«Կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում այն բանում, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա կինը, ՔՊ-ականներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը սեպտեմբերին ժամանակ են անցկացրել հունական թանկարժեք կղզիներից մեկում՝ «Վիվարո»-ի հիմնադիրի հետ։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել վիճակախաղերի մասին օրենքում եւ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը թույլատրել միայն զբոսաշրջային վայրերում եւ այդ կերպ նպաստել էր «Վիվարո»-ի շահերին, որովհետեւ բուքմեյքերական գրասենյակների փակումից հետո բոլորը կտեղափոխվեն առցանց դաշտ, որտեղ էլ առաջատար է «Վիվարոն»», – ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Քրիստինե Գրիգորյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Սկզբում ձեր արած արտահայտությունից հետո՝ «ըստ մամուլի հրապարակումների», մտքի թելը կորցրի, այդքան էլ կարեւոր չէ արդեն․․․ ըստ մամուլի հրապարակումների ես չեմ կարող գնահատական տալ կոռուպցիոն ռիսկերի մասին։ Այսքանով կսահմանափակվեմ»։ Մանուկյանն արձանագրեց․ «Ըստ ձեր տրամաբանության՝ մամուլում ինչ հրապարակվում է, ուրեմն անտեղի՞ է, ապրիորի՞ է։ Սա անտեղի տրամաբանություն է եւ խուսափողական պատասխան։ Իսկ ըստ «Հետք»-ի՝ Ալեն Սիմոնյանի եղբայրն ասֆալտապատման պետական գնումների շատ տենդերներ է շահել՝ հիմնադրված լինելով կարճ ժամանակ առաջ»։
Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Մամուլի հրապարակումներն ապրիորի չեն, բայց եւ ապրիորի հաստատված փաստեր չեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ