Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ալեքսանյան, իսկ ինչպե՞ս անվանել նրանց, որոնք ազգին կերակրում են Perfect TV-ով»․ Մամիջանյան

Հունվար 21,2022 16:01

«Ոչի՞նչ, որ ձեր իշխանության օրոք ձեր ԱԺ նախագահն իր խորհրդական կամ օգնական էր նշանակել մեկին, որը մասնակցել էր «Հայելի» մամուլի ակումբի վրա ավազակային հարձակմանը։ Խոսքը «Հեղափոխության պահապաններ» խմբավորման մասին է։ Արդեն նա հեռացված է, բայց դուք եք նշանակել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր անդրադարձել էր լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու իր հայտարարությանը եւ հիշեցրել, որ նոյեմբերի իննին «Ազատության» շենք մտածները ՀՅԴ-ականներ էին։

«Կամ, ձեր կողմից ԱԺ փոխխոսնակ է ընտրվել պարոն Հակոբ Արշակյանը, որը բռունցքներով հարձակվել է լրագրողի վրա»,-հիշեցրեց Մամիջանյանը։ Նա հավելեց․ «Կարծում էի՝ պարոն Ալեքսանյանը ներողություն կխնդրի, բայց դա տեղի չունեցավ։ Ուզում էի նաև ասել՝ Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ մյուս լրագրողները, որոնք հիմա պատգամավոր են, ինչպե՞ս են արձագանքել Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, որում հստակ վիրավորանք կար լրագրողական հանրույթի հանդեպ»։

Ապա Մամիջանյանը դիմեց Ալեքսանյանին․ «Պարոն Ալեքսանյան, իսկ ինչպե՞ս անվանել այն ժամանակվա լրագրող կամ ֆեյսբուքյան ակտիվիստներին, որոնք հիմա որոշ դեպքերում պատգամավոր են, որոնք բանակի գործող՝ կռված ու հաղթած գեներալների մասին հերյուրանքներ էին տարածում։ Յուրի Խաչատուրովի՝ վիսկիի ու բիլիարդի պատմության մասին է խոսքը, որը մեջբերելիս զզվում եմ։ Այդ մարդու ողջ կյանքը կապված էր զինված ուժերի հետ։ Հետ գնացեք ու նայեք, թե ձեզանից քանի՞սն են այդ նյութով կիսվել ձեր էջերում։ Բացի այդ, ինչպե՞ս անվանել նրանց, որոնք ազգին կերակրում են Perfect TV-ով։ Այդ կոնտենտը ստեղծողներին եւ ֆինանսավորողներին ինչպե՞ս անվանել։ Ինձ թվում է՝ Վահագն Ալեքսանյանը դրա պատասխանը կտա»։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական Լուսինե Բադալյանի այսօրվա հիշեցմանը, որ իր երեխաների աչքի առաջ ՀՅԴ-ականներն իր պատուհանի տակ «թուրք» էին բղավում, Հայկ Մամիջանյանը կոչ արեց հիշել, թե իր քաղաքական ուժն ինչպես է եկել իշխանության եւ թող չթվա, թե մյուս պատգամավորները երեխաներ չունեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31