Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեպրեսիվ ապարատը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, հույս չունենան՝ ինձ կլռեցնեն». Արմինե Ադիբեկյան

Հունվար 21,2022 13:17

«Կարող եմ վստահորեն փաստել, որ ռեպրեսիվ ապարատը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, և արդեն գործը դրել են հոսքի վրա, և այս գործերը գնալով բազմանալու են»,- դուրս գալով Նոր Նորքի ոստիկանության բաժնից՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Նշենք, որ նրան այս անգամ իր՝ ենթադրաբար հունվարի 5-ին կատարված ֆեյսբուքյան գրառման համար են հրավիրել Նոր Նորքի ոստիկանության բաժին:

Նա հայտնեց՝ սա արդեն երկրորդ գործն է:

Հիշեցնենք՝ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր՝ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։

Արմինե Ադիբեկյանը տեղեկացրեց՝ հրաժարվել է ցուցմունք և բացատրություն տալուց:

Ըստ նրա՝ այս ամենի նպատակը ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկվելն է, այլ այսպես ասած՝ բյուջե լցնելը. «Պատիժը համով գումար է: Եթե ամսական մի հարյուր մարդ դատել կարող են, մեր նման անձանց միջոցով բյուջե կլցնեն: Այդ մարդիկ մեռան անպատվություն, հայհոյանք ուտելով, մարսելով դրսի մարդկանց կողմից: Նրանցից փող մուրալ չեն կարող: Երկրի ներսում լավ մտածել են՝ համ անպատվություն կուտենք, համ էլ փող կաշխատենք»:

Արմինե Ադիբեկյանի համոզմամբ՝ իր թասիբի մասին մտածող մարդու վարքագիծն այլ է, իսկ այս դեպքում նրանք բիզնես են «սարքել»: Նա վստահեցրեց՝ իրեն լռեցնել հնարավոր չէ ու շարունակեց. «Քանի այս վարչակազմը ոչնչացնում է մեր պետականությունը և ոտնատակ անում մեր ազգի արժանապատվությունը, ինձ լռեցնելը միայն մեկ ձև ունի, իսկ այդ դեպքում նրանք կունենան ավելի լուրջ խնդիրներ իրենց պատվիրատուի հետ: Անհույս է, որ ես կլռեմ՝ նայելով՝ ոնց են քանդում մեր երկիրը: Եթե կարծում եք՝ այս ձևով մեզ պարտադրեք Նիկոլ Փաշինյան սիրելը, չարաչար սխալվում եք»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս երևույթը համարում է քաղաքական հետապնդում: Նա պարզաբանեց. «Այս չարաբաստիկ հոդվածն ՝ է՝ 137.1: Այդ օրենքը 2021-ին ՔՊ-ն, այլ ոչ թե ԱԺ-ն ընդունեց, քանի որ որևէ այլ պատգամավոր կողմ չքվեարկեց այդ նախագծին: Սա ՔՊ-ի օրենքն է, ՔՊ-ին պաշտպանելու համար: 137.1-րդ հոդվածն ունի երեք մաս: Երրորդ մասով պարբերաբար ծանր վիրավորանք ներկայացնելն է: Մեր պատկերացմամբ՝ նոր քրեական գործ է հարուցվելու, որը միացվելու է նախորդին, և երկրորդ մասը դառնալու է երրորդ: Էապես ավելանում է սահմանված տուգանքի չափը, եթե երկրորդ հոդվածով տուգանքը 500.000 դրամից 1 միլիոն է, այստեղ 1-3 միլիոն դրամ, գումարած կալանքը. որպես պատիժ նախատեսված է 1-3 ամիս ժամկետով կալանք»:

Ռուբեն Մելիքյանը վստահեցրեց՝ Արմինե Ադիբեկյանի գրառումը վիրավորական գնահատական որևէ կերպ չի կարող պարունակել ու հավելեց. «Զավեշտն այն է, որ այս մարդիկ, որ այդքան շնորհակալություն են հայտնում այդ նույն եվրոպական կառույցները, ժամանակին, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵԽ-ին, մի քանի սկզբունքային պայմաններ են դրվել, որոնցից մեկն այն ժամանակ դեռևս քրեական օրենսգրքում առկա վիրավորանքի ապաքրեականացումն էր: Դեպքերից մոտ 20 տարի հետո հետ են բերել այս հոդվածը, և որևէ արձագանք չկա: ՀՀ-ն չէր կարող օգտվել եվրոպական բարիքներից, եթե 2002-2003-ի այս հոդվածը չապաքրեականացվեր»:

Ավելին, Ռուբեն Մելիքյանի տպավորությամբ՝ մարդիկ կան, որոնք աշխատում են ոստիկանությունում, որոնք մեր հաշվին աշխատավարձ են ստանում և ամբողջ օրը ֆեյսբուքում ման են գալիս, տեսնեն՝ Նիկոլ Փաշինյանին ով է մի կծու թթու խոսք ասել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31