«Եթե պարոն Ալեքսանյանը կամ ցանկացած մեկը վիրավորել է, ես էլ եմ ներողություն խնդրում, բայց ոչ թե նրա համար, որ լրագրող է, այլ նրա համար, որ մարդուն է վիրավորել։ Տիկին Խամոյան, երբ ասում եք, որ մենք չանդրադարձանք պարոն Ալեքսանյանի հայտարարությանը, ապա ես բան չասացի, որովհետեւ ինձ համար տարբերություն չկա՝ մարդը լրագրո՞ղ է, տնտեսագետ, թե՝ իրավաբան», – ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանի հայտարարությանը, թե ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարության վերաբերյալ իշխանական նախկին լրագրող-պատգամավորները չարտահայտվեցին։
Գաբրիելյանը նշեց՝ երբ ինքն էր լրագրող, մամուլի հրապարակումներ է պատրաստել դահլիճում նստած շատ պատգամավորների մասին, բայց նրանց տեսնելիս պարզ ճակատով է բարեւում, որովհետեւ չի վիրավորել երբեւէ նրանց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ