Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ Թուրքիա-Ռուսաստան աքցանի և ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցության ցնորքի միջեւ․ Ի՞նչ անել

Հունվար 22,2022 11:30

44-օրյա պատերազմում պարտության, կապիտուլյացիայի և հաջորդած ու շարունակվող գործընթացների պատճառով Հայաստանը հայտնվել է չափազանց անբարենպաստ վիճակում:

Այն, որ այս բոլորի հետեւանքով Հայաստանը հերթական անգամ գտնվում է թուրք-ռուսական սեղմվող աքցանի արանքում, քննարկման ենթակա չէ: Հզորացած Թուրքիան, այլ ուղղություններով ծավալողականություն ցուցաբերելուց հետո, վերսկսել է դեպի արեւելք ծավալվելու իր մնայուն նպատակի իրականացման քայլերն ու Ադրբեջանի հետ համատեղ շարունակում է գրոհը Հայաստանի դեմ: Հարաբերաբար թուլացած Ռուսաստանը, որն, այնուամենայնիվ, շարունակում է Հայաստանը պահել համարյա ամբողջական վերահսկողության ներքո, որոշել է բախման չգնալ Թուրքիայի հետ, այլ, առաջնային համարելով արեւմուտքի հետ հակադրվածության խնդիրը, համակերպվել Այսրկովկասում Թուրքիայի ներկայությանը և նրան զուգահեռ պահպանել որոշ կռվաններ ու ձեռք բերել նորերը (փոքրացած Արցախ, Սյունիք): Այս նպատակով նա հերթական անգամ գործարքի է գնում Թուրքիայի հետ, որտեղ Հայաստանը հերթական անգամ օգտագործվում է որպես միջոց և մանրադրամ:

Գումարվելով ներքին խստագույն մարտահրավերներին, անվտանգային այս իրավիճակը երկիրը դրել է գոյութենական սպառնալիքի առաջ:

Ի տես այս իրավիճակին, որոշ շրջանակներ անշեղորեն քարոզում են այն միտքը, որ Հայաստանի միակ փրկությունը կայանում է Ռուսաստանի հետ «պորտալարը» կտրելու ու նրան վռնդելու և զուգահեռաբար արեւմուտքի, ի մասնավորի ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման մեջ: Այս մոտեցումը համարյա միշտ ուղեկցվում է Ռուսաստանի անողոք քննադատությամբ և նրա դեմ անողոք քարոզչությամբ:

Եթե իսկապես իրականանալի լիներ մի իրավիճակ, որտեղ՝

ա. ԱՄՆ-ն Այսրկովկասն ու ի մասնավորի Հայաստանը կհամարեր իր ռազմավարական շահերի առանցքային կենտրոններից մեկը, կորոշեր այստեղ ունենալ ռազմավարական երկարատեւ ներկայություն, կհեռացներ Ռուսաստանին և խստորեն կսանձեր Թուրքիայի հարձակողապաշտ ծավալապաշտությունը,

բ. առկա լինեին երաշխիքներ, որ ԱՄՆ ներկայության կայացման գործընթացում Հայաստանը զոհ չեր գնալու մի կողմից ԱՄՆ-ի ու մյուս կողմից Ռուսաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ հնարավոր բախումների և

գ. առկա լինեին երաշխիքներ, որ ԱՄՆ ներկայության մոդելը համահունչ էր լինելու, օրինակ, ետպատերազմյան Գերմանիայում և Ջաբոնիայում, այլ ոչ՝, օրինակ, 1950-60թթ Կենտրոնական և Լատինական Ամերիկայում և հարավ-արեւելյան Ասիայում և 2000թթ Մերձավոր և Միջին Արեւելքում ԱՄՆ ներկայությունների մոդելներին,

ապա, ելնելով Հայաստանի գլխավերեւում հառնած գոյութենական սպառնալիքներից, ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի կայացումը կլիներ ոչ միայն արդարացված, այլեւ պահանջված:

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ նույնիսկ անկախաբար վերոնշյալ բ և գ նկատառումներից, ԱՄՆ-ի կողմից Այսրկովկասն ու Հայաստանը ռազմավարական առաջնահերթություն համարելու սպասումը չափազանց անիրատեսական է, չասելու համար բացառվող, իսկ միաժամանակ Ռուսաստանին հեռացնելու և Թուրքիային խստորեն սանձելու սպասումը՝ ցնորական: Այս պատճառով, Հայաստանի փրկությունը ԱՄՆ-ի հետ երեւակայական ռազմավարական դաշինքի կայացումից ակնկալող քաղաքականությունը չափազանց վտանգավոր է, որովհետեւ պետական քաղաքականություն դառնալու պարագայում դա գրեթե անխուսափելիորեն հանգեցնելու է թուրք-ռուսական, ինչու ոչ նաեւ իրանական աքցանի արանքում Հայաստանի ամբողջական ճզմման:

Որպեսզի ԱՄՆ-ն Հայաստանը համարի իր ռազմավարական դաշնակիցը, վերջինի՝ Հայաստանի  ցանկությունը շատ անբավարար է: Այդ ցանկությունը կարող է տասներորդական նշանակություն ունենալ միայն: Դրա համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն Հայաստանն ու Այսրկովկասը համարի իր ռազմավարական առաջնային հետաքրքրությունների շարքում: Կրկնենք, խոսքը վերաբերվում է առաջնային, այլ ոչ՝ ընդհանրապես շահերին կամ թեկուզ ռազմավարական, բայց ոչ առաջնային շահերին: Դաշնակցային հարաբերությունը թղթի կտոր չէ: Դա նշանակում է ռազմավարական սեփական առաջնային շահերից բխող՝ տվյալ երկրում և կամ տարածաշրջանում ռազմավարական բազմաբնույթ երկարատեւ ներկայություն, դրանց անվտանգությունն անշեղորեն երաշխավորելու հանձնառություն, պաշարամիջոցների տրամադրում եւ այլն: ԱՄՆ-ն նման քայլի չի գնացել 1990 թթ, երբ դա նրա համար շատ ավելի հեշտ իրականանալի խնդիր էր, և առավել եւս դրան չի գնա ներկայում, երբ դա շատ ավելի խնդրահարույց է, որովհետեւ Այսրկովկասն ու Հայաստանը ԱՄՆ-ի ռազմավարական առաջնահերթությունների ցուցակում չեն գտնվել և չեն գտնվում:

Հասկանալու համար, թե ինչո՞ւ չեն գտնվել ու չեն գտնվում, անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ պատկերացնել համաշխարհային ներկա գործընթացների և միտումների համատեքստում ԱՄՆ-ի առաջնային ռազմավարական շահերի ճշտման տրամաբանությունը և դրանից բխող նրա կոնկրետ շահերը: Իսկ հասկանալու համար, թե այնուամենայնիվ ի՞նչ տեղ են Այսրկովկասն ու Հայաստանը գրավում մեր (լայն) տարածաշրջանում ԱՄՆ-ի հետապնդած շահերի ու ռազմավարության շրջանակում, անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ պատկերացնել նրա այդ շահերն ու ռազմավարությունը: Բայց դրանք առանձին քննարկում պահանջող թեմաներ են:

Այնուամենայնիվ այստեղ կարեւոր է անդրադառնալ ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության մեկ կարեւոր հանգամանքի:

Նույնիսկ կայանալու պարագայում՝ Այսրկովկասում ԱՄՆ ռազմավարական ներկայությունը Հայաստանի համար իմաստ կունենար բացառապես այն դեպքում, եթե ԱՄՆ-ն երաշխավորեր սանձել միաժամանակ թե’ Ռուսաստանին և թե’ Թուրքիային: Արդ, նման բան չի կարող լինել: Չնայած ԱՄՆ-Թուրքիա ներկա լարվածություններին, Թուրքիան շարունակում է ԱՄՆ ռազմավարական հաշվարկներում կարեւոր տեղ զբաղեցնել: Թեեւ ԱՄՆ-Թուրքիա դաշնակցային բնույթի հարաբերություններն արդեն պատկանում են անցյալին և գուցե երբեք չվերակենդանանան, աշխարհաքաղաքական տարբեր հաշվարկներում Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի թեկուզ ոչ դաշնակցային, այնուամենայնիվ ռազմավարական գործընկերը: Եվ այդ հաշվարկներում իր կարեւոր տեղն ունի ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի ու Չինաստանի,  ինչպես նաեւ Իրանի նկատմամբ: Չնայած թուրք-ռուսական ներկա սիրաբանություններին, ԱՄՆ-ը, եթե ոչ կարճաժամկետ,  առնվազն միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան համարում է Ռուսաստանի ու Չինաստանի զսպման գործոններից մեկը: Այս պնդումը ոչ թե ենթադրություն է կամ տեսական վարկած, այլ հիմնվում է ոչ միայն նախկին, այլ նույնիսկ 2021թ ամերիկացի քաղաքագետների և վերլուծաբանների գնահատականների վրա: Իսկ եթե սա է իրականությունը, ապա ԱՄՆ-Հայաստան ենթադրյալ դաշնակցությունը կարող է դառնալ, մեղմ ասած, նույնիսկ վնասակար: Կրկնենք, այդ դաշնակցությունը չի կարող կայանալ. բայց նույնիսկ կայանալու դեպքում կառաջանա շիզոֆրենիային իրավիճակ: ԱՄՆ-ը մի կողմից թույլ չի տա Թուրքիային՝ վերացնել Հայաստանը, բայց մյուս կողմից, ելնելով իր համար Թուրքիայի ներկայացրած կարեւորությունից, նա ստիպված կլինի, և ավելին, ելնելով իր իսկ սեփական հաշվարկներից, համաձայն կլինի աչք փակել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի բազմաթիվ այլ նկրտումների հանդեպ: Կառաջանա իրավիճակ, որը լավագույն պարագայում կլինի նույնքան վատ, որքան Ռուսաստանի  քաղաքականությամբ պայմանավորված ներկա իրավիճակը:

Վերջապես, 1991-2021 թթ Հայաստանի ու Արցախի վերաբերող հարցերում ԱՄՆ վարած քաղաքականությունն ու դիրքորոշումները լիովին բավարար են համոզվելու, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի ռազմավարական շահերը քիչ դեպքերում գուցե համընկնում են, բայց ավելի շատ և ավելի կարեւոր դեպքերում գտնվել են հակասության մեջ:: Այս երեք տասնամյակներում ԱՄՆ-ը տարբեր առիթներով կողմ է արտահայտվել Սյունիքի վրայով «թուրքական աշխարհի» ֆիզիկական միացման ծրագրերին, նախկին ԼՂԻՄ-ի հարակից շրջանները մշտապես համարել է ադրբեջանական, և կողմ է արտահայտվել Հայաստան-Թուրքիա ներկա սահմանների պաշտոնականացման. իսկ 44 օրյա պատերազմում ոչինչ չի արել Հայաստանի պարտությունը կանխարգելելու կամ պարտության հետեւանքները մեղմելու համար: Նման պարագայում դաշնակցային հարաբերությունների մասին խոսքն անհեթեթություն է:

Եթե ԱՄՆ-Հայաստան դաշինքը ցնորք է, ապա ի՞նչ անել: Արդյո՞ք Հայաստանը դատապարտված է մնալու թուրքական մուրճի ու ռուսական սալի առանքում և դանդաղորեն կամ արագորեն մաշվելու:

Որքան էլ ցավալի լինի, ստիպված ենք ընդունել, որ տարածաշրջանային և համաշխարհային Աշխարհաքաղաքական ներկա դրվածքը Հայաստանին հնարավորություն չի ընձեռում արագորեն և ամբողջությամբ դուրս գալու ներկա իրավիճակից և արագորեն հասնելու երաշխավորված անվտանգության և ինքնիշխանության: Բայց դա չի նշանակում, որ ոչինչ հնարավոր չէ անել: Աշխարհաքաղաքական նույն այն դրվածքը, որը հնարավորություն չի ընձեռում արագ և ամբողջական լուծումների , տալիս է հնարավորություն հաճախ մարտավարական և երբեմն ավելի քան մարտավարական բնույթի քայլերի, որոնք, զուգակցվելով ներքին առումով անհետաձգելի քայլերին, ունակ են ընդլայնելու այն օղակը, որում գտնվում է երկիրը, և դրանց կուտակումով հասնելու ռազմավարական արդյունքի:

Առաջինը, որ պետք է անել, ակնհայտին ի տես կույր չձեւանալն է, այլ խորապես գիտակցելը, որ՝

Սեփական անպաշտպանվածության և ռազմավարական իսկական դաշնակցի հնարավորության բացակայության պայմաններում՝ Ռուսաստանը հայտարարել թշնամի, որից ամեն գնով պետք է ձերբազատվել, նշանակում է Հայաստանն ուղղակիորեն հրամցնել թուրք-ադրբեջանական երախին:

Եթե Հայաստանը լիներ Ռուսաստանի վասալը միայն, առանց ունենալու Թուրքիայի նման, իր համար գոյութենական սպառնալիք ներկայացնող  հարեւան, ապա մեր ամենաանհետաձգելի խնդիրը պետք է լիներ վասալությունից ազատագրումը: Բայց նման հարեւանի առկայության պայմաններում Ռուսաստանից ձերբազատումը հռչակել գլխավոր խնդիր՝ համազոր է ինքնասպանության:

Չնայած թուրք-ռուսական աքցանի առկայության փաստին, անհնար և անթույլատրելի է չտեսնել կամ չտեսնել ձեւանալ այդ երկու երկրների Հայաստանի նկատմամբ հետապնդած նպատակների ու վարած քաղաքականության տարբերությունը և հավասարության նշան դնել նրանց միջեւ: Թուրքիայի նպատակն է ի վերջո Հայաստանի վերացումը, ոչ անպայման կամ ոչ միայն պատմական թշնամանքի կամ ատելության պատճառով, այլ որովհետեւ Հայաստանի գոյությունը խոչընդոտ է իր պատմա-ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհին: Օգտվելով իր հզորացումից և համաշխարհային ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններից, Թուրքիան վերադարձել է դեպի արեւելք ծավալվելու նպատակի իրականացմանը:  Ռուսաստանն այդպիսի վախճանական նպատակ չի հետապնդում: Չնայած շատ հաճախ Հայաստանի շահերին և ազգային անվտանգության հակասող քաղաքականության, նա չի ուզում կորցնել ոչ Հայաստանը ոչ էլ Այսրկովկասը: Նա Հայաստանը պահում է իրեն ենթարկված վիճակում և նրան օգտագործում Թուրքիայի հետ իր սակարկություններում, իր համար անհրաժեշտության դեպքում մեզ զիջումներ պարտադրում, որոնք կարող են հանգեցնել և արդեն իսկ հանգեցնում են տարածքային: կորուստների: Կարո՞ղ է այս իրավիճակն ընդունելի լինել մեզ համար: Իհարկե՝ ոչ: Այնուամենայնիվ, աններելի է չտեսնել Թուրքիայի և  Ռուսաստանի նպատակների, ռազմավարության և մարտավարությունների միջեւ տարբերությունները, որքան էլ դրանք մեզ համար շատ անբավարար լինեն:

Այս պայմաններում ի՞նչ է մնում անել Հայաստանին: Հետեւյալը․

  • Շրջահայեցությամբ փորձել օգտվել Ռուսաստանի ու Թուրքիայի նպատակների, ռազմավարության ու մարտավարության թեկուզ ոչ բավարար տարբերություններից, ինչպես նաեւ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հաճախ կամ մերթ ընդ մերթ դրսեւորվող ընթացիկ հակասություններից:
  • Առանց Ռուսաստանը թշնամի հայտարարելու՝ նրա հետ հարաբերվելուց ոգի ի բռին պայքարել սեփական շահերի և իրավունքների համար:

Անկախաբար այս կետերից, բայց նաեւ այս խնդիրների լուծման նպատակով ավելի նպաստավոր դիրքերից հանդես գալու համար՝

  • Մշակել և հաստատել ավելի քան մարտավարական, հնարավորինս ռազմավարական համագործակցային բնույթի հարաբերություններ Իրանի և Հնդկաստանի, ինչպես նաեւ Հունաստանի հետ, կայուն հարաբերություններ կայացնել Չինաստանի, Մերձավոր Արեւելյան երկրների հետ:
  • Օգտվել բոլոր այն մարտավարական և ոչ միայն մարտավարական հնարավորություններից, որտեղ Հայաստանի և ԱՄՆ-ի, իր և Ֆրանսիայի ու արեւմտյան այլ երկրների շահերը համընկնում են, որովհետեւ այդպիսիք իհարկե, գոյություն ունեն: Ռազմավարական դաշինքի ցնորային լինելու մասին վերեւում ասվածները բացարձակապես չեն նշանակում, որ Հայաստանը ոչինչ չունի անելու ԱՄՆ-ի հետ: Ընդհակառակը: Հայաստանը ոչ միայն կարող, այլ պարտավոր է անել հնարավոր ամեն ինչ օգտվելու համար այդ հնարավորություններից:
  • Իսկ սպառնալիքների դիմակայման առաջին կռվանը միշտ էլ պետության և հասարակության բոլոր առումներով ներքին դիմադրողականության ձեռք բերումն է, որը ոչ միայն ներքին, այլեւ արտաքին մարտահրավերների հաղթահարման և ինքնուրույն գործոն դառնալու նախապայմանն է: Արտաքին ոլորտում հնարավոր քայլերն անհնար կլինեն և նույնիսկ անիմաստ, եթե Հայաստանը՝ որպես պետություն, հասարակություն և ազգ, ներքին առումով ձեռք չբերի դիմադրողականություն բոլոր՝ բարոյահոգեբանական, գիտակցական, պետական կառավարման, արդարության, սոցիալ-տնտեսական, կրթական, իհարկե, պաշտպանական ու մյուս ոլորտներում: Դա ենթադրում է հասարակական և քաղաքական բնույթի անկոտրում և տեւական աշխատանք:

Միայն ներքին ու արտաքին ողջամիտ քաղաքականությունը ունակ կլինի, ինչպես ասվեց, ընդլայնելու այն օղակը, որում հայտնվել է երկիրը, և բոլոր այդ ջանքերի կուտակումով հասնելու ռազմավարական արդյունքի:

Մնացածը լավագույն դեպքում վտանգավոր ֆանտազիա է:

Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆ

«Միացում» նախաձեռնության հիմնադիր, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31