«Տեւական ժամանակ է՝ լրագրողների հանդեպ տեռոր է իրականացվում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում։ Դրա դեմը չառնելու դեպքում, ինչպես դատարաններն էին շրջափակում, այնպես էլ խմբագրություններն են շրջափակելու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը երեկ ԱԺ ամբիոնից լրագրողներին անվանել էր «վերբալ մարմնավաճառներ»։
Գեղամ Մանուկյանը դիմեց լրագրողներին․ «Մեկ-երկու անհանգստացնող հայտարարությունից բացի՝ այլ քայլի չեք դիմել, շարունակում եք այդ օթյակում նստել, լինել խմբագրություններում, բայց կտրուկ գործողությունների չեք դիմում։ Այսպես անհնար է շարունակել։ Դուք տեռորի զոհ եք դառնում, հասարակությունը՝ եւս։ Մի քանի սպառնալիքից հետո՝ ՀՀ լավագույն լրագրողներից մեկը երեք տարի առաջ ասաց, որ այլեւս չի խոսի, որովհետեւ հոգեբանական, հանրային տեռոր կար»։
Մանուկյանը նշեց, որ որպես ԱԺ պատգամավոր՝ դիմելու է միջազգային կառույցներին, ապա դիմեց քաղաքական մեծամասնությանը․ «Հիշեք, որ վաղը կարող եք իշխանություն չլինել ու պաշտպանության կարիք ունենալ։ Հանուն բոլորի՝ թույլ մի տվեք այս տեռորը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ