Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդավոր մատանին

Հունվար 21,2022 12:00

Հատված «Հիշողություններ Գերմանիայի եւ գերմանացիների մասին» իմ անտիպ վիպակից

…Ալոյիսն, ինչպես խոստացել էր, հաջորդ տարի նորից հրավեր ուղարկեց ինձ, նախապես հայտնելով, որ իր բարեկամներից մեկի տանը «սեւ աշխատանք է» գտել ինձ համար, որի եկամտահարկերը վճարելու են տանտերերը:

Սաարլուիի երկաթգծի կայարանում նա ինձ դիմավորեց բավականին ուրախ տրամադրությամբ եւ ուղեւորվեցինք դեպի Բիսթեն:
Ալոյիսի տան դարպասների մոտ մեզ դիմավորեց կինը՝ Էլիզաբեթը, եւ մինչ Ալոյիսը ավտոմեքենան ներս կբերեր, Էլիզաբեթն ինձ հրավիրեց զրուցարան, գարեջրով «ծանրաբեռնված» սեղանի մոտ: Քիչ անց, մեզ միացավ նաեւ Ալոյիսը:

– Սպարտակ,- դիմացի աթոռին տեղավորվելով դիմում է ինձ: -Հենց հիմա Յորգը մեզ է սպասում: Նա մեզ ծանոթացնելու է իր տան ներսի այն աշխատանքներին, որոնք դու պիտի կատարես:

– Կարո՞ղ ենք հենց հիմա գնալ,- ներքուստ ուրախությունս թաքցնելով, հարցնում եմ ես:

– Հինգ րոպեից,- կարճ է կապում Ալոյիսը: Նույն պահին նա զանգահարեց Յորգին եւ հայտնեց, որ տասը րոպեից կլինենք իր մոտ:
Յորգի փոքրիկ առանձնատունը որքան դրսից, նույնքան էլ ներսից, շատ հրապուրիչ ու հիասքանչ էր՝ ծառ ու ծաղիկների մեջ կորած, փոքրիկ, բայց խնամված պարտեզով: Յորգը մեզ ներս հրավիրեց, ցույց տվեց խոհանոցը, որի կահույքի հետեւի պատն ամբողջովին վերանորոգելու էի: Ապա ներողություն խնդրեց, որ չի կարող հյուրասիրել մեզ, քանի որ ուշանում է աշխատանքից:

– Երեկոյան համեցեք Սպարտակի հետ իմ տուն: Կինս էլ տանը կլինի,- դրսում մեզ հրաժեշտ տալով՝ ասաց Յորգը: Յորգի կինը՝ Կատերինան, Էլիզաբեթի քրոջ աղջիկն էր: Այդ էր պատճառը, որ հրավերի համար շատ չզարմացա, թեպետ բարեկամ լինելը գերմանացիների համար չէր կարող հրավերի պատճառ հանդիսանալ:

Երեկոյան մենք հյուընկալվեցինք Յորգի տանը: Կատերինան շատ քնքուշ, տիպիկ գերմանացու կառուցվածքով կին էր: Նա արդեն սեղանը պատրաստած մեզ էր սպասում: Սիրալիր ողջունելով, նա մեզ սեղանի մոտ հրավիրեց: Երկար ժամանակ մենք գարեջուր էինք խմում: Մի որոշ ժամանակ անց, Կատերինան խնդրեց պատմել Հայաստանի մասին: Ես սիրով ներկայացնում էի իմ հայրենի երկիրը, իսկ Ալոյիսը հաճախակի ընդմիջում էր ինձ՝ իր սրտի մեջ պահած Հայաստանի մասին հուշերը ներկայացնելով: Բրաուն ամուսինները լսում էին համակ ուշադրություն դարձած, մերթընդմերթ զարմանքով ու հիացմունքով արձագանքելով մեր պատմություններին: Կատերինան էլ ինձ զարմացրեց, հայտնելով, որ կարդացել էր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, տեղյակ էր նաեւ 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին եւ ասաց, որ անսահման ցանկություն ունի տեսնել մեր վիրավոր երկիրը: Իսկ հայերս սովորաբար ի՞նչ ենք անում այդ պահերին: Իհարկե, հրավիրում ենք ուրախությամբ: Եվ հավաստում, որ Հայաստանում իրենք ոչ մի խնդիր չեն ունենա: Դե, Ալոյիսն էլ հաստատեց ու «կնիքեց» «մեր ճշմարտությունը»:

Մեր զրույցը մոտենում էր ավարտին: Կատերինան սկսեց նկարագրել խոհանոցում կատարվելիք աշխատանքների մասին իր ծրագրերը: Հետո բացատրեց ինձ, թե որտեղ կարող եմ տեղավորել խոհանոցի կահույքի մեջ եղած պարագաները եւ, ի զարմանս ինձ՝ տվեց տան բանալիները:

– Ինչպե՞ս կարող էին վստահել ինձ, եթե դեռեւս չգիտեին իմ ով լինելը,- մտածում էի ես: -Դե, Ալոյիսն անպայման պատմած կլինի իմ մասին,- մտովի պատասխանում էի ինքս ինձ:

Հաջորդ օրն, առավոտյան 8:30-ին, Ալոյիսի հետ գնացինք Յորգի տուն: Ամուսիններն արդեն աշխատանքի էին գնացել: Մենք բացեցինք դուռը, ներս մտանք: Ալոյիսն օգնեց ինձ խոհանոցում կախված կահույքն իջեցնել, որից հետո, կատարվելիք աշխատանքների մասին որոշ բաներ հուշելով, ինքն էլ գնաց: Ես դատարկեցի հատակին դրված կահույքի մեջ եղած ողջ պարունակությունը եւ սկսեցի պատից մեկ-մեկ հեռացնել կահույքը: Երրորդ պահարանը պատից հեռացնելու պահին, նրա տակ նկատեցի մի ոսկեգույն փոքրիկ օղ: Բարձրացնելով եւ ուշադիր զննելով այն, համոզվեցի, որ ոսկյա մատանի է: Նույն պահին մատանին դրեցի պահարանի վրա եւ շարունակեցի աշխատանքս:
Երեկոյան Բրաուն ամուսինները վերադարձան աշխատանքից: Առաջինը Յորգը մտավ խոհանոց, բարեւեց ինձ ու զարմանքից քար կտրած՝ աչքերը դեպի մատանին ուղղեց, եւ կիսախեղդ ձայնով, կանչեց կնոջը: Ներս մտնելուն պես, Կատերինան, տեսնելով պահարանի վրա դրված մատանին, մի պահ անշարժացավ տեղում եւ, կարծես մտորումների մեջ ընկավ… Ես շվարել էի: Զարմանքս զսպած, ուզում էի հասկանալ վերջապես, թե ի՞նչ է կատարվում:

– Սպարտակ, ասացեք, խնդրեմ, որտե՞ղ էր այս մատանին,- հարցրեց Կատերինան:

– Այս երկու պահարանների միջեւ ընկած էր,-ցույց եմ տալիս ես:

Յորգը մոտեցավ ինձ, գրկեց ուսերս եւ ջերմ տոնով ասաց.
– Սիրելի Սպարտակ, Դուք դեռ չգիտեք, թե ինչ հրաշալի բան եք կատարել…

Շուտով Յորգը հայտնեց ինձ, որ տասը րոպեից միասին մեկնելու ենք Կատերինայի քրոջ տուն: Շուտափույտ մեկնելու նրանց ուրախ-ուրախ պատրաստվելը հարցեր տալու ոչ մի հնարավորություն չթողեց ինձ: Ես չգիտեի, որ ճանապարհը մոտ երկու ժամ էր տեւելու:
Ղեկին Կատերինան էր, իսկ ես եւ Յորգը՝ միասին հետնամասում էինք: Նա շատ մանրամասն պատմեց եղելությունը, որից հետո ես հասկացա, «թե ինչ հրաշալի բան եմ կատարել»…

Մոտ երկու տարի առաջ, Կատերինայի քույրը՝ Դորիսը, հյուր է եկած լինում քրոջը: Խոհանոցում արագորեն որեւէ բան պատրաստելու ժամանակ, Կատերինան մատանին հանում, դնում է պահարանի վրա եւ շարունակում է սկսած գործը: Առավոտյան մատանին տեղում չի լինում: Բրաուն ամուսինները հարցնում են մեկմեկու, թե մատանին, արդյոք, ի՞նչ եղած կլինի: Դորիսը հյուասենյակում լսելով նրանց խոսակցությունը, նեղվում է ու առանց որեւէ բացատրության կամ պատճառի, անմիջապես մեկնում է եւ երկու տարի շարունակ այլեւս չի այցելում Բրաուններին, մտածելով, որ մատանու անհայտանալու «գործում» կասկածում են իրեն:

Դորիսը ժպիտը դեմքին բացեց դուռը եւ ներս հրավիրեց մեզ: Ներսում քույրերը գրկախառնվեցին: Յորգը կանգնել էր հյուրասենյակի կենտրոնում՝ ասես մեղավորի կեցվածքով ու չգիտեր, թե ի՞նչ անի: Վերջապես Դորիսը մեզ նստելու «հրաման» տվեց: Կատերինան ներկայացրեց ինձ: Նույն պահին Յորգը ցուցադրաբար հանեց մատանին եւ ավելի ցուցադրաբար դրեց մեր դիմաց դրված փոքրիկ գրասեղանին: Կատերինան սկսեց պատմել եղելությունը, ուրախությամբ մերթ ինձ, մերթ՝ «իրեղեն ապացույցին» նայելով:

– Ախր, մենք մեր մեջ էինք փնտրում մատանին, սիրելի Դորիս: Ու երբեք քո մասին նման բան չէինք էլ մտածի.- մեղավոր տոնով Յորգն ավարտեց այս «անիրական իրականությամբ» լցված առեղծվածային պատմությունը… Դորիսը թեթեւակի շփեց ուսս եւ կարծես թե «լիցքաթափվեց»: Նա մեզ գարեջուր հյուրասիրեց եւ մի քանի րոպե զրուցելուց հետո, նրան հրաժեշտ տալով, ուղղություն վերցրեցինք դեպի Բիսթն:

Մի շաբաթ անց՝ ես վերջացրեցի Բրաունների խոհանոցի վերանորոգումը: Աշխատավարձից բացի, նրանք ինձ լրացուցիչ 500 մարկ՝ որպես «մատանու պարգեւավճար» տվեցին: Ես քաղաքավարությամբ հրաժարվեցի այդ գումարից, ասելով նրանց, որ ավելի լավ է հաջորդ տարի աշխատանք տրամադրեն ինձ, եթե կարող են: Բրաուններն ուրախությամբ համաձայնեցին:

Հաջորդ տարին «ամենաեկամտաբերն էր» լինելու Գերմանիա կատարած իմ այցելության ողջ տարիների համեմատ:

Իսկ մինչ հաջորդ այցս, Ալոյիսն ինձ գրեց, որ Դորիսն սկսել է հաճախակի այցելել քրոջը…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
20.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Հարգելի Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ, այս ու՞ր տարաք ինձ․․․
    Ձեր երախտիքի արտահայտությունը այնքան հարազատ է ինձ, որ 1988 թ նոյեմբերից մինչ այսօր չեմ մոռացել։ Ներողամտություն եմ հայցում իմ պատմությունը շարադրելուս համար։
    Գյումրիից բժշկական տուրիստական խմբով երկրաշարժից 2 շաբաթ առաջ Դեմոկրատական Գերմանիայում ենք։ Պոտսդամից, սարսափազդու Բուխենվալդից հետո սահմանափակ ժամանակ էր տրվել գնումների համար։ Երեխաներիս հլամար կոշիկներ եմ ընտրել, ոչ պակաս մի 10 զույգ։ Իմ հերթն է ։ Դրամարկղի երիտասարդ վաճառողուհին իմ զամբյուղից հերթով սկսեց հանել և առանձնացնելով մի կողմ դնել մի քանի զույգ կոշիկ, հազիվ ծիծաղը զսպելով։ Իրադրությունը չհասկանալով հայացքս ընկավ ինձնից հետո վճարման իրենց հերթին սպասող գերմանացիներին ։ Բոլորը ներողամտորեն ժպտում էին, իսկ մտերիմ ընկերուհիս ծիծաղից ուշաթափվում էր ։ Պարզվեց որ ես կամ 2 ձախ ոտքի համար էի ընտրել, կամ 2 աջ ոտքի։ Ինչևէ․․․
    Եկավ վճարման պահը։ Պարզվեց ,որ ունեցած դրամից պակասում է 5 Պֆենինգ , Մարկի 1/100 մասը։ Մինչ ես ամոթից փորձում էի հետ վերադարձնել մեկ զույգը, հերթում կանգնած ” թշնամի”, ” սառը”, “անհաղորդ” ,օտար մարդիկ նետվեցին լրացնելու պակասը։ Մեկ Պֆենինգ էլ ավել հավաքվեց ։ Վաճառողուհին ինձ՝ ” Սիմբօլ”, սիմբօլ ” էր ասում ու հասկացնում , որ ինձ պահեմ։
    Ես հետո՛ պիտի իմանայի , որ այդ մետաղադրամի երեսին պատկերված Կաղնու հնգաթև տերևը համարվել է Գերմանիայի վերածննդի սիմվոլը։
    Այս բոլոր նվիրական պահերը վերհիշեցի այս առավոտ Ձեր գեղեցիկ պատումից ։ Շնորհակալ եմ ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31