Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարական երգելով է զոհվել»․ Արթուր Մանուկյանը հուզվեց՝ Սիմոն Աչիկգյոզյանի մասին հիշելիս

Հունվար 21,2022 12:12

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է դերասան, ռեժիսոր, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։

Ելույթում Արթուր Մանուկյանը հիշատակել էր արցախյան շարժման եւ նրա ակտիվ մասնակից Սիմոն Աչիկգյոզյանի մասին։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ իր համար շատ թանկ մարդու անուն հնչեց, նա իր դասախոսն է եղել ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում․ «Ես նրան հայրենասեր չեմ համարում, այլ հայրենատեր։ Նա ողջ էությամբ հայրենիք էր ներկայացնում։ Աչիկգյոզյան կերպարն ու արժեհամակարգն ինչպե՞ս փոխանցենք սերունդներին»։

Արթուր Մանուկյանը պատասխանեց․ «Ինձ համար ինքը․․․ես երիտասարդ էի, մեր երգչախումբը մեծ նվիրում է տածել նրա հանդեպ՝ բանիմաց էր, խարիզմատիկ, այնպե՜ս էր երգում․․․եթե բան էր ասում՝ աշխարհը վերափոխվում էր»։

Այս խոսքերի վրա Արթուր Մանուկյանը հուզվեց, աչքերն արցունքոտվեցին․ «Իր ընկերներն ասում են, որ նա շարական երգելով է մահացել։ Մինչեւ վերջին փամփուշտը շարական է երգել։ Ֆիլմ նկարենք։ Ստեղծենք հնարավորություն ցույց տալու, որ հերոսը շարական երգելով է մահացել, որ հրամայել է ջոկատին բնակիչներին փրկել, իսկ ինքը մենակ է մնացել տանկի դեմ։ Չի կրակել, երգել է, որովհետեւ տանկին ինքնաձիգով չես սպանի»։

Հավելենք, որ արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ անդամ, 1991թ․-ին Մարտունաշենում «Արաբո» ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը(«Դեդ») զոհվել է նույն թվականին՝ Մարտունաշենի պաշտպանության ընթացքում՝ Արցախը հայաթափելու նպատակ հետապնդող «Օղակ» հայտնի գործողության ժամանակ։ Մարտական ընկերների վկայությամբ՝ նա ջոկատին հրահանգել է տարհանել բնակիչներին։ Տանկի հարվածի հետեւանքով Աչիկգյոզյանը մնացել է պատսպարման տեղի փլատակներում։ Որոշ ժամանակ անց մարտական ընկերը դժվարությամբ նրա աճյունը տարհանել է։ «Դիակս թուրքի ձեռքը չընկնի»,-պատգամել էր Սիմոն Աչիկգյոզյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Սիմոն Աչիկգյոզյանը 91թ․  ապրիլի 30-ին Մարտունաշենում զոհվել է։ Շարականը հրաշք բան է, բայց շարականը շուրթերին չի զոհվել։ Այդ երգը հայտնի հեղափոխական երգ է՝ դաշնակցական խումբ, գնանք մենք Սասուն, մեր քույր-եղբայրներ մեզ են սպասում․․․սա ասում եմ հանուն ճշմարտության եւ պատմության»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31