Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ում բուժական գծով փոխտնօրեն է նշանակվել վիրաբույժ Հարություն Դավթյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի դստեր ամուսինն է։ Հարություն Դավթյանը մինչ այդ զբաղեցրել է Ախուրյանի հիվանդանոցի փոխտնօրենի պաշտոնը։
Այս նշանակումը քննարկման թեմա է դարձել բժշկական աշխարհում։ Քննարկողներին ապշեցրել են Հարություն Դավթյանի՝ սոցցանցերում արված սուր, երբեմն էլ վիրավորանքներով հարուստ մեկնաբանությունները։
Aravot.am-ը Հարություն Դավթյանի նշանակման շուրջ զրուցեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանի հետ (նա Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտորն է եղել), հետաքրքրվելով, թե ի՞նչ սկզբունքով է Հարություն Դավթյանին նշանակել փոխտնօրեն։ Մենք նաև նշեցինք, որ մեր խմբագրություն են ուղարկել են նրա գրառումները, որոնք աչքի են ընկնում սուր ձեւակերպումներով։
Սամվել Ավետիսյանն ասաց, որ ծանոթ չէ Հարություն Դավթյանի սոցցանցային գրառումներին, նրան աշխատանքի է ընդունել որպես մասնագետի։ «Ես ինքս որևէ կուսակցության չեմ պատկանում, Հարություն Դավթյանին աշխատանքի եմ վերցրել որպես կարող ուժի, ինձ համար նորություն էին նրա գրառումները, ծանոթ չեմ, չեմ ընթերցել։ Լինելով բժշկական համալսարանի երկարամյա դասախոս՝ Հարություն Դավթյանին ճանաչում եմ որպես գրագետ, բանիմաց անձնավորության։ Ինձ համար կարևոր չափանիշ եղել է նրա լավ կազմակերպիչ լինելը։ Եվ երբ փոխտնօրեն ենք նշանակում, մեզ մոտ երեք ամիս փորձաշրջան պիտի անցնի, արդարացնո՞ւմ է՝ կշարունակի, չի արդարացնում՝ թող գնա իր հին գործին, դա ձևական բնույթ չի կրում։ Ասեմ, որ Ախուրյանում, որտեղ նա աշխատում էր, նույնպես փոխտնօրեն էր։ Նրան այնտեղ եւս գովում են՝ ասելով կարգին աշխատող է, ինձ համար սրանք են եղել չափորոշիչները»,- ասաց Սամվել Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ