Հարցազրույց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ
– Պարոն Սաթյան, 2013-ից ղեկավարում եք Կոմպոզիտորների միությունը, որի 90-ամյակն է այս տարի։ Հավանաբար աշնանը կկայանա միության նախագահի ընտրություն։ Մեր նպատակը, մեծ հաշվով, ձեր հաշվետվությունը լսելը չէ, քանի որ «Առավոտը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայաստանյան ստեղծագործական միությունների գործունեությունը, այդ թվում՝ նաեւ կոմպոզիտորների։ Բայց կուզեինք իմանալ՝ դուք պատրաստվո՞ւմ եք եւս մեկ անգամ առաջադրվել։ Մի բան էլ. հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք գնահատում ձեր աշխատանքը։
– Բարձրաձայնեմ, որ ահռելի գործ է արված միությունում, բայց ինձ մշտապես հետապնդում է այն միտքը, որ ավելին կարելի էր անել այս տարիների ընթացքում։ Կուզեի ընդամենը մի փաստ արձանագրել. միությունը վերջապես կարողանում է ինքնուրույն լուծել իր խնդիրները։ Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին, եթե միության անդամները ցանկություն հայտնեն ինձ տեսնել նախագահի պաշտոնում՝ կառաջադրվեմ։ Կրկնում եմ՝ ահռելի գործ է արված։
– Վստահ ենք՝ միության հոբելյանը կնշվի պետական մակարդակով։ Բայց այդ առիթով կուզեինք տեղեկանալ ձեր ծրագրերին։
Կարդացեք նաև
– Նախեւառաջ նախատեսվում են ընթացիկ համերգներ՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, ժողովրդական երաժշտության, փոփ, մի խոսքով՝ երաժշտարվեստի բոլոր ժանրերում։ Նախապես պայմանավորվածություն ունենք պետական երաժշտական կոլեկտիվների հետ, որոնք, ի դեպ, ինչպես միշտ, սիրով արձագանքեցին։ Ընդ որում, կայանալիք երեկոների ընթացքում կհնչեն վերջին տարիներին մեր կոմպոզիտորների ստեղծած գործերից, որոնք մեծ հաշվով պրեմիերաներ են։ Հասկանալի է, որ համավարակի բուռն շրջանում ու դրան հաջորդող ժամանակահատվածում նոր ստեղծագործություններ չներկայացվեցին հանդիսատեսին։ Իհարկե, համավարակը դեռ չի նահանջել, բայց ծրագրել ենք անցկացնել փառատոներ՝ նվիրված ժամանակակից հայ կոմպոզիտորների կամերային երկերին, ընդ որում՝ ոչ միայն հայաստանցի։ Ժամանակացույցը հստակ է՝ հուլիսի 3-8-ը, Դիլիջանում։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել պաշտպանության նախարարության հետ՝ փողային երաժշտության փառատոնի անցկացման առիթով, որտեղ կհնչեն քայլերգեր, կարճ ասած՝ հայրենասիրական ստեղծագործություններ։ Մայիսին Դիլիջանում, Էջմիածնում կկայանան ժամանակակից երաժշտության կոնֆերանս-համերգներ։ Կարծում ենք՝ այն կհետաքրքրի, քանի որ կներկայացվեն կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք համեմված են ազգային երաժշտությամբ։ Ինչպես միշտ, մեր ուշադրության կենտրոնում են ստեղծագործությունների տպագրության խնդիրները։ Կհրատարակվեն մանկական, կամերային, խմբերգային երաժշտության ժողովածուներ, որոնք նախատեսված են երաժշտական հաստատությունների համար։
Կուզեի նշել միության նախաձեռնությամբ միջոցառումները հայաստանյան մարզերում՝ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ այլն։ Փառատոնային ձեւաչափով, իհարկե, միության նախաձեռնությամբ, հայկական երաժշտության նմուշները կներկայացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, հնարավոր է նաեւ Շվեյցարիայում, Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ այլն։ Ինչպես գիտեք՝ մեր ուշադրության կենտրոնում են նաեւ կոմպոզիտորների հոբելյանները։ Օրինակ, անցյալ տարի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպեցինք Կոնստանտին Պետրոսյանի հեղինակային երեկոն։ Վերջին տարիներին, ինչպես ընդունված է ասել՝ մեր կոմպոզիտորները կատարվում են նաեւ արտերկրում։
– Մենք լուսաբանել ենք միության կողմից 2020թ. առցանց անցկացված միջոցառումները։ Ընթերցողին հիշեցնենք առաջին անգամ հայ մշակութային իրականության մեջ միության նախաձեռնությամբ իրականացված Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների առաջին մրցույթը, որը ինչպես հավաստիացրել էիք, կդառնա ամենաամյա։ Ընդ որում՝ երեխաները տանը ձայնագրել էին իրենց ստեղծագործությունները, որոնք հետո հեռարձակվեցին կոմպոզիտորների միության, ԿԳՄՍ նախարարության եւ կոնսերվատորիայի պաշտոնական օնլայն հարթակներում։ Կամերային երաժշտության տանը կազմակերպվեց առցանց համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոբելյանին եւ այլն։ Իհարկե, համեստորեն չեք բարձրաձայնում, բայց հիշում ենք պատերազմի օրերին Արցախին կոմպոզիտորների միության աջակցության մասին… Միության որոշ անդամների հայրենասիրական երգերը վերածվեցին տեսահոլովակների, որոնցից մի քանիսի յութուբյան ցուցադրությունից հետո հանգանակված գումարները ուղղվեցին համահայկական հիմնադրամ կամ տրվեցին վիրահատության կարիք ունեցող զինվորներին… Չենք կարող չհետաքրքրվել նաեւ Դիլիջանի ստեղծագործական տան վերանորոգմամբ։
– Ցանկությունս շատ մեծ է, որ Դիլիջանը դառնա երաժշտական էսթետիկական կենտրոն եւ ծառայի հայ ժամանակակից երաժշտության պրոպագանդմանն ու տարածմանը։ Հասկանալի է Դիլիջանի ստեղծագործական տան մասին ձեր հետաքրքրությունը…
– Ժամանակին շատ էր խոսվում ստեղծագործական տան անմխիթար վիճակի մասին, թեեւ վերջին շրջանում ասում են, որ անմխիթար վիճակից այն դուրս է եկել։
– Մենք գտել ենք լուծումներ, որոնք նպաստում են ստեղծագործական տան համբավը վերականգնելուն…
– Լուծումներ ասելով նկատի ունեք ներդրումներ, չէ՞։
– Իհարկե՝ այո։ Մեծ ներդրումներ են արվել։ Եվ հավաստիացնում եմ, որ մոտակա ժամանակներում այն լիովին ու լիարժեք կվերանորոգվի։
– Կարելի՞ է ենթադրել, որ ներդրողներին «գտել» եք բացառապես ձեր կապերի շնորհիվ։
– Ես էլ եմ գտել, եղել է, որ իրենք են առաջարկել… Նշեմ նաեւ, որ այսօր միությունը լծակներ չունի եւ, այո, մեծ դեր են խաղում անձնական կապերը։ Եվ մի ոչ պակաս կարեւոր փաստ. հաճախ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման ու լուսաբանման համար միջնորդ է հանդիսանում ԿԳՄՍ նախարարությունը։ Չէ՞ որ պետական երաժշտական կոլեկտիվները նրա ենթակայության են։ Ցավում եմ միայն, որ մեծակտավ ստեղծագործությունների, օրինակ՝ օպերաների համար միջոցները չեն բավականացնում։
– Պարոն Սաթյան, հասկանալի է, որ կարելի է դեռ երկար խոսել, թվարկել միության կազմակերպած ու անցկացրած միջոցառումների մասին։ Իսկ ձեզ ստեղծագործելու ժամանակ մնո՞ւմ է։ Մեր դիտարկմամբ՝ ձեր գործերն ավելի շատ հնչում են արտասահմանում, քան մեզ մոտ։ Օրինակ՝ 2015թ., 2020թ. ԱՄՆ-ում հանդես եկաք հեղինակային համերգներով եւ այլն։
– Այս պահին շատ կուզեի մեր օպերային թատրոնում բեմադրվեր «Փոքրիկ Ցախեսը» օպերաս՝ ըստ Հոֆմանի համանուն հեքիաթի։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.01.2022
Պատասխաննորն միակողմանի են՝ պ-ն Սաթյանը չի խոսում Միության թերությունների մասին. իսկ դրանք շատ են: Չի վերացվել Սև ցուցակը՝ միության անդամներից շատերը չեն մասնակցում ոչ մի մեջոցառման (նրանք խաղից դուրս են): ՀԿՄ-ի թուլացման պատճառով հայ երաժշտության իշխանությունը անցել է կատարողների ձեռքը, իսկ մեզանում շուկայի բացակայության պատճառով, նրանց հայացքը ողղված է դեպի Եվրոպա: Հայաստանը դարձել է Եվրոպայի Մշակութային գաղութը: Մեր հասարակությունը (մինչև 50 տարեկան) չի ճանաչում, կամ մոռացել է, անգամ, մեր դասականներին, քանի որ նրանցից շատերի գործերն էլ չեն կատարվում կամ, մի քանիսինը կատարվում են հոբելյանից – հոբելյան և էլի շատ- շատ թերություններ, որոնց պետք է հետևի և տեր կանգնի Միությունը: Այս ուղղություններով ոչինչ չի արվում … Հարգանքով՝ …