Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ արարը մինչ այսօր էլ շարունակվում է

Հունվար 21,2022 13:30

Արդեն երկու տարուց ավելի է, ինչ վերջին անգամ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ճանապարհները նորից խաչվեցին, այն էլ բնականաբար՝ դարձյալ պատերազմով: Թուրքիայի կողմից մոտ մեկ դար առաջ իրականացված Հայոց մեծ եղեռնից հետո, որը խլեց 1,5 միլիոն հայի կյանք, Թուրքիան չի հանգստացել եւ փորձում է շարունակել Հայոց ցեղասպանության գործընթացը, ցանկանալով աշխարհի վրայից վերացնել վերջին հային:

Համոզված եմ, որ 1915թ.-ից մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ը Թուրքիային ոչ մի վայրկյան հանգիստ չի տվել այս միտքը եւ մշտապես սպասել է հարմար առիթի, որպեսզի շարունակի մեկ դար առաջ սկսածը եւ այն հասցնել իրեն ցանկալի տրամաբանական ավարտին: 90-ականներին արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ադրբեջանցիների կրած պարտությունից հետո, Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում եւ սպասում էին հարմար պահի, որպեսզի իրականացնեն ռեւանշ եւ փորձեն հետ բերել ոչ միայն կորցրածը, այլեւ՝ գրավել ողջ Արցախը: 2020թ. սեպտեմբերի 27-ին ցամաքային եւ օդային գերժամանակակից տեխնիկայով՝ ԱԹՍ-ներով, բայրաքթարներով ուխտադրժորեն հարձակվելով Արցախի վրա, անգամ կանգ չառնելով խաղաղ բնակչությանը եւ երեխաներին թիրախ դարձնելուց, գրավեց նրա տարածքի 70 տոկոսից ավելին, պատճառելով բազմահազար զոհեր, անհետ կորածներ, գերիներ եւ վիրավորներ:

Ամբողջ աշխարհը վկա եղավ, թե ինչ դաժանությամբ էր թուրք-ադրբեջանական տանդեմը՝ հատկապես օդային գրոհներով դաժանաբար ոչնչացնում մեր պատանի զինվորներին, չմոռանալով, միաժամանակ շարունակաբար գնդակոծել խաղաղ բնակչությանը: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում նրանք ոչնչի առջեւ չկանգնեցին եւ անողոքաբար կոտորեցին մեր զինվորներին ու խաղաղ բնակիչներին:

Վերլուծելով այդ պատերազմի ընթացքը, գալիս ես լոկ մի եզրակացության, որ նրանք ընդամենը խղճից, հոգուց զուրկ անարխիստներ են: 44 օր հետո իբր հրադադար կնքվեց, սակայն նրանց կրակոցներն՝ իհարկե ոչ նույն ուժգնությամբ, սակայն մշտապես շարունակվում էին, մեզ պատճառելով նոր զոհեր ու վիրավորներ: Այս երկրորդ արարը մինչ այսօր էլ շարունակվում է: Նրանք չբավարարվեցին Արցախով եւ 2021թ. մայիսի 12-ից սկսած ներխուժեցին սուվերեն Հայաստանի մի շարք տարածքներ, որոնք առ այսօր պահում են իրենց տիրապետության տակ եւ տարաբնույթ կրակահերթերով ահաբեկում, սպանում եւ գերի վերցնում արդեն Հայաստանի բնակիչներին եւ զինվորներին: Մերոնք միայն լռում են, իբր ոչինչ չեն նկատում եւ ոչ մի լուրջ բան տեղի չի ունենում: Լավ, եթե թուրքերը 1915թ.-ին մորթեցին 1,5 միլիոնից ավելի հայի, երբ դժվար է պատկերացնել, որ 1,5 միլիոն ոչխար մորթելու դեպքում անգամ, մարդկային խիղճը այդքան անգութ կլիներ եւ այդ սպանդը կշարունակվեր:

Հավերժ կհիշվի, որ այդ ցեղասպանությունն իրականացրել է թուրքը, որի հետ այսօր Հայաստանը փորձում է խաղաղության համաձայնագիր կնքել: Մոտ մեկ դար հետո թուրքը եւս մեկ անգամ հաստատեց, որ ինքը բնավ չի հրաժարվել իր ծրագրերից ու 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրեց հայոց երկրորդ եղեռնը եւ սա եւս ազդակ չդարձավ հայերի համար, որպեսզի վերջապես հասկանային, որ գոնե այսքանից հետո թուրքի եւ հայի միջեւ երբեք խաղաղություն չի լինի, որքան էլ երկու կողմն էլ բարձրաձայնեն դրա մասին: Նրանց հարաբերություններում ընդամենը երկու ելք է հնարավոր. մեկ, որ թուրքն իր խաբեությամբ օգտագործի խաղաղության խայծը, հայերն այն հերթական անգամ կուլ տան եւ փորձի աշխարհի երեսից վերացնել վերջին հային եւ երկրորդ. ողջ հայությունը համախմբվի եւ թուրքերին դուրս վռնդի Արցախից ու Հայաստանից եւ պարտադրի հաշտվել այդ իրողության հետ: Մնացած բոլոր պարագաներում մենք աստիճանաբար կորցնելու ենք ամեն ինչ՝ ընդհուպ մեր պետականությունը:

Թուրքերը մեզ հետ միշտ էլ խոսել են նախապայմաններով, այնպես որ, այս անգամ եւս բացառություն չի լինելու: Քանի որ մերոնք եւս գիշեր-ցերեկ խոսում են միայն խաղաղության դարաշրջանից, ապա դա առավել եւս ամրացնում է նրանց դիրքերը, քանզի այդ գաղափարի տակ նրանք պարզորոշ տեսնում են, որ մենք պարտադրված ենք լինելու եթե ոչ ամբողջապես, ապա գոնե նրանց նախապայմանների մեծ մասի հետ համաձայնվել: Եվ եթե աշխատի այս սցենարը, ապա այդ բանակցությունների արդյունքում մեզ համար բարենպաստ ոչինչ չի լինելու եւ բոլոր ուղղություններում մենք պարտված ենք դուրս գալու: Մեր կողմից անգամ պահանջ չի դրվելու զորքերի անմիջապես դուրսբերումը Հայաստանի տարածքներից, քանզի նրանց կողմից հնչեցվելու է այն միտքը, որ հիմա դրա ժամանակը չէ եւ այդ բոլոր հարցերը կքննարկվեն սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների եւ միջանցքի բացման հետ կապված քննարկումների ժամանակ:

Բանակցությունների արդյունքում մերոնք խեղճացած, չնչին փոփոխություններով համաձայնվելու են նրանց առաջարկած սցենարների հետ, որը բերելու է Հայաստանի վերջնական պարտությանը: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը դարձյալ հարմարվելու է այս իրողության հետ, պատերի տակ բարձրաձայնելով. բա եթե խաղաղություն ենք ուզում, պիտի զիջումների էլ գնանք: Մեր հպարտ ժողովուրդը հերթական անգամ ինքն իրեն խաբելու է, վերջնական պարտությունը որակելով որպես զիջումներ …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31