Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք զիլ եւ հետաքրքիր ենք ապրում». Կարեն Ներսիսյան

Հունվար 21,2022 13:34

«Չնայած կորոնավիրուսին ու պատերազմին՝ մեկ օր անգամ չենք դադարեցրել մեր թատրոնի աշխատանքները», – «Սպուտնիկ Արմենիա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

«Մեր թատրոնը մշտապես աշխատել է, 16 ներկայացումներով հարստացել է մեր խաղացանկը: Գիտակցաբար այնպես ենք աշխատել, որ մեր խաղացանկը բազմազան լինի: Այն բաղկացած է եւ դասական գործերի բեմադրություններից՝ Շեքսպիր, Մոլիեր, Թումանյան, Պուշկին, եւ ժամանակակից պիեսներից, որոնց թվում են ամերիկացի Դոն Նիգրոյի «Մարդիկ, գազաններ, հանգամանքները», ժամանակակից ճապոնական պիես՝ Միտանիի «Ծիծաղի ակադեմիան», լեհական պիես ունենք՝ «Գարդենիան» ըստ Էլժբետա Խովանեցի գործի…»,-ասաց Կարեն Ներսիսյանը:

Ասաց նաեւ, որ հայ ժամանակակից դրամատուրգի գործ եւս բեմադրել են՝ նվիրված Կոմիտասին, որը խաղացանկում է: Հավելեց, որ երեխաների համար երեք ներկայացում ունեն, նաեւ ներկայացումներ՝ փոքր բեմի համար:

«Մեր փոքր բեմը եւ գոյություն ունեցող բեմն է, եւ այն, որ մեզ համար բակում նոր տարածք ենք ստեղծել, ու սկզբում այդ քայլին ստիպված էինք դիմել՝ պայմանավորված համաճարակային սահմանափակումներով: Սակայն, երբ բացօթյա «Գարդենիան» կայացավ, մենք հասկացանք, որ դա հրաշալի ձեւաչափ է: Ունենք նաեւ ներկայացումներ, երբ փոքրաթիվ հանդիսատեսը բեմի վրա է՝ դերասանների հետ, նրանցից 1,5 մետր հեռավորության վրա»,-հավելեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա նշեց, որ 15 խաղացանկային ներկայացումներից 5-ի բեմադրիչն ինքն է, այդ թվում են «Քաջ Նազարը», Մարդիկ,գազաններ, հանգամանքները», «Ծիծաղի ակադեմիան»:

«Ես որպես ակտիվ ռեժիսոր՝ գիտակցաբար այս տարիներին բաց եմ եղել, որ բազմազան ներկայացումներ լինեն մեր թատրոնում՝ եւ երիտասարդ, եւ հրավիրված բեմադրիչների գործեր ներկայացնենք»,-ընդգծեց նա, առանձնացրեց Գոռ Մարգարյանի, Նորա Գրիգորյանի բեմադրած ներկայացումները: Հավելեց, որ հաճախ որոշ դերասաններ թատրոն են գալիս սեփական մտահղացումներով եւ ցանկանում իրենց փորձել իբրեւ ռեժիսոր, իսկ արդյունքը բավականին հետաքրքիր է ստացվում: Այդպես ներկայացումներ են բեմադրել Իրա Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը, Մանվել Խաչատրյանը:

«Ես կարծում եմ, որ մենք զիլ եւ հետաքրքիր ենք ապրում»,-վստահ է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Միեւնույն ժամանակ նշում է. «Իհարկե, պատահում է եւ այնպես, որ ոչ բոլոր ներկայացումներն են հասնում առաջնախաղին: Հիշում եմ երեք նախագիծ, որոնք այդպես էլ ավարտին չհասան, ինչը նույնպես բնական է»:

Ինչ վերաբերում է 2022-ի ծրագրերին, Կարեն Ներսիսյանը ասաց, որ պետք է ռուսական դասականների էլ բեմադրել, հատկապես որ ռուսական դրամատիկական թատրոն են. «Իմ կարծիքով ռուսական դասական դրամատուրգիան ամենահզորն ու բարդն է, որ գոյություն ունի համաշխարհային դրամատուրգիայում: Այս տարին որոշել ենք հայտարարել ռուսական դասական դրամատուրգիայի տարի: Այժմ փորձում ենք ամենազիլ պիեսը՝ «Բալի այգին», դրանից հետո կստանձնենք Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» գործի բեմադրությունը, ապա՝ «Թագուհի գորտը»՝ մանուկների համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31