Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Խաչատրյանի չափումները ստեղծագործական մտքի տարածության մեջ

Հունվար 21,2022 13:00

Այն պահից ի վեր, երբ գիտությունը արմատապես փոխեց մարդու եւ աշխարհի փոխազդեցության հնարավորությունները, կասկածի տակ դրվեց գոյի կայունության գաղափարը՝ բարդացնելով մարդու բոլոր հարաբերությունները նյութական աշխարհի հետ, այսուհետ ամեն ինչ զարգանում եւ փոփոխվում է աննկարագրելի արագ եւ հակասական։ Արվեստն այլեւս չէր կարող ապրել նախկին կանոններով, ուստի այն քայլ առ քայլ հրաժարվեց աշխարհի պատկերման ճանաչելի ձեւաստեղծումից՝ դրանով ավելի անհատական դարձնելով արվեստի գործի ընկալումն ու գնահատումը։ Այսուհետ, աստիճանաբար ձեւախեղվելով, պատկերը գնում է դեպի պայմանականություն, նյութական աշխարհը չկարեւորվելով քանդվում է, իսկ դրանից անդին՝ վերացարկված, սուբյեկտիվ, հոգեւոր ապրումներ։

Դեպի կատարյալ վերացարկում տանող արվեստը դիտողին ազատում է կոնկրետությունից՝ զերծ պահելով պարտադրանքից։ Անկայուն եւ անապահով իրականությունը ոչինչ չխոստանալով դառնում է անցանկալի, խորթ, փոխարենը՝ աբստրակտ արվեստը կոտրում է արտաքին ֆորման եւ մարդուն հոգեւոր ճախրանքի հնարավորություն տալիս։ Թղթի տիեզերանման անհստակ մակերեսին վերացարկված գունային հետքերը դիտողի ընկալմանը համապատասխան բազմազան իմաստներ են ստեղծում։


Մինչ այժմ, ցանկացած ոլորտում մասնագիտական կրթությունը լավագույն արդյունքի կարեւոր նախապայման էր համարվում, սակայն, հատկապես արվեստում, այս կարծրատիպը կարող է կոտրվել, քանզի էական կշիռն այստեղ տաղանդին է բաժին հասնում։ Սույն հոդվածի վերլուծության առարկան՝ հայազգի քաղաքաշինարար Մարիամ Խաչատրյանի պատանեկան տարիքում ստեղծված աբստրակտ գեղանկարներն են։ Նյութի հետաքրքրությունն ու առանձնահատկությունը կայանում են նրանում, որ հեղինակը ստեղծագործելու պահին չի ստացել լուրջ մասնագիտական կրթություն կերպարվեստի ոլորտում, դեռահաս է եւ ամենազարմանալին՝ նկարները բավական նման են ռուս աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկու վաղ շրջանի լիրիկական աբստրակցիաներին։ Մեր խնդիրը կայանում է՝ հեղինակի ինքնուրույնությունը հիմնավորելու եւ աշխատանքների գեղանկարչական արժանիքները օբյեկտիվ գնահատելու մեջ։

Գաղտնիք չէ, որ Խորհրդային հասարակարգը որպես տոտալիտար կառույց հստակ սահմանափակումներ էր ձեւակերպել նաեւ արվեստի համար։ Սոցռեալիզմի հիմքերը չսասանելու նպատակով ամեն ինչ արվում էր, որպեսզի առաջադեմ աշխարհից ոչ մի տեղեկություն չճեղքեր երկաթե վարագույրը, ուստի զարտուղի ճանապարհով ձեռք բերված ցանկացած տեղեկություն եւ արվեստի նյութ պահվում էր հույժ գաղտնի: Մարիամ Խաչատրյանի ստեղծագործական շրջանը համընկնում է Խորհրդային Միության փլուզման սկզբնական շրջանին եւ Հայաստանում պատերազմի տարիներին։ Մեծ է հավանականությունն այն մասին, որ հեղինակը դեռեւս ծանոթ չէր աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկու արվեստին, եւ այդ մասին հավաստում է նաեւ հեղինակը։

Եթե նույնիսկ մտածենք, որ Մարիամը կարող էր նմանակել, ապա դա քիչ հավանական վարկած է՝ գեղանկարչական լուրջ փորձից զուրկ աղջնակի համար այնքան էլ հետաքրքիր եւ դյուրին չէր լինի նման զբաղմունքը։ 15 տարեկանում նա չէր կարող առանց տաղանդի առկայության թղթի մակերեսին այնպես կազմակերպել գունային հետքերի համակեցությունը, որ դրանք համոզիչ կերպով ներգործեն դիտողի վրա։

Ուսուցչի պարտադրանքից եւ հսկողությունից ազատ Մարիամի երեւակայությունն անխոչընդոտ պատկերել է իր անկեղծ զգացողությունները։ Հավանաբար, շատ բնական է, երբ բազում դժվարությունների մեջ գտնվող պետության եւ մոխրագույն իրականության մեջ ապրող դեռահասը ձգտում է՝ գեղագիտությամբ հարուստ վերացարկման։ Պատանեկան աշխարհընկալման դեռեւս տակավին անաղարտ պայմանականությամբ օժտված գույների գեղագիտությունն այնքան չպարտադրող է, որ ընկալումը դարձնում է դյուրին եւ ակնահաճո, թեպետ, գունային համադրություններն այնուամենայնիվ ենթարկվում են կոմպոզիցիոն որոշակի տրամաբանության, ինչն էլ տաղանդի առկայության վկայություն է հանդիսանում։ Մարիամի փոքր-ինչ ավելի վաղ շրջանի նկարներում առկա են գծանկարչական մոտեցմամբ աշխատանքներ, որտեղ ակնհայտ է, որ նա հիանալի տիրապետում է գծին, սակայն հեղինակն ինքնակամ հրաժարվում է այդ մոտեցումից՝ նախապատվությունը տալով վերացականությանը։

Խնդիրն այստեղ ոչ թե նման կերպ նկարել չկարողանալն է, այլ զգացողության նմանօրինակ նախապատվությունը։ Նրբազգաց դեռահասի համար վերացարկումը կատարյալ անկեղծության հիանալի հնարավորություն է. սեր, վախ, հիացմունք, կասկածներ, այս բոլորը ներկայացնել ու զերծ մնալ քննադատությունից, նկարելաոճի այս տարբերակը տալիս է բոլոր խնդիրների ամենակոմպրոմիսային եւ հումանիստական լուծումը։ Մակերեսի եւ գույնի հետ համարձակ խաղը վերածվում է ինքնաարտահայտման հիանալի հնարավորության։ Հեղինակի հիմնական նկարներում օգտագործված են երանգապնակի բոլոր գույները միաժամանակ, ինչը պետք է որ տրամաբանորեն միանման դարձնեին բոլոր աշխատանքները, սակայն հենց տաղանդի առկայությունն է, որ գունային հետքերը տարբեր կերպ են փոխազդում՝ ամեն անգամ ստեղծելով նոր գեղագիր մակերես։ Եթե նույնիսկ գունային հետքերը երբեմն ինչ-որ պատկեր են ակնարկում, ապա դա արվում է անուղղակի՝ դիտողին տալով ընկալման մի քանի տարբերակի հնարավորություն։ Հարկ է նշել նաեւ, որ Մարիամի որոշ գործերում երբեմն գույներն այնքան են խտանում, իսկ մատուցումը՝ լարված ու էքսպրեսիվ դառնում, որ դրանք ակնհայտորեն մոտենում են նաեւ էքսպրեսիոնիզմի սահմաններին։

Գեղանկարչության մեջ աշխատանքային նյութը մեծապես նպաստում է արտահայտչականության վրա։ Մարիամի բոլոր նկարներն արված են ջրաներկով, որի տեխնիկան բավական բարդ է եւ հեղինակից մեծ վարպետություն է պահանջում։ Արագ տարածվող եւ խառնվելուց նոր երանգ ստացող ջրաներկով վառ գունահետքեր ստանալու համար մեծ հմտություն եւ համբերություն է պահանջվում, սակայն, երբ տեխնիկական խոչընդոտը հաղթահարվում է, ստացված մակերեսը դառնում է թափանցիկ ու բազմիմաստ, ինչը հիանալի լուծում է վերացական արվեստի՝ աշխարհի պատկերման անկոնկրետ հոգեւոր կերպը։

Արվեստը, թերեւս, միակ ոլորտն է, որտեղ ինքնատիպ միտքն ու տաղանդը գերադասվում են բազմաչարչար «պրոֆեսիոնալիզմ»-ից։ Տաղանդի, անկեղծության եւ ինտելեկտի առկայության դեպքում հնարավոր է համոզիչ եւ ներազդող արվեստ ստեղծել, եւ արվեստի պատմության մեջ նման դեպքերն ամենեւին էլ քիչ չեն։

Տաթևիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
20.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել