Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուկյանի մենագրությունը՝ իբրեւ գիտամշակութային առկա բացը լրացնելու փորձ

Հունվար 22,2022 12:00

Աշոտ Մանուկյանի մենագրությունը՝ իբրեւ գիտամշակութային առկա բացը լրացնելու փորձ

Լույս է տեսել մանկավարժական գիտությունների թեկնածու, շուրջ երեք տասնյակ գիտամանկավարժական եւ գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ Աշոտ Մանուկյանի «Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները եւ կապը մանկավարժության հետ» խորագրով մենագրությունը, որը հրատարակության է երաշխավորվել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտական խորհրդի կողմից: Մենագրությունում փորձ է արվում բացահայտել էթնոքաղաքագիտության ակունքներն՝ ըստ մշակութային տարբեր դրսեւորումների՝ բանահյուսություն, ազգային երաժշտական արվեստ, ավանդույթներ, հոգեւոր գրականություն:

Քննարկված են հայոց եւ արտերկրի մանկավարժների, քաղաքագետների եւ այլ մտավորականների գործունեության եւ գիտամշակութային ժառանգության մեջ քաղաքական մշակույթի եւ կրթության վերաբերյալ գաղափարները, միջէթնիկական փոխհարաբերությունների առողջացման գործընթացի ապահովման, հասարակական զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքական մանկավարժության հետ առնչվող տեսական որոշ հարցեր:

Մենագրությունը հասցեագրված է մանկավարժություն, քաղաքագիտություն, էթնոհոգեբանություն ուսումնասիրող ուսանողներին, ինչպես նաեւ այդ եւ հարակից այլ ոլորտներով զբաղվող մասնագետներին:

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հ. Ս. Ավանեսովը փաստել է, որ հայ իրականությունում էթնոքաղաքագիտության եւ քաղաքական մանկավարժության հարցերին նվիրված քիչ ուսումնասիրություններ են կատարվել, իսկ հրատարակված մասնագիտական հետազոտությունները հիմնականում օտարալեզու են կամ արտասահմանյան հեղինակների թարգմանություններ:

Նա ընդգծել է, որ Աշոտ Մանուկյանի «Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները եւ կապը մանկավարժության հետ» խորագրով մենագրությունը այս առումով կարեւոր նշանակություն ունի եւ իր ինքնատիպությամբ հարցերի համակողմանի, բազմատեսանկյուն քննությամբ առանձնացող հետաքրքիր փորձ է գիտամշակութային առկա բացը մասնակիորեն լրացնելու գործընթացում:

Աշոտ Մանուկյանը հեղինակել է նաեւ «Բնազդ եւ ընտանիք» մենագրությունը, «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» ձեռնարկը:

Գոհար Հակոբյան

«Առավոտ» օրաթերթ
21.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31