Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը առավոտ, որ մանդատը վայր դնենք, պայքարին օգուտ կտա՞, եթե հա, առավոտ դնում ենք»

Հունվար 21,2022 15:00

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը պատասխանում է իշխանականների ու ընդդիմադիրների քննադատություններին, թե՝ լավ չեք արել, միջազգային պատվիրակություններից դուրս եք եկել:

«Առավոտը» ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հարցրեց՝ դուք մանդատները վերցնելիս հայտարարել էիք, որ այդ մանդատը նոր ուժ է տալիս իշխանության դեմ պայքարին, ասել էիք, որ օր ու արեւ չեք տալու իշխանականներին, բայց մենք տեսնում ենք, որ նիստերի դահլիճում իրենք ձեզ օր ու արեւ չեն տալիս, դուք լրիվ տեղավորվել եք իրենց օրակարգի մեջ, ո՞նց եք սա բացատրում: Նա պատասխանեց. «Դուք այդպես եք կարծում, որ իրե՞նք մեզ օր ու արեւ չեն տալիս: Եթե մենք համակերպվեինք այն իրավիճակի հետ, ինչը իրենք են անում, ամեն ինչ հաշտ, խախանդ կանցներ եւ դուք էլ որեւէ լարվածություն չէիք նկատի: Իսկ լարվածության պատճառն այն է, որ մենք այս ամեն ինչը չենք հանդուրժում եւ չենք ընդունում: Այո՛ փողոցային պայքարին պետք է նոր թափ տալ: Եվ բացթողումն այս ընթացքում դա է, որը ես ընդունում եմ: Պետք չի ինձ դրա շուրջ համոզել, մենք այստեղ մեծ անելիք ունենք»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար են խորհրդարանի գործիքակազմից օգտվում: Դիտարկմանը, որ մանդատը դրան չի նպաստում, մանդատը զուտ ձեզ տվել է աշխատավարձ ու մեքենա՝ նա պատասխանեց. «Լավ, էլի, ինչքան կարելի է: Հիմա վաղը առավոտ, որ մանդատը վայր դնենք, պայքարին օգուտ կտա՞: Եթե հա, առավոտ դնում ենք: Ու ես այստեղ անկեղծ եմ ասում: Եկեք դեպքերը ճիշտ գնահատենք: Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի կհրաժարվենք այս ամեն ինչից, մանդատը կդնենք, սա պրոցես է, որ պետք է կարողանանք տանել առաջ: Կարեւոր խնդիրը՝ այս ամեն ինչի հետ չհամակերպվենք ու չնահանջենք»:

Որեւէ ընդդիմություն մինչ օրս չի գնացել այն քայլին, որ միջազգային պատվիրակությունների կազմից հանի իր բոլոր անդամներին՝ որպես բողոքի նշան: «Հայաստան» խմբակցության այս քայլը քննադատում են թե՛ իշխանականները, թե՛ ընդդիմադիրները: Առաջիններն ասում են՝ պետականամետ մոտեցում չեն ցուցաբերում, ընդդիմադիրներն էլ վստահեցնում են, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիքակազմ է, որից հրաժարվել չի կարելի: Մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է. «Ես չեմ ընդունում այդ տրամաբանությունը: Իրենց ցուցակային կազմի 40%-ը ունի երկրից դուրս գալու խնդիր՝ շինծու քաղաքական գործերով: Ես հասկանում եմ, որ դա ցավացնում է, դժվարեցնում է աշխատանքը, նյարդայնացնում է, բայց երբ գլուխը ցավում է, գլուխը կտրելը լավագույն որոշումը չի: Եթե մենք մտածում ենք՝ օ՛յ, բոյկոտեցինք ԵԽԽՎ նիստերը եւ հիմա քաղաքակիրթ Եվրոպան……Քաղաքակիրթ Եվրոպան հորանջելու է ու անցնի: Եթե կարծում եք, Եվրոպայում կասեն՝ արա ո՞ւր է էս Հայաստանի ընդդիմությունը, ոչ մեկի մանգոյին չի, թե որտեղ է Հայաստանի ընդդիմությունը»:

Իշխան Սաղաթելյանն այս առնչությամբ ասաց. «Երբեք այս խորհրդարանում չի եղել իրավիճակ, երբ գործող ընդդիմադիր պատգամավորներից առնվազն 12-ի վրա հարուցված լինեն քրեական գործեր, որոնց թույլ չտան երկիրը լքել: Իրենք ասում են՝ չեք օգնում հայրենիքին, իսկ հայրենիքը թողնո՞ւմ է, որ մենք օգնենք: Մեզ կեղծ մեղադրանքներով, այդ թվում՝ ինձ, չեն թողնում Հայաստանից դուրս գամ: Իմ մեղադրանքը՝ ցույցեր կազմակերպելն է, գործը հարուցել են անցյալ տարվա նոյեմբերի 18-ին, 15 ամսվա մեջ որեւէ քննություն չի եղել: Նաեւ մեղադրանքներ կան մեր խմբակցության 12 պատգամավորի նկատմամբ, «Պատիվ ունեմից» էլ: Այս իրավիճակում սա քաղաքական դիրքորոշում է միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպանների, ՀՀ այս իշխանությունների, որոնց հրահանգով այս ամեն ինչը տեղի է ունենում, ուշադրություն սեւեռելու այս հարցի վրա: Հիմա մեր կալանավորված ընկերներին բաց են թողել: Եթե երկրից դուրս գալու հարցը լուծվի, մենք կվերանայենք մեր որոշումը: Ո՞նց մասնակցենք, որ արգելափակված ենք: Լավ, ես ուզում եմ մասնակցեմ, ո՞նց մասնակցեմ: Սեյրան Օհանյանը դիմել է, չեն թողել, Արմեն Գեւորգյանը դիմել է՝ չեն թողել, ո՞նց գնան»:
Հարցին՝ այլընտրանք չունե՞ք խմբակցությունում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Կա, բայց ստացվում է, որ իրենք են որոշում, թե մեր խմբակցությունից ով որտեղ գնա, դա էլ մե՛նք չենք ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31