«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Վահագն Դավթյանի «Բարի հսկան․ Զրույցներ Սարոյանի հետ» գրքի շնորհանդես-քննարկումը։ Մինչ շնորհանդեսը՝ մարդիկ կարող էին ծանոթանալ Վիլյամ Սարոյանի վիրտուալ թանգարանին`օգտվելով վիրտուալ իրականության շրջայցի հնարավորությունից: Կարող էին ներբեռնել Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի VR հավելվածը և շրջել գրողի տանը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հետ։
Գիրքը Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրությունն է։ Մանրամասներ են ներկայացված Սարոյանի գրականության, շրջապատի, կյանքի, ընտանիքի, ինչպես նաև որդու հետ բարդ հարաբերությունների մասին։ Դավթյանն անդրադառնում է նաև Արամ Սարոյանի և Գեյլ Սարգիսյանի կենսագրականներին։ Գիրքը համալրված է բազմաթիվ անտիպ լուսանկարներով։ Վահագն Դավթյանը հուշագրությունն առաջին հրատարակությունից հետո ընդլայնել է՝ ավելացնելով անտիպ էջեր։ «Բարի հսկան» առաջին անգամ հրատարակվել էր 1979 թ․-ին, իսկ վերանայված տարբերակը լույս է տեսնում առաջին անգամ։ Գիրքը ծնվել է Վիլյամի Սարոյանի հետ Ֆրեզնոյում, Փարիզում, Երևանում հանդիպումներից։ Գիրքը հրապարակել է «Վերնատուն» հրատարակչությունը։
«Սարոյանի մահից տարիներ անց Վահագն Դավթյանը որոշեց շարունակել հուշագրությունը։ Ասում էր, որ սա, ասես, մի նոր հուշագրություն լինի»,- ասում է գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը։
Վահագն Դավթյանի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը ասաց․«Նոր հրատարակությունը տեսնելիս՝ հուզմունք ապրեցի։ Ամեն ինչ մանրամասնորեն մտածված է և շատ գեղեցիկ։ Հայրիկիս հարյուրամյակն է այս տարի, կարելի է ասել, որ այս գիրքը նվեր է նրան»։
Կարդացեք նաև
Ըստ Հասմիկ Դավթյանի՝ այս գիրքը պետք է ներկայացվի դպրոցներում, համալսարաններում, քանի որ Սարոյան անցնելիս Վահագն Դավթյանի հուշագրությունների մասին տեղեկություններ չկան։ Նա պատմում է, որ Սարոյանի համար ամենամեծ չարիքը պատերազմն էր, այս ժամանակներում Սարոյան պետք է շատ կարդալ, քանի որ Սարոյանի ստեղծագործությունները կարդալով՝ մարդիկ բարություն կզգան։ Իզուր չէ, որ գրքի վերնագիրը «Բարի հսկան» է։ Սարոյանը, տեսնելով գրքի վերնագիրը, հարցրել էր․«Բարին կհասկընամ, հսկան ի՞նչ է»։ Իսկ հսկան Սարոյանի մեծությունն էր։
Հայաստանի վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը ասում է․«Գրքում կա հատված, որտեղ Սարոյանը գովերգում է Վահագն Դավթյանին, սակայն լինելով շատ համեստ՝ հեղինակը Սարոյանի խոսքերի փոխարեն բազմակետեր է դրել»։
Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա Վիլյամ Սարոյանի վերաբերյալ։ Մասնակիցներից երեքը ստացան նվերներ։
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ