Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ» ԱԺ, «աննախադեպ» ընտրողներ

Հունվար 21,2022 10:00

Բրեժնեւյան շրջանում մի անեկդոտ կար, որը խորհրդային եւ ամերիկացի քարոզիչների երկխոսություն էր: Ամերիկացին խոսում է քաղաքական հետապնդումների, մարազմի մեջ գտնվող Քաղբյուրոյի, երշիկի հերթերի մասին եւ այլն: Բոլոր մեղադրանքներին կոմունիստական գաղափարախոսի պատասխանն էր՝ «իսկ ձեզ մոտ նեգրերին են սպանում»:

Պարզ է, որ խնդրի հետ կապ չունեցող «հակափաստարկը» հռետորական հայտնի հնարք է, բայց երբեմն այն զավեշտի է վերածվում:

Պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցնում է վարչապետին՝ պատրա՞ստ է նա արդյոք ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել, որ Արցախը հայկական հող է: Դա էր հարցի իմաստը, չի կարելի ասել, որ այդ հարցը տեղին չէր. Փաշինյանի դեկտեմբերի 24-ի հարցազրույցից հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ, ըստ վարչապետի, բացի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց, ուրիշ այլ տարբերակ չկա: Վարչապետը, փոխանակ պատասխանի այդ հարցին, ակնարկում է ԵՊՀ «ֆակուլտետներից մեկում» կաշառակերության մասին:

Բանավեճի այդ ոճն ինձ հոգեհարազատ չէ անգամ լրագրության, հրապարակախոսության մեջ, իսկ քաղաքական գործիչներին, առավել եւս՝ պետության առաջին դեմքին, դա, մեղմ ասած, հարիր չէ:

Բայց նման մանր, անմակարդակ, անբովանդակ բանավեճը հատուկ է Ազգային ժողովի այս կազմին: Ընդդիմադիր պատգամավորը ԱԳ նախարարին դիմելուց օգտագործում է «Օմեգա» ծածկանունը՝ Արարատ Միրզոյանին վիրավորելու համար, վերջինս էլ հակադարձում է «Նարիմանով» ծածկանունով՝ ակնարկելով Սերժ Սարգսյանին: Հարցի եւ պատասխանի բովանդակության հետ դա որեւէ կապ չուներ:

ՔՊ-ական պատգամավորն իր փաստարկները կառուցում է ընդդիմադիր պատգամավորի ազգանվան վրա՝ Ստամբուլյան: Ընդ որում, Երեւան-Ստամբուլ չվերթը երկու կողմերից ընկալվում է որպես «կոմպրոմատ»՝ չնայած այն բացվել էր 1995 թվականին եւ ընդհատվել էր 2019-ին. հուսով եմ, կվերաբացվի՝ դրա մեջ ոչ մի «ապազգային» բան չկա:

Նման՝ սարսափելի ցածր, պրիմիտիվ մտավոր մակարդակն իսկապես «աննախադեպ է» հայկական պառլամենտարիզմի 30 տարվա պատմության մեջ: Եվ ես դրան այլ բացատրություն չունեմ, քան մեր ընտրողների համապատասխան մակարդակը: Պատգամավորներն անում են այն, ինչ իրենցից սպասում են ընտրողները: Նրանք շատ ուրախանում են, յոթերորդ երկնքում են հայտնվում, երբ, ասենք, վարչապետը, ըստ էության, չպատասխանելով հարցերին, անում է այն, ինչն իր մոտ լավ է ստացվում՝ որեւէ ընդդիմադրի «շշում է»: «Բա ճիշտ ա անում, սրանք ո՞վ դառան, որ հարց տան, 30 տարի էս երկիրը թալանել են»,-էքստազի մեջ է ընկնում «ժողովուրդը»: Նույնպիսի հրճվանք են ապրում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրողները, երբ նրանք լսում են կամ կարդում են «Օմեգա Արո» արտահայտությունը:

Այնպես որ՝ ամեն ինչ տեղի է ունենում ժողովրդավարական նորմերին համապատասխան: Մինչեւ չփոխվեն ընտրողները՝ չի փոխվի նաեւ խորհրդարանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    I agree that authorities are the mirror of society and that everything is thus fundamentally fair. That being said, I think the Armenian elites (intellectuals, writers, journalists, bloggers, lawyers, businessmen, etc) can do more to improve the mood in the country. As a simple example, the inability of the current government to find good candidates in many state structures (security, diplomatic, economy, etc) is partially the result of many professionals not willing to work with/be associated with this government, it’s therefor a form of protest that might make them think twice on the vocabulary/style they use to govern.

  2. Լավատես says:

    Աշակե՞րտն է մեղավոր, որ անգրագետ է, թե՞ ծնողներն ուսուցիչների հետ միասին, ընտրական համակարգն է էշական, եթե նույնիսկ ամենաարդար ու թափանցիկ անցկացվի, տուր նորակոչիկի ձեռքը զենք’ ուրիշներին էլ կվնասի, իրեն էլ: Ինչպես բանակում են դաստիարակում ու կրթում եւ նորակոչիկից զինվոր կերտում, այնպես էլ քաղաքացիական բանակ է պետք ստեղծել, որտեղ նորակոչիկ քաղաքացիներից քաղաքականապես դաստիարակված ու կրթված քաղաքացիներ են կերտում: Միայն դաստիարակված ու կրթված քաղաքացին է ի վիճակի քաղաքական ճիշտ որոշում կայացնելու եւ արժանավորին անարժանից տարբերակելու: Հիմա ամբողջ աշխարհում է թափառում դեբիլիզմի ուրվականը, քաղաքականապես հասուն ժողովուրդները կպայքարեն դեբիլիզմի դեմ եւ կփրկվեն, իսկ անգրագետները չեն պայքարի եւ կվարակվեն դեբիլիզմով: Մեր անկախ ժողովրդասեր ուժերը պետք է ժողովրդին սովորեցնեն պայքարել դեբիլիզմի’ քաղաքական անգրագիտության ու չարի դեմ, միայն պայքարելով ու հաղթահարելով սեփական թերություններն ու թուլությունները հնարավոր է դառնալ հասուն քաղաքացի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31