Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնակարանների գները նկատելի թանկացել են. Երեւանի որ թաղամասում ի՛նչ արժե բնակարանների 1 քմ-ն

Հունվար 21,2022 14:30

Անշարժ գույքի գները մեր երկրում նկատելիորեն բարձրացել են: Խոսքը մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների մասին է: Ընդ որում՝ բնակարնները թանկացել են թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաք Երեւանում: Անշարժ գույքի շուկայում նկատելի փոփոխությունները տեղի ունեցան 2018 թվականից սկսած: Բացառություն եղավ միայն 2020 թվականը. COVID-19 համավարակն ու հատկապես՝ արցախյան վերջին պատերազմը, որոնք անշարժ գույքի շուկայում գնանկում առաջացրին: Սակայն 2021-ից սկսած՝ տների գները կրկին բարձրացան: Այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն օրերս հրապարակեց Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների եւ գոտիների:

Այսպես՝ Կենտրոն համայնքում բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ-ն 2021 թվականի նոյեմբերին արժեր 672 ($1403) հազար դրամ: 62 հազար դրամով ավելի բարձր՝ քան 2020-ի նոյեմբերին: Տների գների բարձրացումը տեղի է ունեցել նաեւ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատությամբ: Այսինքն՝ 1 ամսվա տարբերությամբ, Կենտրոնում 1 քմ-ի գինը բարձրացել է 7 հազար դրամով: Հոկտեմբերին 1 քմ-ն եղել է 665 հազար դրամ: Ընդ որում՝ Կենտրոն վարչական շրջանի առաջին գոտում 1 քմ-ի արժեքն ավելի բարձր է՝ 830 ($1733) հազար դրամ: 2021-ի հոկտեմբերին, սակայն, 818 հազար է եղել: Կենտրոնում գինը նվազում է 3-րդ, 4-րդ, 5-րդ գոտիներում՝ համապատասխանաբար կազմելով՝ 585 ($1220) հազար, 520 ($1085) հազար եւ 425 ($888) հազար դրամ:

Արաբկիր վարչական շրջանում, որը, անշարժ գույքի տեսանկյունից նույնպես թանկարժեք տարածք է համարվում, 1 քմ-ն արժե 475 ($992) հազար դրամ: 2020-ի նոյեմբերի համեմատությամբ այստեղ էլ 1 քմ-ն թանկացել է 37 հազար դրամով: Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին Արաբկիրում 1 քմ-ն 473 հազար դրամ է եղել: Արաբկիրի 3-րդ գոտում 1 քմ-ն 525 ($1010) հազար դրամ արժե:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում անցյալ տարվա հոկտեմբերի համեմատությամբ նոյեմբերին 1 քմ-ի արժեքը 10 հազար դրամով է բարձրացել, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատությամբ՝ 34 հազար դրամով՝ կազմելով ներկայումս 350 ($730) հազար դրամ: Այս տարածքում, սակայն, 4-րդ գոտում 1 քմ-ի արժեքը մոտ 400 ($835) հազար դրամ է:

Նոր Նորքում հոկտեմբերի համեմատությամբ էական թանկացում չի արձանագրվել, 1 քմ-ն այստեղ անցյալ տարվա նոյեմբերին եղել է 312 ($653) հազար 500 դրամ, հոկտեմբերին՝ 312 հազար դրամ: Բայց, փոխարենը, Նոր Նորքում 1 քմ-ի արժեքը 22 հազար 500-ով բարձրացել է 2020 թվականի նոյեմբերի համեմատությամբ: Այս վարչական շրջանի հինգերորդ գոտում բազմաբնակարան շենքում 1 քմ-ի արժեքը 564 ($1178) հազար 500 դրամ է: 8-րդ գոտում՝ 277 ($578) հազար դրամ:

Ավան վարչական շրջանում, որը նույնպես բաժանված է 4 գոտիների եւ գներն էլ ձեւավորվում են տարածքից կախված, 1 քառակուսի մետրի միջին գինը 310 ($647) հազար դրամ է, սակայն թանկ արժեցող գոտում, որը Ավանի պարագայում 5-րդ գոտին է, 1 քմ-ի արժեքը 330 ($689) հազար դրամ է: Ավանի 8-րդ գոտում, սակայն, 1 քմ-ի գինը 224 ($468) հազար դրամ է: Ավանում 2021-ի նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատությամբ, տների գները բարձրացել են 1 քմ-ն 7 հազար դրամով, սակայն 2020-ի նոյեմբերի համեմատությամբ 22 հազար դրամով:

Էրեբունու տարածքում բնակարանի 1 քմ-ն արժե միջինում 307 ($641) հազար դրամ: Այստեղ 2020 թվականի նոյեմբերի համեմատությամբ 27 հազար դրամով է թանկացում արձանագրվել: 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ էլ՝ 8 հազար դրամով: Էրեբունի վարչական շրջանի 5-րդ գոտին, սակայն, ամենաթանկն է. Այս գոտում 1 քմ-ն արժե 360 ($752) հազար դրամ: 9-րդ գոտում՝ 238 հազար դրամ:

Շենգավիթ վարչական շրջանում էլ 2020 թվականի նոյեմբեր ամսվա համեմատությամբ թանկացում է տեղի ունեցել: Եթե նշյալ ժամանակահատվածում Շենգավիթում 1 քմ-ն արժեր 295 ($616) հազար դրամ, ապա 2021-ի նոյեմբերին՝ 322 ($672) հազար դրամ, այսինքն՝ 1 քմ-ի արժեքն ավելացել է 27 հազար դրամով: Անցյալ տարվա հոկտեմբերի համեմատությամբ էլ նոյեմբերին Շենգավիթում 7 հազար դրամով է 1 քմ-ի արժեքն ավելացել: Շենգավիթում էլ 5 գոտի կա, որտեղ տների գները ամենաբարձրը 5-րդ գոտում են՝ 369 (770$) հազար դրամ, ամենացածրը՝ 9-րդ գոտում՝ 272 ($568) հազար դրամ:

Տների գները նկատելի բարձրացել են Դավթաշեն վարչական շրջանում: Վիճկոմիտեի տվյալներով, անցյալ տարվա նոյեմբերին այս թաղամասում 1 քմ-ի միջին արժեքը 345 ($720) հազար դրամ էր: 2020-ի նույն ամսվա համեմատությամբ այստեղ 1 քմ-ի արժեքն ավելացել է 24 հազար դրամով: Դավթաշենում 5-րդ եւ 7-րդ գոտիներ են: Այստեղ տների գներն ավելի բարձր են 7-րդ գոտում՝ 360 ($752) հազար դրամ՝ 1 քմ-ն:

Աջափնյակ վարչական շրջանում 2020-ի նոյեմբերին 1 քմ-ն արժեցել է 305 ($636) հազար դրամ, 2021-ի հոկտեմբերին՝ 325 ($679) հազար 500 դրամ, սակայն արդեն 2021-ի նոյեմբերին՝ 335 (մոտ 700$) հազար դրամ: Աջափնյակի 4 գոտիներից ամենաբարձր գինը 6-րդ գոտում է, որտեղ 1 քմ-ն 2021-ի նոյեմբերին կազմել է 360 ($752) հազար դրամ: 8-րդ գոտում սակայն 285 ($595) հազար դրամ է:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում 1 քմ-ի արժեքը, ըստ նույն աղբյուրի, 310 ($647) հազար դրամ է: Մեկ ամսվա տարբերությամբ, 2021-ի նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատությամբ, 1 քմ-ի արժեքը բարձրացել է 10 հազար դրամով: Այստեղ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1 քմ-ն թանկացել է 28 հազար դրամով: 2020-ի նոյեմբերին եղել է 282 հազար դրամ:

Նուբարաշեն վարչական շրջանում մեկ տարվա տարբերությամբ բնակարանների 1 քմ-ի արժեքը բարձրացել է 14 հազար դրամով: 2020-ի նոյեմբերին այս տարածքում 1 քմ-ն արժեցել է 175 ($365) հազար դրամ, 2021-ի նոյեմբերին՝ 189 ($394) հազար դրամ: Նուբարաշենում էլ առկա է 2 գոտի: 10-րդ գոտում 1 քմ-ի գինը 200 ($417) հազար դրամ է, 11-րդ գոտում՝ փոքր-ինչ նվազ՝ 183 ($382) հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31