Թուրքական «Hürriyet» լրատվական կայքում հրապարակված հոդվածում ներկայացվել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ներկայացվել են, մասնավորապես, Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի, գործարար Տիգրան Գյուլմեզգիլի, լրագրող Երվանդ Տանձիկյանի, ինչպես նաև համայնքային գործիչ Թորոս Ալջանի կարծիքները հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ:
Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թեմայի վերաբերյալ ասել է հետևյալը. «Պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք ինչպես ներդրումային, այնպես էլ մշակութային տեսանկյունից կառողջացնեն հարուստ պատմություն ունեցող երկու հարևան երկրների հարաբերությունները: Պոլսահայերի համար չափազանց կարևոր է, որ հարաբերությունները օրեցօր բարելավվեն, որպեսզի երկու հասարակությունները միմյանց ճանաչեն, կարողանան միասին աշխատել, ներդրումներ անել, և այս ուղղությամբ հարուստ մշակութային արժեքները մեկ գետնի վրա հանդիպեն»:
Իր հերթին Քարագյոզյան հիմնադրամի դպրոցների խորհրդի նախագահ, գործարար Տիգրան Գյուլմեզգիլը նշել է. «Թուրքիան, արդեն այս պահից սկսած, Հայաստանին ամեն հարցում պետք է ձեռք մեկնի: Թուրքիան Հայաստանի համար պետք է մեծ եղբոր պես լինի (հովանավորություն անի): Շատ լավ զարգացում է»:
Կարդացեք նաև
Իսկ ահա «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Երվանդ Տանձիկյանն ասել է. «Թռիչքների մեկնարկն ինձ մոտ լավատեսություն է առաջացրել: Պետք է սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններն էլ՝ կարգավորվեն: Սա պետք է առաջին քայլը լինի: Հարաբերությունները պետք է էլ ավելի ընդլայնվեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: