«Շարունակո՞ւմ եք կարծել, որ գերիների վերադարձի համար Պուտինն ու Ռուսաստանն են պատասխանատու, թե մի քանի ամիս պատգամավոր չեղած ժամանակ փոխել եք ձեր կարծիքը»,-ԱԺ նիստում այսօր ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ հարցը թեմայի հետ կապ չունի, կարող է չպատասխանել։
Արթուր Մանուկյանը պատասխանեց․ «Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու չէր բերել։ Երբ լրագրողն ինձ հարցրեց, թե ինչու գերիներին չեք բերել, ես պատասխանեցի, որ սխալ մարդու է հարցը տալիս։ Նա գնացել էր բերելու եւ չի բերել։ Գնացեք այդ մարդուն հարցրեք։ Եթե նա չգիտի, դեսպանին կարելի է հարցնել։ ՌԴ գեներալը պետական մարդ է եւ ուղիղ հրաման է կատարում»։
Ապա Գեղամ Մանուկյանն անհամաձայնություն հայտնեց Արթուր Մանուկյանի՝ այսօր արտահայտած մտքի հետ, թե ընդդիմադիրներն իր օգտին չեն քվեարկի, որովհետեւ դաշնակցական են։ Արթուր Մանուկյանը հակադարձեց․ «Գեղամ, գրազ գա՞նք։ Հարյուր տարի իրար ճանաչում ենք, ուզո՞ւմ ես գրազ գանք»։
Գեղամ Մանուկյանն ասաց․ «Չէի քվեարկի նրա համար, որովհետեւ վերջին մեկ տարում ձեր խոսքում երկիր կորցնելու ցավի հետ կապված ոչ մի բան չտեսա։ Այ դրա համար»։
Կարդացեք նաև
Արթուր Մանուկյանը վրդովվեց․ «Ցավի ցուցադրության դիրքեր չեմ ընդունելու, որ համոզելի լինի։ Գեղամ, դու ինձ ճանաչում ես երեսուն տարի, չգիտե՞ս, որ ցավում եմ, կասկածո՞ւմ ես։ Ոչ, ուղղակի դաշնակցական որոշում կա, որ չես քվեարկելու»։
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է դերասան, ռեժիսոր, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության նախկին պատգամավոր եւ ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արթուր Մանուկյանի թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ