Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր ՔԿՀ-ի 5 դատապարտյալ սովորում է բուհում». Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ

Հունվար 21,2022 14:16

Անկախացումից ի վեր՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն են ստացել 11 դատապարտյալներ։ Նրանցից 4-ը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր եւ միջին ծանրության հանցագործություն կատարած։ Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել, սակայն կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում: Դրանք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների և բանտային համակարգի միջև ոչ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի հետ:

«Օրենսդրական կարգավորումների հետ կարծես խնդիր չունենք, օրենսդրության տեսանկյունից դաշտը կարգավորված է, եւ կան բոլոր երաշխիքները, որ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ դատապարտյալները կարողանան իրացնել իրենց կրթության իրավունքը, սակայն այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ այդ անձինք գտնվում են քրեակատարողական հիմնարկում՝ փակ հաստատությունում: Իսկ դա խնդիրներ է առաջացնում բուհերի հետ կապ հաստատելու տեսանկյունից»,- «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով Մեդիա կենտրոնի քննարկման ժամանակ նշեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:

«Ըստ մեր դիտարկումների, հիմնական խնդիրներից մեկն այն է, որ գերատեսչությունների միջեւ համագործակցությունը թույլ է, տվյալ դեպքում ԿԳՄՍ եւ արդարադատության նախարարությունների միջեւ: ԿԳՄՍ նախարարության ակտիվ ներգրավվածությունը կարծես չենք տեսնում: Հիմնական պարզաբանումն այն է, որ եթե օրենքով որեւէ արգելք չկա, անձինք կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը, սակայն այս դեպքում գործնականում առաջացող խնդիրները բազմաթիվ են: Ըստ էության, ամբողջ բեռը թողնվում է դատապարտյալի վրա՝ բուհեր, կրթական ծրագրեր գտնել եւ այլն:

Իհարկե , այս առումով դրական փորձ էլ ունենք, Արմավիր քրեակատարողական հիմնարկը բավականին բաց եւ տրամադրված աջակցում է այդ պրոցեսին: Հիմնական խնդիրը վճարի հարցն է, եթե անձինք ազատազրկված են, իսկ նման հիմնարկներում աշխատանքի հարցը կարգավորված չէ, եւ եթե անգամ դատապարտյալներն աշխատեն էլ, նվազագույն աշխատավարձ են ստանում, ինչով չեն կարող հոգալ ուսման վարձը: Ստիպված նրանց հարազատները պետք է հոգան եւ ազատազրկված հարազատի ընթացիկ կարիքները, եւ ուսման վարձը վճարեն»,- փաստեց Նարե Հովհաննիսյանը

«Ներկա դրությամբ Արմավիր ՔԿՀ-ի 5 դատապարտյալ սովորում է բուհում: Նախկինում եւս եղել ազատազրկվածներ, որոնք նույնպես սովորել են բուհերում, հիմնականում «Ուրարտու» համալսարանում են ուսանել: Վերջին երկու տարիներին ունենք նաեւ այլ համալսարանների հետ համագործակցություն:

2020թ սկզբից փոխեցինք աշխատանքի ձեւաչափը, փորձեցինք կապ հաստատել այլ համալսարանների հետ նույնպես, քանի որ դատապարտյալները ցանկանում էին այլ համալսարաններում էլ ուսանել:

Ու քանի որ քովիդի պատճառով բոլոր բուհերն անցել էին ուսուցման օնլայն ռեժիմի, մենք եւս նման պրակտիկա իրականացրինք «Արմավիր» ՔԿՀ-ում եւ ստացվեց: Նախկինում միայն «Ուրարտուն» էր համաձայն դասերն անցկացնել հեռակա՝ բերում էին թեմաները, հանձնում էին դատապարտյալներին, քննություններին գալիս՝ ընդունում էին, իսկ դատապարտյալները հնարավորություն չունեին մասնակցել դասերին: Այժմ ընձեռվել է հնարավորություն, բոլոր ազատազրկված անձինք կարող են օնլայն ձեւաչափով մասնակցել դասերին: Նրանք հեռակա են սովորում»,-ասաց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանը:

Հավելեց, որ բուհերից բժշկական համալսարանը հրաժարվել է համագործակցել, պատասխանել են, որ չի կարող բժշկի մասնագիտություն ստացող անձը հեռակա սովորել, քանի որ պրակտիկ ուսուցում է անհրաժեշտ: Նշեց, որ ազատազրկված անձինք հիմնականում հոգեբանություն եւ իրավագիտություն են սովորում, ունեն նաեւ դատապարտյալ, որը երեք տարի ուսանել է բժշկական համալսարանում, հետո հայտնվել ՔԿՀ-ում. «Նա ցանկություն էր հայտնել վերականգնել ընդհատված ուսումը, բժշկական համալսարանը հրաժարվել էր, «Հայբուսակը»՝ համաձայնել: Բայց այս դեպքում էլ չստացվեց, քանի որ ուսման վարձի խնդիր կար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31