Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում մենք ստիպել ենք, որ նույնիսկ ՀԱՊԿ ղեկավարությունը՝ Բորդյուժայի գլխավորությամբ գա Նախիջեւանի սահման». Սեյրան Օհանյան

Հունվար 21,2022 12:40

«Մեր պետության սխալներն անընդհատ կրկնվում են: Մերոնք երեւի թե ընդունում են հայտնի խոսքը, որ փորձը փորձանք չէ: Պրակտիկան ցույց տվեց, որ իրականում փորձը բերեց ահռելի փորձանքի» ,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա անդրադարձավ հայելային հետքաշման հայտարարություններին. «Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել: Մենք արդեն կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Այնուհետեւ հակառակորդը եկավ կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպեց, մխրճվեց մեր տարածք՝ Կապանի հատվածը, Կապանի ճանապարհները, Սեւ լիճը, ռազմավարական բարձունքները Իշխանասարում, Գեղարքունիքում, Ջերմուկի հատվածում: Այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, պետք է հայելային հե՞տ քաշվել, հակառակորդն ինքը պետք է հետ քաշվի: Եթե չստիպեն հետ քաշվել, մենք ստիպված ենք գործադրել ՀԱՊԿ-ի գործիքը եւ մեր ԶՈՒ-ն: Սահմանազատման եւ սահմանագծման խնդիրները լուծելու համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարեւան պետությունների, ստեղծեն հանձնաժողով ու աշխատանքներ իրականացնեն: Ադրբեջանը հիմա մեր համար հարեւա՞ն է՝ իր հոխորտանքներով, ռազմական լոկալ հարձակումներով, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունը»:

Վարչապետ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ ՀԱՊԿ-ը բանակ չէ, ռազմաքաղաքական կառույց է  ու Բրյուս Լի չկա ՀԱՊԿ-ում: Սեյրան Օհանյանն այս առնչությամբ ասաց. «ՀԱՊԿ-ում ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ համապատասխան գործընթացներ են իրականացվել: Առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են, առաջարկությունը ի սկզբանե եղել է Ղազախստանինը, մենք այնտեղ լուրջ ներդրում ենք ունեցել: Մյուս երկու կոմպոնենտը՝ ռազմական կոմիտեն, որի անդամ են հանդիսանում ԳՇ պետերը, մեր առաջարկությամբ է ձեւավորվել, խաղաղապահ ուժերի ձեւավորումը եղել է ՀՀ խաղաղապահ ուժերի բրիգադայի օրինակով: Սա նշանակում է՝ ՀՀ իշխանությունները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն՝ ՀԱՊԿ-ի խնդիրները գործարկելու: Բավականին լուրջ աշխատանք է կատարվել ՀԱՊԿ-ի ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իսկ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո, երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին, իրենք ոչինչ չեն արել, բացի քննարկում կազմակերպելուց»:

Հարցին՝ ձեր իշխանության օրոք էլ էր ՀԱՊԿ-ը խափանված, որովհետեւ երբ հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ էր լինում, ՀԱՊԿ-ը հավասարության նշան էր դնում ու զսպվածության կոչ անում՝ Օհանյանը պատասխանեց, որ 2016-ից չի պաշտոնավարել, բայց նախկինում իրենք ստիպել են, որ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը՝ Բորդյուժայի գլխավորությամբ, գա ու սահմանները տեսնի, Նախիջեւանի սահմանից հայտարարություն անի: Բացի այդ, ըստ նրա, ՀԱՊԿ-ը այն ժամանակ ավելի գլոբալ խնդիրների համար է ստեղծված եղել՝ Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում արձագանքելու համար. «Ասել ենք՝ սադրանքների դեպքում նույնիսկ ամոթ է միանգամից դիմել ՀԱՊԿ-ին, ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է իր առջեւ դրված խնդիրները լուծելու ու իրականացրել է: Այլ խնդիր է հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ արդեն միայնակ քո անվտանգության խնդիրները լուծել չես կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31