Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսքը ճշմարիտ էր, սկզբունքը` անխախտ

Հունվար 21,2022 12:30

«Ես՝ երկրում, խրված այս աշխարհային տիղմի մեջ, դու՝ երկնքում, հավերժ սավառնումի ու սլացքի մեջ, որը քեզ համար նոր իրականություն չէ բացարձակ, քանզի դու ապրեցիր այդ ճախրանքը ու ապրեցիր Երկնայինի համը արդեն իսկ երկրում լինելով: Հետեւաբար, թույլ տուր ժամանակն ու տարածությունը նվաճած քո բառերով խոսեմ քեզ հետ, քանզի իմ խոսքերը տնկար են եւ մեղքով կապանքված»,-սա մի հատված է 44-օրա պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի «Մահից յոթ րոպե առաջ կամ ուղղակի գնդապետը…» գրքի առաջաբանից, որը գրել է Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Վաչագանի գիրքը հավերժատուն-հայրենիքի բառային ինքնատիպ հուշարձան է, որտեղ ներկայացվող դեպքերն ու իրադարձությունները մերօրյա երանգ են ստանում:

Մտահոգ հայորդին իր տողերում անընդհատ շեշտում է Արցախի անունը, նպատակ ունենալով սերունդների հիշողության մեջ դաջել, որ Արցախը լոկ տարածք չէ, այլ սուրբ հայրենիք։

«Արցախը… քաղաքակիրթ հանրության անտարբերության սառը ժպիտը ճաշակող, արյունաթաթախ երազներով կերտված մեր Արցախը…»,-գրել է Վաչագանը, ընդգծելով, որ մոլորակում սիրո պակաս կա, մարդիկ անբնական են ժպտում, քաղաքակրթության ոտքերի տակ զոհելով անկեղծությանը` դառնում են ստապատկերներ։

Վաչագանն իր պատմվածքներով բարության եւ սիրո դասեր է տալիս, միմիայն նպատակ ունենալով աշխարհն ավելի լավը դարձնելու, լույսից մթություն չգողանալու ներդաշնակությունը հավասարաչափ պահելու։

Կյանքի դառը երեւույթները տողերի ծալքերում համեստորեն տեղավորող հեղինակը բանականության բարձունքներին է հանգրվանում` պահելով հայ անհատի անփոփոխ կերպարը։ Վաչագանի արձակի հերոսը սկզբունքային մարդն է, նա, ով երկիրն է սիրում, նա, ով չի վախենում մահից եւ միշտ իր մեջ լույս է կրում։ Հենց այդ լույսն է, որ կարողանում է ընթերցողը վերաիմաստավորել իր մեջ եւ հեղինակին հաղորդակից լինել։

Նա իր տողերով է փնտրում փրկությունը, ուղիներ ցույց տալիս եւ օրինակ ծառայում։ Հեշտ չէ գրականության մեջ օրինակ ծառայել ու միաժամանակ լինել ինքնատիպ։ Սա Վաչագանին հաջողվել է։

Հեղինակն իր պատմվածքներում կյանքի բովանդակային կողմերն է շոշափում, գաղափարական բովանդակություն հաղորդում, հավասարաչափ պահում կյանքի ռիթմը։

Վաչագանը գրականության տիրույթում ինքն իրենով հայ մարդու սրտի կնիքը բացահայտեց ու ոչ մի հարց անպատասխան չթողեց։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախի գրողների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31