Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը մտածելակերպի փոփոխության կարիք ունի, իսկ ժամանակ շատ քիչ ունենք. հիմնադրվել է «Մտավորականների միություն» հասարակական կազմակերպություն

Հունվար 21,2022 11:52

Հունվարի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ նորաստեղծ Մտավորականների միության Ավագանու անդրանիկ նիստը: Այն նախաձեռնել էր «Շուշի» բարեգործական հիմնադրամը: Նիստի ընթացքին օնլայն ուղիղ կապով մասնակցում էին Արցախի մտավորականության ներկայացուցիչները:

Զեկուցումով հանդես եկավ արձակագիր, հրապարակախոս, «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, որն ասաց, որ անցած երեսուն տարիներին մեր հանրության ներուժը, մտածելակերպը չկարողացավ կտրուկ առաջընթաց ապրող երկիր ստեղծել, ճիշտ կողմնորոշվել ընտրություններում: Մեղքը բարդել իրար հաջորդող չորս իշխանությունների վրա, ինչպես տեսնում ենք, փակուղի է տանում: Նա նշեց, որ իրավիճակի միակ պատասխանատուն երկրի հանրությունն է: Եթե հանրությունը դիտարկենք որպես ամբողջական օրգանիզմ, կտեսնենք, որ նրա ուղեղը լիարժեք չի գործում, այլապես կհսկեր երկրում տեղի ունեցող հասարակական, քաղաքական երևույթները, գոնե ընտրություններում կոպիտ սխալներ թույլ չէր տա: Ուստի համոզվում ենք, որ մեր հանրությունը մտածելակերպի փոփոխության կարիք ունի, իսկ ժամանակ շատ քիչ ունենք: Երեսուն տարի մեր երկրում նորաստեղծ վերնախավի կողմից արհամարհվել է մշակույթը, ուստի և ստեղծագործող մտավորականները ասպարեզից դուրս են մնացել: Հանրությունը կտրվել է սեփական մշակույթից, գրականությունից: Ստեղծագործական միությունները ավելորդ բեռ են դարձել երկրի ղեկավարների համար: Այդ միություններն է թափանցել կոռուպցիան: Անտեսվել է առաջադեմ միտքը: Իսկ աշխարհում առաջատարը, զարգացման հիմքը միտքն է՝ մտավորականների հիմնական զենքը: Իհարկե, մեր մտավորականությունն իր ներսում լուրջ խնդիրներ ունի, որոնց հաղթահարումը ևս լուրջ ջանքեր են պահանջում: Մտավորականության խնդիրը հանրության մտածելակերպի փոփոխությունն է: Պետք է գիտակցենք, որ Հայոց պատմության այս փուլում պատասխանատու շրջան ենք ապրում, ասաց զեկուցողը:

Այնուհետև բուռն քննարկումներ սկսվեց նախաձեռնող խմբի կողմից ներկայացված հայեցակարգի նախագծի շուրջը: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը իր ելույթում ասաց, որ կցանկանար հավատալ, որ հայ մտավորականությունը կարող է միավորվել և վճռորոշ դեր ստանձնել երկրի հասարակական կյանքում: Նա կարևորեց երիտասարդության շրջանում մտավորականների աշխատանքի կարևորությունը:

Հասարակական գործիչ, «Նելլիզ» ՍՊԸ տնօրեն Նելի Ոսկանյանը, որը արցախյան առաջին պատերազմի տարիներին եղել է Արցախի հանրապետության Կրթության, մշակույթի նախարարը, կարևոր համարեց նոր սերնդի կրթության, ընդհանրապես, առողջ ոգու վերականգնման գործը, որը կարող է իրականացնել մտավորականությունը: Շուշի բերդաքաղաքը, Հադրութի շրջանի բնակիչները հայրենազրկվել են ու անտուն են մնացել, և շուրջը անտարբերություն է:

Հունական համայնքի նախագահ Էդուարդ Փոլադովը, որը փախստականների հարցերով աշխատանքային մեծ փորձ ունի, կարևորեց մտավորականության ներգրավվածությունը Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների թշնամու կողմից օկուպացված բնակավայրերի բնակիչներին գործուն օգնություն ցույց տալու հարցում: Պարոն Փոլադովը առաջարկեց շղթայական ռեակցիայի ձևով մտավորականությանը աստիճանաբար ընդգրկել միության կազմում:

«Փի-Արտ» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը իր ելույթում առաջարկեց ավելի հստակեցնել միության նպատակն ու նպատակին հասնելու դրույթները: Նա առաջարկեց ըստ մասնագիտությունների միության սեկցիաների մեջ մտավորականների ընդգրկումը, որը ավելի նպատակային ու արդյունավետ կդարձնի միության աշխատանքը:

Բակուր Կարապետյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում թերթի խմբագիր Հարութ Սասունյանի գլխավորությամբ ձեռնարկվել է Հայկական Սփյուռքի խորհրդարանի հիմնման աշխատանքները, որին ամեն կերպ պետք է նպաստի մտավորականությունը, հենց այդ իմաստով էկ կարևոր է Սփյուռքում մտավորականության բաժանմունքներ հիմնելու խնդիրը:

Մտավորականության միության Ավագանու անդամները որոշեցին երկու շաբաթից ավելի ընդլայնված կազմով անցկացնել հաջորդ նիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել