեբանական իրավիճակի վրա: Այլ խոսքով, այո, միանշանակ է եւ ակնհայտ, որ Արցախը եւ Հայաստանն անքակտելիորեն լրացնում են մեկը մյուսին, որպես հայկական պետական ավանդույթի կարեւորագույն երկու բաղադրիչներ: Ուստի, այս երկու բաղադրիչներից որեւէ մեկից «ազատվելու» անորոշ ձգտումը բերում է մյուսի թուլացմանը եւ խոցելի դառնալուն, ինչի ականատեսն ենք մենք հիմա: Հետեւաբար, ակնհայտ է, որ Արցախից բռնազավթված տարածքները այո, պետք է հետ վերադարձվեն, որպեսզի Հայաստանում մարդիկ կարողանան լավ ապրել: Եվ այդ «լավ ապրելու» հասկացությունն էլ մենք պետք է հստակորեն սահմանենք: Լավ ապրելը չի նշանակում, թե Հայաստանը մոտակա տարիներին կարող է ունենալ այնպիսի կենսամակարդակ, ինչպիսին, դիցուք, Կենտրոնական Եվրոպայում է: Ոչ եւ կրկին անգամ՝ ոչ: Մենք մեր հասարակությանը չպետք է սին հույսերով փայփայենք: Մեր տարածաշրջանում առաջնահերթ է անվտանգությունը, այդ անվտանգությունից է բխում գրեթե ամեն ինչ, այդ թվում նաեւ լավ ապրելը, իսկ Արցախը ՀՀ-ի անվտանգությունն ապահովող կարեւորագույն խնդիր էր լուծում:
– 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, տարբեր քաղաքական գործիչներ, առաջինը, կարծեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսեց Հադրութը եւ Շուշին ետ վերադարձնելու հնարավորության մասին, բայց ի՞նչ մեխանիզմներով է դա հնարավոր, չի բարձրաձայնվում: Հասկանալի է, որ հարցը եւ քաղաքական եւ ռազմական հարթությունում է եւ շատ բաներ բարձրաձայնման ենթակա չեն, բայց գուցե արժե՞ խոսել այդ մասին, որքանով որ հնարավոր է:
– Մի կարեւոր հանգամանք կա. շատերին թվում է, թե պատերազմն ավարտվել է, այնինչ պատերազմը չի ավարտվել եւ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե պատերազմի ավարտի մասին հայտարարություն է, այլ պատերազմում հրադադարի մասին հասնելու հայտարարություն է: Հետեւաբար, մենք փաստացիորեն, գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ որեւէ մեկը չի կարող պնդել, որ պատերազմը, դիցուք, վաղը չի վերսկսվի: Սա չի նշանակում, թե մենք պետք է խուճապի մատնվենք, բայց խաղաղության մասին խոսելը դեռ չի նշանակում, թե դրանով կանխում ես պատերազմը: Հետեւաբար, ցանկացած գործիքակազմ պետք է կիրառվի, որպեսզի ապահովվի ՀՀ-ի անվտանգությունը. եթե այդ գործիքակազմում կա ռազմական բաղադրիչ, պետք է կիրառվի, կա տնտեսական բաղադրիչ, պետք է կիրառվի, քարոզչական եւ բազմաթիվ այլ բաղադրիչներ: Այսինքն, մենք չպետք է հանգստանանք եւ մտածենք, որ որեւէ բան զիջելով՝ թշնամական կողմը բավարարվելու է: Ոչ: Բաքվի բռնապետի սահմանած կարմիր գիծն անցնում է Սյունիքով, նա նույնիսկ Սյունիքից չի ուզում հրաժարվել, որը երբեւիցե նրան չի պատկանել: Հետեւաբար, զիջել եւ հանգիստ ապրելու այդ մտայնությունն ուղղակի կործանարար մտայնություն է, որովհետեւ, վերջում ուղղակի զիջելու բան չի մնալու:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է հաջողության հասնելու ուղիներին, ապա դրանք բավական պարզ են եւ ընկալելի. ՀՀ-ն պետք է զարկ տա իր անվտանգային համակարգի վերականգնմանը՝ այդ համակարգի բոլոր բաղադրիչներով անխտիր՝ սկսած բանակից, վերջացրած անվտանգության այլ բաղադրիչներով: Միայն այդ պարագայում մենք կարող են ակննկալել, որ հնարավոր կլինի կորցրածը hետ բերել:
– Իշխանությունը խոսում է բանակի բարեփոխումների մասին, անգամ օրենսդրական ամրագրումներ եղան, բայց տարբեր փորձագետների եւ մասնագետների գնահատականներով, այդպիսով իշխանությունն անցնում է բանակը կազմաքանդելու հաջորդ փուլին: Հետեւաբար, այս իշխանությամբ ինչպե՞ս ենք իրականացնելու ձեր նշածը:
– Մենք պետք է տարբերենք առաջնային խնդիրները երկրորդականից: Ակնհայտ է, որ խնդիրների մեծ մասը կապված են ներկա իշխանության գործելաոճի հետ: Հետեւաբար, մենք, ասեմ այսպես, համեմատաբար փոքր հարցեր ենք քննարկում՝ այստեղ սա կատարվեց, պետք է վերականգնել, մյուս տեղում՝ այլ բան, իրականում ամեն ինչ պետք է փոխկապակցել այս իշխանության հետ. այս իշխանությունը պետք է հեռանա, ձեւավորվի ՀՀ նոր իշխանություն, որը հիմնված կլինի արժանավորների կառավարման վրա: Ըստ էության, արհեստավարժ կառավարություն, արհեստավարժ մարդկանց խումբ կձեւավորվի, որը հստակ ծրագիր կներկայացնի՝ Հայաստանն այս դժվար կացությանից դուրս բերելու համար եւ ունակ կլինի այդ ծրագիրը կյանքի կոչելու: Այսինքն, մասնագիտական կարողություններ, կամք, վճռականություն եւ ունակություն. սա է բանաձեւը՝ Հայաստանը դարձնելու մեր տարածաշրջանում սեփական, ուրույն դիմագիծ ունեցող պետություն, այլ ոչ թե հանդես գալու այնպիսի լղոզված կարգավիճակում, ինչպիսին, ցավալիորեն, մենք այժմ գտնվում ենք:
– Մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում այս իշխանությունը ստացավ լեգիտիմություն, հետեւաբար, ինչպե՞ս լուծել իշխանության հեռացման խնդիրը, երբ ընդդիմությունն էլ բավական իներտ է:
– Մի բան հասկանանք՝ լեգիտիմություն կոչվածը ստացվել է մանիպուլյատիվ եղանակով: Արդյո՞ք, նախընտրական ժամանակահատվածում մեր հասարակությանն ասել են, որ, դիցուք, որոշ ժամանակ հետո չի գործելու Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը: Որեւէ մեկն այդ մասին ասել է եւ դրան համաձա՞յն է եղել մեր հասարակությունը: Արդյո՞ք, մեր հասարակությանն ասել են, որ Ադրբեջանի հետ քննարկելու են ՀՀ-ի ինչ-որ տարածքի, որը մեկնաբանվում է որպես անկլավ, հետ վերադարձի հարցը: Արդյո՞ք ընտրողին ասել են շատ խիստ կենցաղային խնդիր՝ դիցուք, թանկանալու է էլեկտրաէներգիան, թանկանալու է գազը: Արդյո՞ք, ընտրողն այս իշխանությանը քվեարկել է դրա համար: Ընտրողներին ներկայացվել է բոլորովին այլ բան, իրականացվում է այլ բան: Այսինքն, մենք գործ ունենք մանիպուլյատիվ եղանակով ձեռք բերված «լեգիտիմության» հետ, որը չի կարող երկար կյանք ունենալ: Իրավիճակն օրըստօրե փոխվում է եւ եթե դու ապրում ես Հայաստանում, ապա դու տեսնում ես այդ փոփոխությունը:
Ինչ վերաբերվում է ընդդիմության գործելաոճին, ապա, կարծում եմ, այստեղ նույնպես, թե նախընտրական շրջանում, թե ընտրական, թե հետընտրական զարգացումներում, բնականաբար, շտկելու շատ բաներ կան: Ամենաընկալելի մոտեցումը Հայաստանում պետք է լինի մեկը՝ հասարակությանը ներկայացնել իրերի իրական վիճակը եւ փորձել բացատրել, թե ինչպիսի՞ լուծումներ կան այդ խնդիրները հաղթահարելու համար, որովհետեւ, մեկ անգամ արդեն մենք տեսել ենք, թե պոպուլիստական կարգախոսները ինչի կարող են հանգեցնել, ինչպիսի աղետալի իրավիճակի առջեւ կարող են կանգնեցնել մեր երկիրը: Ուստի, ՀՀ-ում պոպուլիզմը պետք է բացառվի ի սկզբանե:
– Բաքվի հետ ՀՀ իշխանության օրակարգում է զորքերի հայելային ետ քաշումը, ինչի մասին մի քանի պաշտոնական հայտարարություն եւ հաղորդագրություն եղավ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ երեկ հստակեցրեց, որ հայելային ետքաշումը ԽՍՀՄ քարտեզների հիման վրա պետք է լինի՝ չհստակեցնոլով, ո՞ր քարտեզների: Ենթադրաբար այն, որը իշխանությունը հիմք է ընդունում սահմանագծման-սահմանազատման գործընթացի համար: Եթե առաջարկն ընդունվի Ադրբեջանի կողմից, փաստացի ի՞նչ իրավիճակի կհանգենք:
– Տեսեք, կրկին մեզ պարտադրվում է կեղծ օրակարգ՝ ԽՍՀՄ քարտեզ: ԽՍՀՄ- ներսում, հանրապետությունների միջեւ, միջպետական սահմաններ գոյություն չեն ունեցել, դրանք եղել են խիստ պայմանականորեն վարչական սահմաններ, որոնք կարող էին ժամանակին փոփոխվել՝ տարբեր կոլտնտեսությունների միջեւ ձեռք բերված համաձայնության հետեւանքով: Հետեւաբար, ի՞նչ ԽՍՀՄ քարտեզի մասին է խոսքը: Ընդհանրապես, Հայաստանն իր այս հետանկախական շրջանի ամենաթույլ իրավիճակում որեւէ պարագայում չպետք է գնա սահմանագծման-սահմանազատման: Ադրբեջանական կողմն, անշուշտ ցանկանում է դա, որովհետեւ փորձում է հավերժացնել իրերի դրությունը, որն այժմ առկա է: Մենք պետք է այնքան հմտություն, ունակություն, դաշնակիցների եւ բարեկամների հետ աշխատելու կարողություն ունենանք, որպեսզի փորձենք խուսափել այդ գործընթացից: Բայց դա պետք է արվի զուգահեռ՝ ՀՀ հզորացմանը, հատկապես անվտանգային հարցերում: Հակառակ պարագայում, ժամանակ ձգձգելու «տրամաբանությունը» չի կարող արդյունավետ լինել:
– Աշխարհաքաղաքական զարգացումներն այս պահին ՌԴ-ԱՄՆ հակադրության սրացում, ընդհուպ մինչեւ բախում են կանխատեսում Ուկրաինայում: Այդ զարգացումներն ի՞նչ անդրադարձ կունենան ՀՀ-ի վրա՝ նկատի ունենալով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է ու շատ կարեւոր երկիր ԱՄՆ-ի համար, միաժամանակ, նաեւ ՌԴ-ի համար է կարեւոր երկիր՝ երկու երկրների տնտեսական եւ ռազմական համագործակցության համատեքստում: Ի՞նչ սպասել մոտակա զարգացումներից:
– Հենց այդ զարգացումներն էլ ցույց են տալիս, թե որքան կարեւոր է այն միտքը, որ Հայաստանն առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնի իր անվտանգության վերականգնման վրա, որի բացադրիչներից մեկն էլ բանակն է: Մեր տարածաշրջանում փոխվել է իրավիճակը, բայց նոր իրավիճակ չի հաստատվել: Այսինքն, մենք ըստ էության, գործ ունենք որոշակիորեն դինամիկ կերպով փոփոխվող զանազան խաղացողների շահերի հետ, զանազան գործընթացների հետ, որոնցում կան բազմաթիվ մարտահրավերներ եւ ռիսկեր, բայց նաեւ հնարավորություններ: Հետեւաբար, պետական մտածողությունը եւ պետություն կառուցելու մտայնությունն, ըստ էության, պետք է հանգի նրան, որպեսզի ցանկացած գործիչ վեր կանգնի իր անձնական եւ խմբակային շահերից՝ առաջնայնություն տալով ՀՀ պետական շահերին: Եթե այդ պետական շահը պահանջում է, որպեսզի այսօր իշխանության մեջ գտնվող ցանկացած մեկը հեռանա, ապա նա պետք է հեռանա անխոս: Հայաստանի պետականությունը չափազանց թանկ է, որպեսզի զոհաբերվի որեւէ մեկի անձնական շահերը սպասարկելուն: Հայկական պետականությունն է այն մեկնակետը, որը ապահովելու է մեր ժողովրդի շարունակականությունը: Հակառակ պարագայում, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, բազմաթիվ պետություններ են եղել պատմության ընթացքում, որոնք չունենալով պետականություն կամ կորցնելով այն՝ լքել են պատմության ասպարեզը: Ուստի, մենք պետք է օգտվենք, թեկուզ թուլացած, բայց այնուհանդերձ, մեր պետականության առկայության հանգամանքից եւ անխտիր բոլոր ուժերով լծվենք այդ պետականության զարգացման գործին՝ վեր կանգնելով խմբային, անձնական, անհատական բոլոր տիպի շահերից:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
21.01.2022