Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապրելու եւ արարելու «դեղատոմսերը»՝ մեկ գրքում

Հունվար 22,2022 12:30

Լույս է տեսել հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ուրարտու» համալսարանի դասախոս եւ վերապատրաստման կենտրոնի ղեկավար Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը, որի նպատակը հերոսների՝ նորակոչիկի, երիտասարդ սպայի, զոհված հայորդու, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի, կամավորականի եւ հեղինակի միջոցով պատերազմից հետո հոգեբանական վերականգնման եւ արդյունավետ ապրելու «դեղատոմսեր» տալն է:
Հեղինակի խոսքով՝ գիրքը սկսել է գրել դեռ 2020 թվականի հոկտեմբերի 9-ից: Այն գրելու ոգեշնչման աղբյուրն անձնական կորուստն էր պատերազմում:

«Հոգեկան ցավը, այո, ունի ստեղծագործականություն խթանելու ներուժ: Մյուսը, թերեւս ինձ համար ամենակարեւորը, գաղափարն էր: Օգնել հոգեկան ցավ ու անկում ապրող մարդուն իր ցավը ապրել ու առաջ շարժվել: Ես դա կյանքում մի քանի անգամ եմ արել»,-մեզ հետ զրույցում ասել է Սեդա Վարդանյանը:

Գրքի ուղերձը մեկն է. բախվելով կյանքում ամենածանրին՝ մահվան ու կորստին, ակտիվացնել ներսում ապրելու ու արարելու հերոսությունը: Սեդա Վարդանյանի հավաստմամբ՝ իրապատումերում նման դրվագներ շատ կան:

«Անկասկած, պատերազմը ծնում է կորստի ու մահվան թեման, դա պարզ ու սպասելի արդյունք է: Բայց միեւնույն ժամանակ այն ծնում է հարցադրումներ, որոնք օգնում են մարդուն, ինչու չէ՝ ազգին, այլ ձեւով նայել իր գոյությանն ու կենսակերպին: Մնում է այդ հարցադրումները գիտակցել: Գրքում այդ հարցադրումները թերեւս կան»,-ավելացրել է գրքի հեղինակը:

Հարցին՝ ինչքանո՞վ է կարեւոր իրապատումների հոգեբանական ազդեցությունը, Սեդա Վարդանյանն առաջինը նշեց այն փաստը, որ հեղինակն ինքը գրքի հերոս է եւ անկեղծորեն ներկայացնում է իր ապրածը: Մյուսը՝ ինչպես սեփական, այնպես էլ հերոսների հույզերի, դրանց առաջացման աղբյուրների, խանգարող մտքերի ու հոգեբանական այլ ֆենոմենների քննարկումն է ընթերցողի հետ: Ընթերողը ե՛ւ դիտորդ է, ե՛ւ մասնակից:

Զրույցի վերջում, պատերազմից հետո հոգեբանական վերականգնման գործընթացի մասին խոսելիս հոգեբանը նշեց, որ այն շատ անհատական գործընթաց է ու կախված է առանձին անձի եւ ինչու չէ՝ ազգի ռեսուրսներից: «Մեր դեպքում՝ կարող եմ ինձ թույլ տալ անել մի եզրահանգում. մենք դեռ վերականգնման գործընթացում ենք, ուստի շատ բան դեռ մեր ձեռքերում է»,-եզրափակեց Սեդա Վարդանյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31