ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանին ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց, թե ինչ կարծիքի է ոստիկանության պարեկային ծառայության մասին։ «Ամենաշատն ուշադրություն ենք դարձրել բացասական կարծիքներին եւ գնացել ենք ամեն դեպքի հետեւից։ Ասել, որ փառահեղ գոհ եմ վերջնական արդյունքից, բնականաբար՝ ոչ, որովհետեւ ծառայությունը վեց ամիս է, ինչ գործում է»,-նախ նշեց թեկնածուն։
Ըստ Գրիգորյանի․ «Կոնկրետ փաստեր ունենք, որ պարեկային ծառայությունն իր գործունեությունը հաջողել է եւ հասել կարեւոր նպատակին՝ հանրությանը ծառայող, բարեվարք ծառայություն, որը հասնում է դժվարին իրավիճակում հայտնված անձանց»։
Քրիստինե Գրիգորյանը մեկ թվի անդրադարձավ, որն իր համար շատ կարեւոր է․ «Չսահմանված վայրերից հետիոտնի անցման դեպքերի մասին է խոսքը։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ունենք զրո դեպք, իսկ վեց ամսում՝ ավելի քան երեք հազար դեպք։ Վրաերթերը Երեւանում աճում են, ծանր խնդիր են դարձել։ Դրանց դեմ պայքարելու ամենալավ օրինակը չսահմանված վայրերից անցում կատարելու խախտումներն արձանագրելն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ