Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչ օրս բոլոր նրանք, ովքեր փորձել են իրենց երկիրը դուրս բերել դոլարի շրջանառության գոտուց՝ ԱՄՆ-ի կողմից ուղղակի հարձակման են ենթարկվել. Վազգեն Պետրոսյան

Հունվար 21,2022 09:30

1970-ական թվականերին, երբ Արաբա-իսրայելական պատերազմից հետո ՕՊԵԿ-ը նավթի գինը երեք անգամ բարձրացրեց Արևմուտքի համար, Եվրոպայում ճգնաժամ առաջացավ։ Նավթի անհրաժեշտ պաշարի 70%-ը Միջին Արևելքից ներկրող ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունը շատ արագ հասկացավ, որ երկիրը կարիք ունի վստահելի և կայուն նավթի մատակարարի, որը կհամաձայնի նաեւ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների։ Այդ գործը գլուխ բերելու համար ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնն իր անվտանգության գծով խորհրդական Հենրի Քիսինջերին 1974 թվականի հունվարին գաղտնի գործուղեց Սաուդյան Արաբիա։ Արդյունքը մինչ այսօր գործող մի համաձայնություն է։

Այդ տարիներին Սաուդյան Արաբիան խոշորագույն նավթ արտադրող պետությունն էր և եթե համաձայներ իր արդյունահանած ողջ նավթը վաճառել ԱՄՆ դոլարով, ապա Միացյալ Նահանգները կերաշխավորեր Սաուդյան Արաբիայի թագավորական գահի ժառանգական փոխանցումը։ Համաձայնությունը կայացավ, ինչի հետևանքով մյուս նավթ արդյունահանող երկրներն էլ ստիպված եղան, իրենց նավթը վաճառել դոլարով։ Բնականաբար դոլարի պահանջարկը շատ արագ սկսեց աճել ամբողջ աշխարհում ու ստացավ նոր անուն՝ նավթադոլար։ Այդպիսով ԱՄՆ-ն մեծացրեց իր ազգային արժույթի շրջանառությունը երկրից դուրս, դարձնելով այն աշխարհի թիվ մեկ կայուն և հզոր արտարժույթը, ինչով ընդլայնեց նաև իր քաղաքական ազդեցությունն աշխարհում։

100 դոլարանոց թղթադրամի տպագրության համար ԱՄՆ-ի կառավարությունը ծախսում է 11 ցենտ, վաճառում՝ 100 դոլարով, այսինքն` գրեթե 910 անգամ ավելի թանկ։ ԱՄՆ 100 դոլարանոցների ավելի քան 70%-ը Միացյալ Նահանգներից դուրս է շրջանառվում` նավթի առևտրի շնորհիվ։ Եթե այդ առևտուրը կատարվի այլ արժույթով կամ ոսկով, ապա ԱՄՆ-ում միջին խավի կենսամակարդակը կընկնի, որից առաջացած տնտեսական ճգնաժամը շատ ավելի վատ հետևանքների կհանգեցնի, քան 1929 թվականինը։

Այդ է պատճառը, որ մինչ օրս բոլոր նրանք, ովքեր փորձել են իրենց երկիրը դուրս բերել դոլարի շրջանառության գոտուց՝ ԱՄՆ-ի կողմից ուղղակի հարձակման են ենթարկվել։ Լիբիայի նախկին նախագահ Մուամմար ալ Կադդաֆին ժամանակին հայտարարեց, որ նավթը վաճառելու է նոր՝ համաաֆրիկյան վալյուտայով, որը երաշխավորված է լինելու ոսկով։ Նա սպանվեց ԱՄՆ-ի հովանավորյալ «հեղափոխականների» կողմից, Լիբիան քարուքանդ արվեց, իսկ այդ երկրին պատկանող հարյուրավոր միլիարդները, որոնք գտնվում էին եւրոպական բանկերում, առգրավվեցին տվյալ բանկերի կողմից։

Ավելի վաղ Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնի՝ նավթը եվրոյով վաճառելու մասին հայտարարությանն ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի ուղիղ հրամանով, զանգվածային ոչնչացման զենքերի հայտնաբերման անվան տակ, ԱՄՆ-ի մի քանի հարյուր հազար զորքը տեղափոխվեց Պարսից ծոց Սադամ Հուսեյնը կախաղան հանվեց, երկիրը ավերվեց ու կործանվեց զարգացման ամեն հեռանկար։

Այս երկրների իշխանությունների կործանումից հետո, այլևս, որևիցե մեկը չխոսեց նավթն այլ արժույթներով վաճառելու հավանականությունից, էլ ուր մնաց ծրագրերից։

ԱՄՆ-ն ցույց տվեց, որ ամեն պահի կարող է խաթարել ցանկացած պետության տնտեսությունը։ Չնայած դրան՝ Չինաստանն ու Ռուսաստանը ձգտում են հրաժարվել դոլարից, բայց ականատեսն ենք դառնում ծանր տնտեսական սահմանափակումների Իրանի, Վենեսուելայի, արդեն նաև Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ։

Միացյալ Նահանգների նեոգաղութատերերը դեռևս այս դարի առաջին տարիներին հասկացան, որ իրենց դարաշրջանը ավարտվել է և ԱՄՆ-ը, լինելով աշխարհի առաջին գերհզոր ռազմական ուժը, արդեն կորցնում է տնտեսական գերակայությունն աշխարհում և պետք է հաշտվի այն մտքի հետ, որ շուտով աշխարհը լինելու է բազմաբևեռ տնտեսական ու ռազմական ուժերից բաղկացած։ Այս գիտակցմամբ էլ նեո նեոգաղութատիրությունն արդեն փորձում է իշխանության գալ, ինչի արդյունքում կամ պետք է համակերպվել աշխարհի նոր բաժանմանը, կամ գնալ առճակատման։ Միացյալ Նահանգների այսօրվա քաղաքական վերնախավը առայժմ որդեգրել է պրոքսի պատերազմներ՝ ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի ու արմատավորում է ավելի սառը պատերազմ, որը միտված է պահպանել դոլարի գերակայությունը աշխարհում, քանի որ ԱՄՆ-ի ամբողջ հզորությունը այդ նավթադոլարների մեջ է թաքնված։

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքագետ, քաղաքական վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31