Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ռուս-ուկրաինական հնարավոր բախումը լուրջ հետեւանքներ է ունենալու ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այլեւ ամբողջ եվրոպական տարածաշրջանային անվտանգային համակարգի համար:
«Երբեք այսքան զորքի կուտակում չի եղել երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, եւ ըստ ամերիկյան վերլուծական կենտրոնների, բախումը 80-90 տոկոս հավանականությամբ տեղի ունենալու է: Հնարավոր բախման դեպքում, եթե այն երկարաձգվի, Ռուսաստանի դեմ կարող են բացվել այլ ճակատներ՝ նրա ուժերը ջլատելու համար: Եվ ես չեմ բացառում, որ այդ ժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն ճեղքում անել այստեղ եւ Սյունիքում այդ, այսպես կոչված, միջանցքը վերցնեն: Սա չի բացառվում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը շատ զբաղված է»,- ասաց Սուրեն Սարգսյանը եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանում այս բոլոր ռիսկերը պետք է գնահատել:
«Սակայն պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները այս ընթացքում Միացյալ Նահանգների հետ չեն բանակցում, որպեսզի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստանան այն տեսանկյունից, որ էսկալացիայի արդյունքում միայն Միացյալ Նահանգների ճնշման ներքո է հնարավոր, բայց քիչ հավանական է, որ Թուրքիան Հարավային Կովկասում ներգրավվածություն չունենա միջանցքի տեսանկյունից: Այդուհանդերձ, միակ պետությունը, որ այսօր կարող է Թուրքիայի նկատմամբ որոշակի ճնշում գործադրել, Միացյալ Նահանգներն է, որի հետ, կրկնում եմ, մերոնք չեն աշխատում: Ես սա մեծ բացթողում եմ համարում, որովհետեւ ռիսկը, իրոք, շատ բարձր է եւ թե ինչպես կզարգանան պրոցեսները, շատ դժվար է ասել»,-մտահոգություն հայտնեց քաղաքագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ