Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Նման առեւտուրը, այն է՝ պայմանով գերիների վերադարձը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 21,2022 10:26

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած եւ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում ասված է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան օտարերկրյա ջոկատների աջակցությամբ ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա: Իրավական ակտում ընդգծված է, որ չնայած Ժնեւյան կոնվենցիաներով եւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից տեւական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերի, պատանդ եւ ձերբակալված անձանց: Հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

Տիկի՛ն Ալավերդյան, դուք գերիների իրավունքները պաշտպանելու հարցում մեծ փորձ ունեք առաջին արցախյան պատերազմի տարիներից, հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱՄՆ հրապարակած 200 ռազմագերիների թվում լինեն մեր անհետ կորած համարվող զինծառայողները:

-Մեր փորձը ցույց է տվել, որ շատ-շատ անգամներ նրանք, ովքեր ի սկզբանե համարվում էին անհետ կորածներ, հետագայում կամ հայտնվում էին զոհվածների ցուցակում, կամ գերիների: Ընդ որում, երկրորդ տարբերակն ավելի քիչ էր հանդիպում, եւ երբ նրանց գտնում էինք գերեվարվածների մեջ, դա համարում էինք մեծ հաջողություն: Այսինքն, ուզում եմ ասել, որ այդ հավանականությունը կա, որ գերիների մեջ լինեն նաեւ անհետ կորածներ, առավել եւս, որ Բաքվում պահվող ռազմագերիների՝ ադրբեջանական հրապարակված պաշտոնական թիվը խիստ կասկածելի է:

ԱՄՆի ընդունած օրենքում հրապարակված 200 թիվը, Ձեր կարծիքով, իրականության պատկե՞րն է:

-ԱՄՆ հայտարարած թիվը ինձ ճշգրիտ թիվ չի թվում: Հակառակը՝ կարծում եմ, որ այդ թիվը կարող է գերազանցել հնչեցված 200-ը: Իմ համոզմունքը եւ հույսն է, որ հանձնված տարածքների հետ գերի վերցվածները դեռ ողջ են: Հուսով եմ, որ հրադադարից հետո էլ այդ տարածքներում պայքարող, այնտեղ գտնվող ջոկատների անդամների գոնե մի մասը ողջ է: Իմ կարծիքով՝ գերիների թիվը կարող է գերազանցել 200-ը հենց այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ չեն դրվել պայմաններ, որ կազմակերպված ձեւով դուրս հանվեին այնտեղ գտնվող ջոկատները՝ առնվազն այն տարածքներից, որոնք դեռ հայկական ուժերի վերահսկողության ներքո էին:

Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Համոզված եմ, որ ի սկզբանե Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որ գերիների հարցը չդառնար քաղաքական առեւտրի հարց: Ինձ համար զավեշտալի է, որ արտասահմանից որոշ պետություններ ողջունում են նման գործընթացը, այնինչ նման առեւտուրը, այն է՝ պայմանով գերիների վերադարձը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է: Այն դատապարտելու փոխարեն, որոշ պետություններ անում են հայտարարություններ եւ ողջունում այդ գործընթացը: Օրինակ՝ Հունգարիան հնացած ներողության նման մի բան արեց՝ Ռամիլ Սաֆարովին անօրինական Ադրբեջանին վերադարձնելու դիմաց: Սրանք կեղտոտ պայմանավորվածություններ են, եւ այս առումով մերժում եմ նման մոտեցումը: Հայաստանը պետք է ի սկզբանե այդ հարցը բարձրացներ բոլոր միջազգային հարթակներում եւ այն դարձներ քաղաքական օրակարգի հարց՝ Ադրբեջանին պարտադրելով պատժամիջոցների վտանգի ներքո վերադարձնել բոլոր գերիներին, ինչպես պահանջում է միջազգային հումանիտար իրավունքը: Այն չի արվել, եւ երբ էլ այն սկսեն անել՝ ժամանակավրեպ չի լինի: Երբեք չի կարելի ասել, թե արդեն ուշ է, հակառակը, կարծում եմ, որ դեռ ամենի ինչ կորած չէ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31