ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընտրվել է Երևանի նոր քաղաքապետ, ուստի հարկ եմ համարում կիսվել մի քանի նկատառումներով քաղաքաշինական իրադրության մասին:
Հայտնի է, որ մայրաքաղաքում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են անհրաժեշտ կարգավորում՝ կառուցապատման խտությունը կենտրոնում, տրանսպորտի, հանրային տարածքների, կանաչապատման, սեյսմիկ անվտանգության, ինժեներական ենթակառուցվածքների և այլ: Սակայն, իմ կարծիքով, սրանք պաշտած ու ջանասեր աշխատանքի արդյունքում լուծվող խնդիրներ էն:
Ավելի վատ է ճարտարապետության վիճակը:
Կարդացեք նաև
Հայտնի է նաև, որ ճարտարապետության առաջնային նպատակն է ստեղծել ապրելու համար ապահով, հարմար և գեղեցիկ միջավայր: Երևանը իր պատմության վերջին ժամանակաշրջանում հենց այդպիսին էր իր հրապարակներով, բնակելի ու հասարակական շենքերով, հասարակական կանաչ զանգվածներով, և ամենակարևորը անսամբլային, կարծես մեկ շնչով արված, կառուցվածքով:
Այսօրվա կառուցապատումը իրականացվում է առանձին, հատ-հատ շենքերով, բացակայում է այն գլխավոր բաղադրիչը, որը կոչվում է անսամբլային կառուցապատում: Քաղաքի կառուցվածքն էլ, ինչպես շախմատի ֆիգուրներում, պետք է ունենա շենքեր-զինվորներ և շենքեր-թագավորներ:
Ցավը նրանումն է, որ բոլոր խնդիրները կարելի է շտկել՝ լրացնել ինժեներական ենթակառուցվածքը, անցկացնել նոր ճանապարհներ, ստեղծել նոր կանաչ պուրակներ: Ավելի դժվար է, գուցե և անհնար է, շտկել, ազատվել սխալ տեղում կառուցված, անհրապույր, տգեղ շինություններից: Դրանք մնայուն են, երկարակյաց են:
Էլ չեմ ասում մի կարևորագույն հասկացողության մասին, որ կոչվում է ազգային ճարտարապետություն: Մենք, կարծես, մոռացել ենք թե ազգային ոգու ինչ բարձրունքների էին հասել մեր ճարտարապետները մինչև 80-90 ական թվականները: Բայց սա առանձին խոսակցության նյութ է:
Առանձին նյութ է նաև քաղաքացու կերպարի ու ներքին բնավորության դաստիարակությունը: Քաղաքացու, որը քաղաքի տերը լինի այնպես, ինչպես իր բնակարանի տերն է, և հոգատար լինի իր քաղաքի ամեն անկյունին: Քաղաքացու, որ հարգում է մյուս համաքաղաքացիներին և օրենքը: Ինչ որ է:
Առաջարկությունս կարող է հռետորական, թվալ բայց ուրիշ ճանապարհ չեմ տեսնում:
Քաղաքաշինական իրադրությունը շտկելու ճանապարհին պետք է օգտագործել մեր ճարտարապետական հանրության բոլոր հնարավորությունները: Մեզանում կան բազմաթիվ շնորհալի, բանիմաց ճարտարապետներ, տաղանդավոր երիտասարդներ, որոնց պետք է ներգրավել քննարկումներում, առանձին դեպքերում կազմակերպել մրցույթներ: Բացի քաղաքապետին կից ճարտարապետական խորհրդից, որի կազմը, ի դեպ, անհրաժեշտ է լրացնել, ներգրավելով ամենափորձառու և երիտասարդ մասնագետներով, պետք է վերականգնել նախկինում գոյություն ունեցող կարգը ու կարևորագույն ճարտարապետական հանգույցները դնել քննարկման ճարտարապետների Պալատում: Առաջին հերթին Պալատում պետք է քննարկվեն գլխավոր հատակագծի, գոտիավորման նախագծերի կամ առանձին փողոցների կառուցապատման, ինչպես հեռանկարային, այնպես ել հրատապ խնդիրները, ներգրավելով բնակչության լայն զանգվածներ:
Շուտով գործի կդրվի Կենտրոնի կառուցապատման մասին նոր օրենքը, որը մշակվել է Քաղաքաշինության Կոմիտեի կողմից: Սկսվում է Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքը: Վերջին մեկ տարում մեծ նախապատրաստական աշխատանք է արվել քաղաքապետարանում:
Կարծում եմ Քաղաքապետարանի ու Ճարտարապետների Պալատի համատեղ աշխատանքը կարող է բերել դրական արդյունքի:
Ո՞վ է պարտավոր բուժել մեր մայրաքաղաքի հիվանդությունը, եթե ոչ մենք: Եվ ես հավատում եմ, որ մեր այսօրվա ճարտարապետները ունեն այդ ներուժը: Միայն պետք է ճիշտ կազմակերպել ու մտածված ու համախմբված անցնել գործողությունների: