Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկնքից մանանա էլ իջեցնեմ, դուք ինձ չեք ընտրելու, որովհետեւ դաշնակցական եք»․ Արթուր Մանուկյանը՝ Լիլիթ Գալստյանին

Հունվար 21,2022 12:48

«Կարծում եմ՝ դուք առհասարակ չեք պատկերացնում, թե ՀՌՀ-ն ինչ լիազորություններ եւ իրավասություններ ունի։ Ձեր հետ զրույցը հրաշալի է երգն ու թատրոնը քննարկելիս, բայց դա առնչություն չունի ձեր հավակնածի հետ»,-ԱԺ նիստում այսօր դիմելով ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա նշեց՝ օրենքը ՀՌՀ անդամի համար պարտադրում է ունենալ զանգվածային լրատվության ոլորտում աշխատանքային փորձ եւ մասնագիտական հեղինակություն։

Արթուր Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Դուք ձեզ հեղինակավոր քաղաքական գործիչ համարո՞ւմ եք․․․դա շատ տարօրինակ հարց է։ Ես համեստ մարդ եմ եւ չեմ կարող այդ հարցին ուղիղ պատասխանել։ Իմ կենսագրությունում նշված է, որ աշխատել եմ «Հայրենիք», «Ա1+», «Արմենակոբ» հեռուստաընկերություններում։ Իմ գործընկերների համար, կարծում եմ, ինչ-որ հեղինակություն ունեմ այդ ոլորտում։ Իսկ հեղինակությունն ո՞վ է, նա, ով իր մասին կարող է ասել, թե ինքը հեղինակությո՞ւն է։ Ոչ»։

Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Կուզեի լսել, որ այս կամ այն հաղորդման սցենարի հեղինակն եք եղել, որը տեսալսողական մեդիայի ոլորտում հետագիծ է թողել։ Խոսքը ՀՌՀ-ի եւ տեսալսողական մեդիայի ոլորտի մասին է»։

Արթուր Մանուկյանը նշեց, որ հաղորդումներում ինքը ռեժիսոր է եղել․ «Եթե այդ հաղորդումները չեն հիշվել նրա համար, ով չի տեսել, կարող եք ինձ չընտրել։ Ես գիտեմ, որ դուք ինձ չեք ընտրելու։ Եթե հիմա երկնքից մանանա իջեցնեմ այստեղ, ամենահրաշալի ճառն ու տեսլականը ներկայացնեմ, միեւնույնն է, դուք ինձ չեք ընտրելու։ Ոչ թե նրա համար, որ ես լավն եմ կամ վատը, այլ որովհետեւ դուք դաշնակցական եք եւ ինձ չեք ընտրելու։ Ձեր ընտրությունը քաղաքական որոշում է»։

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ հիշեցրեց, որ Մանուկյանը ՔՊ անդամ է, իսկ ՀՌՀ-ն անկախ մարմին է։ Թեկնածուն պատասխանեց, որ ընտրվելու դեպքում սառեցնելու է կուսակցական պատկանելիությունը եւ երդվելու է լինել անաչառ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31