«Երեկ կառավարության ղեկավարն ասաց, որ կա մի ուսուցիչ, որն ուզում է պարեկ դառնալ, եւ դա ներկայացրեց որպես դրական լուծում։ Այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնո՞ւմ է»,-ԱԺ նիստում այսօր ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է դերասան, ռեժիսոր, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։
«Կոնտեքստը լավ չհասկացա։ Ո՞վ է ուզում պարեկ դառնա։ Այո, չի համընկնում։ Ուսուցիչը շատ մեծ կոչում է, իսկ պարեկն այլ գործառույթ է»,-պատասխանեց Արթուր Մանուկյանը՝ ասելով, որ հարցի ենթատեքստը չհասկացավ։
«Հավանաբար չեք հետեւում գործադիրի նիստերին։ Շնորհավորում եմ, ձեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար եւ երջանիկ կապրեք։ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր պարեկային ծառայության մասին, օրինակ բերեց, որ կա մի ուսուցիչ, որը ցանկանում է թողնել իր գործը եւ դառնալ պարեկ։ Դուք համաձա՞յն եք մոտեցման հետ, որ ավելի լավ է պարեկ լինել, քան ուսուցիչ»,-ասաց Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Արթուր Մանուկյանն արձագանքեց․ «Հա՜․․․հասկացա։ Կարծում եմ՝ պարեկ դառնալ ցանկացող ամեն ոք պետք է դառնա պարեկ, որովհետեւ եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ուրեմն ինքը ուսուցիչ չի ծնվել, սխալ տեղ է եկել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իսկ եթե արվեստագետն ուզում է չինովնիկ դառնա՞լ: