Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմեն

Հունվար 21,2022 15:50

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը գտնում է, որ այնքան մտահոգիչ չէ այն միտքը, որ Ուկրաինայում պատերազմ սկսելու դեպքում Ռուսաստանը կանտեսի Հարավային Կովկասի անվտանգային հարցերը եւ կենտրոնացած կլինի ուկրաինական ճակատում, այլ՝ այն, թե Հայաստանն ինչ մասնակցություն կունենա այդ պատերազմում: Լինելով նաեւ պատմաբան, Արեգ Քոչինյանը պատմությունից կարող է բազմաթիվ օրինակներ բերել, երբ Ռուսաստանը մի քանի ճակատով պատերազմել է, եւ այդ ճակատներից մեկը միշտ եղել է Հարավային Կովկասը:

Այսօր «Հոդված 3» ակումբում Արեգ Քոչինյանը եւ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկեցին՝ ՌԴ-ՆԱՏՕ բանակցությունների արդյունքները եւ, թե ինչ հետեւանքներ կունենա աննախադեպ լարվածությունը Հարավային Կովկասում:

Ըստ Արեգ Քոչինյանի, ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Միացյալ Նահանգների ԵՄ դաշնակիցները միայնակ, ուժային առումով հակառակորդ չեն Ռուսաստանին եւ ի վիճակի չեն լինելու զսպելու, եթե Ռուսաստանը որոշում կայացնի գնալու լայնածավալ ռազմական գործողությունների: Նրա խոսքով, այս հարցում էականը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է. «Եթե ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում բավականաչափ հստակ եւ կոշտ դիրքորոշում որդեգրի, որ դա իրենց համար կարմիր գիծ է, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կընկալի, որ դա կարմիր գիծ է եւ դա չի անցնի: Բայց իրավիճակը մոտ է պայթյունավտանգին»:

Ինչ վերաբերում է այդ պատերազմից Հայաստանին սպառնացող վտանգներին, պարոն Քոչինյանը կարծում է, որ Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանից փոքր–ինչ պահանջկոտության դեպքում, մեր իշխանություններն աճապարելով մասնակցելու են «նման ավանտյուրաների». «Եւ ես չեմ բացառում, որ Ռուսաստանը հստակ պահանջ դնի եւ հետեւողական լինի իր պահանջի մեջ, մեր իշխանությունները որոշակի մասնակցություն կունենան նաեւ այս թնջուկին, ինչն, անհամեմատելի ավելի ծանր հետեւանքներ կունենա նաեւ Հայաստանի համար, որովհետեւ Արեւմուտքը շատ ավելի զգայուն կլինի այս հարցում եւ դրա հետեւանքները մեր երկրում շատ ավելի արագ ու հստակ կզգանք»:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Ուկրաինայի հետ պատերազմի արդյունքում Հարավային կովկասում պատերազմի վտանգը շատ չի բարձրանա, սակայն կբարձրանա ապակայունացման վտանգը. «Ադրբեջանը վստահաբար կարող է օգտագործել այդ պահը` Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Մեզ համար ավելի մեծ վտանգ կարող է դառնա, եթե մեզ համար ռուս-ամերիկյան դիմակայությունը տեղափոխվի Հարավային Կովկաս: Օրինակ` փոխվի ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը, որը հիմա կառուցողական է»:

Ըստ Տիգրան Գրիգորյանի, Վաշինգտոնում Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո կա 2 կարծիք՝ մեկը, որ վերջին պատերազմից հետո Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացել են եւ Ռուսաստանին պետք է զսպել, իսկ զսպելու համար պետք է օգտագործել Թուրքիային: Երկրորդ կարծիքն, ըստ պարոն Գրիգորյանի, որն ունի Բայդենի ադմինիստրացիան, այն է՝ Ռուսաստանի հետ պետք է համագործակցել ղարաբաղյան հակամարտության համատեքստում եւ Ռուսաստանը կարող է կառուցողական դեր ունենալ. «Եթե այս պատերազմը տեղի ունենա, ապա առաջին վերաբերմունքը հիմնական է դառնալու Արեւմուտքում եւ մենք հայտնվելու ենք շատ բարդ իրավիճակում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տնտեսական հետեւանքների մասին՝ էլ չասած»:

Արեգ Քոչինյանի կարծիքով, ԱՄՆ-ում կա երրորդ տեսակետ էլ. Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում պետք է հնարավորինս նվազեցնել, որի համար տարբերակ է ընտրվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Արեգ Քոչինյանի խոսքով, սա ավելի լավ տարբերակ է, քանի որ այն, որ Ռուսաստանի ազդեցությունն օր-օրի աճելու է Հայաստանում իր մեջ շատ վտանգավոր հետեւանքներ է պարունակում մեր պետականության եւ անկախության համար. «Իսկ, եթե Ուկրաինայի պատերազմում Հայաստանն էլ մասնակցություն ցուցաբերի, ՆԱՏՕ-ի հարաբերությունները լարվելու են Հայաստանի հետ՝ ընդհուպ մինչեւ պատժամիջոցների մակարդակի»:

Արեգ Քոչինյանը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի դեպքում Ռուսաստանի թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պարագայում Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք կա:

«Այն ինտեգրացիոն գործընթացները, որոնց Հայաստանը գնում է, բավականին լուրջ լարում է մտցնելու Հայաստանի եւ նրա արեւմտյան գործընկերների հարաբերությունների մեջ», – ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31