Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն վերադարձրեց նախկին դատապարտյալի ամուսնական մատանիները, բացի առգրավված ձեռնաշղթայից

Հունվար 21,2022 14:00

Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր, դատավոր Ա. Մաթեւոսյան) նշանակվել էր Աշոտ Հակոբյանի հայցադիմումի քննությունը:

Աշոտ Հակոբյանը մինչ դատարան դիմելը դիմել էր ԱԱԾ եւ ԴԱՀԿ, բայց այնտեղից պատասխան չէր ստացվել: Աշոտ Հակոբյանն անազատության մեջ է գտնվել 2010թ. ապրիլի 10-ից մինչեւ 2019թ. փետրվարի 27-ը, ապա գտնվել պրոբացիայի ծառայության հսկողության ներքո: Նրա՝ փողերի լվացման մեղադրանքի հիմքում դրվել էր այն, թե Ա.Հակոբյանը բանկից հանցավոր ճանապարհով գումարներ է ստացել, սա այն դեպքում, երբ բանկը կամ բանկից որեւէ մեկը առ այսօր տուժող չի ճանաչվել, եւ ըստ էության, բանկը նրան օրինական փաստաթղթերով է գումարներ տրամադրել: Նշեմ, որ «ԽԱՉՎԱՌ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը (ՍՊԸ-ն արտադրել է սեյսմակայուն բարձիկներ) 2011թ. դեկտեմբերի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով դատապարտվում է տասնմեկ տարի ազատազրկման, «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի» բռնագրավվմամբ:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը 2010թ. ապրիլի 23-ին Աշոտի գործն ընդունել էր վարույթ: Մինչ գործը տեղ կհասներ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Վ.Պողոսյանի կողմից կազմվել է «Խուզարկություն/առգրավվում կատարելու մասին» արձանագրություն, եւ հայցվորի բնակարանից առգրավվել են 15 անուն ոսկյա զարդեր, մեկ հատ գազային ատրճանակ՝ իր գնդակներով եւ փաստաթղթեր»: Այդ ամենն ուղարկվում է ԱԱԾ:

Ըստ 2020թ. օգոստոսի 12-ի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Կ.Հովհաննիսյանի 8/3936 գրության. «Խնդրո առարկա հանդիսացող իրերը կարող են հանձնվել համապատասխան անձին կամ մարմնին միայն այն դեպքում, երբ այդ մասին քննությունը կստանա դատարանի կամ պետական այլ մարմինների կողմից դրանց տնօրինման հարցի վերաբերյալ կայացված որոշում, որն առ այսօր ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը չի ստացել, ուստի հարցի լուծման համար կարող եք դիմել համապատասխան դատարան»:
Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ դեռեւս 2020թ. նոյեմբերի 26-ին Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Հ. Մաղաքյանը հարցում էր կատարել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանին, թե արդյոք Այվազովսկու փողոցի 46/1 հասցեում գտնվող անշարժ գույքը բռնագրավվե՞լ է, կատարվե՞լ է դատարանի որոշումը, քրեական գործով որեւէ անձի, պետության կամ կազմակերպության օգտին Ա.Հակոբյանից որեւէ այլ գույք կամ գումար բռնագանձելու մասին կատարողական վարույթ իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ հարցմանն էլ պատասխան չի ստացվել: Ա.Հակոբյանը պահանջում է դատարանից, որ արձանագրությամբ իրենից խլվածը վերադարձվի իրեն: Այդ արձանագրության համաձայն, նրանից առգրավվել էին ոչ միայն նշյալ ոսկյա իրերը, այլ վիճելի գույքի սեփականության վկայականի պատճենը, տեղեկանքներ, անդորրագրեր, ամուսնական երկու մատանիները, «Աշինգ» ՍՊԸ-ի փաստաթղթերը, կանոնադրությունը, «Շենգավիթ» ՍՊԸ-ի գույքի գրավի պայմանագիրը… երկու ձեռնաշղթա բանալիներով:

Այս տարվա հունվարի 24-ին նշանակվել է դատական նիստ, իսկ մինչ այդ, օրեր առաջ՝ հունվարի 18-ին Աշոտ Հակոբյանին իր մոտ է կանչում ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Արմեն Ումուրշատյանը՝ առգրավված գույքը ճանաչելու համար: Նախ նրան ցույց են տալիս իրեր, որոնք Աշոտին ու նրա կնոջը չէին պատկանում, ապա Աշոտը մեր հրապարակումն է ներկայացնում քննիչին, ուր նշված էր իրերի այն ցանկը, որը ներկայացվել էր դատարան, եւ այդպես էլ չէր հաջողվում դատական նիստը սկսել տարբեր պատճառներով: Վերջապես, ԱԱԾ պահեստում գտնվում եւ նրան են հանձնվում իրերը, ամուսնական մատանիները, ըստ Աշոտի ստացականի, տասնվեց կտոր ոսկյա զարդերը, բոլոր իրերն ու փաստաթղթերը: «Ես ու կինս հաստատում ենք, որ մեր ստացածը նույնական է, ամբողջական է, համապատասխանում է խուզարկությամբ կազմված արձանագրությանը, ուստի մենք որեւէ գանգատ այլեւս չունենք»,-գրված էր ստացականում:

Ա.Հակոբյանը դատական նիստի օրը հրաժարվելու է իր հայցապահանջից: Նա եւ իր ներկայացուցիչը՝ Հենրիկ Մաղաքյանը, դիմումն արդեն մուտքագրել են դատարան, ուր մասնավորապես ասված է. «Ես ու կինս հունվարի 18-ին հրավիրվել ենք ԱԱԾ քննչական դեպարտամենտ, առգրավված գույքը ճանաչելու համար, որից հետո ԱԱԾ ՔԴ քննիչ Արմեն Ումուրշատյանի ջանքերի շնորհիվ մեզ է վերադարձվել մեր բնակարանից խուզարկության արդյունքում առգրավված գույքը: Նկատի ունենալով, որ իմ դիմումում նշված ամբողջ գույքն ամբողջությամբ արտադատական կարգով վերադարձվել է, խնդրում եմ գործի վարույթը կարճել, հրաժարվում եմ իմ պահանջից ամբողջությամբ»: «Տարիներ շարունակ այնպիսի անտրամաբանական պատասխաններ էին գրում, մտածում էինք երեւի անհայտացել են ու մանևրելով խաբում են, բայց շնորհիվ Արմեն Ումուրշատյան քննիչի, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ։ Անչափ շնորհակալ եմ այդ քննիչից»,-ասում է Ա.Հակոբյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31