Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում. Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից մամուլի դեմ ուղղված հայտարարությունները

Հունվար 21,2022 15:30

Մինչ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններն ամենաբարձր մակարդակով մտահոգություններ են հայտնում Հայաստանում խոսքի ու մամուլի ազատության իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը։

Իշխանության առանձին ներկայացուցիչներ (հաճախ՝ նաև նախկին լրագրողներ) իրենց անպարկեշտ խոսքով, լրագրողներին պիտակավորելու ցածրարժեք ու գռեհիկ ելույթներով, անցնելով բարեկրթության բոլոր սահմանները, կարծես բացահայտում են իշխանությունների, անձամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը մամուլի և ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ։

Տևական ժամանակ է՝ իշխանություններն ամենատարբեր հարթակներից ու ամենատարբեր ձևաչափերով տոտալ հարձակում են սկսել Զանգվածային լրատվամիջոցների դեմ, և իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչների ելույթները սոսկ դրա արտահայտությունն են։

Ազատ խոսքն ու մամուլը, բոլոր թերություններով հանդերձ, մնացել են այն եզակի ինստիտուտները, որոնք փորձում են հակակշռել ու զսպել օրեցօր դեպի բռնապետություն գնացող իշխանությանը։

Իշխանությունների այս հակաժողովրդական և հակաժողովրդավարական գործելաոճին երբեմն նպաստում են նաև լրագրողական համայնքում առկա միասնականության և մասնագիտական համերաշխության՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված ցածր մակարդակը, որոշ դեպքերում՝ նաև էթիկայի կանոնները խախտելու որոշ դրսևորումները։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից մամուլի դեմ ուղղված հակաէսթետիկ հայտարարությունները՝ իշխանություններից պահանջելով կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում:

Լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, սադրիչ հայտարարություններին և գործողություններին, և նույնիսկ ամենածանր իրավիճակներում հավատարիմ մնալ մասնագիտական բարձր առաքելությանը։

Հայաստանի ժուռնալիստների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31