Մոտ երկու ժամ է՝ Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են հնչում առ այն, որ գազի հոտ է լցվել բնակարաններում։ Բնակիչները ենթադրում են, որ արտահոսք կա։
Այս թեմայով ակտիվ քննարկումներ, հարց ու պատասխաններ են սկսվել նաև համացանցում․ օգտատերերն իրենց ենթադրություններն ու արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունից ստացած պատասխաններն են գրում։ Մեր օրինակով փաստենք, որ գազի հոտը բնակարանում այնքան ուժեղ է, որ գլխապտույտ է առաջացանում, թվում է՝ ուր որ է կխեղդվես։
Գյումրեցի օգտատերերից մեկը նույնիսկ նեղսրտել էր, թե պաշտոնական մի տեղեկություն չեն հաղորդում, այդ պատճառով ստիպված են եղել այս ուշ ժամին միայնակ ապրող, տարեց հիվանդ կնոջն արթնացնելու, որպեսզի ճշտեն, թե արդյո՞ք նրա բնակարանից է արտահոսքը։
Րոպեներ առաջ Շիրակի մարզպետարանն իր կայքում տեղադրեց հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը․ «Գյումրիում տարածված գազի հոտը մեր քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ Պատասխանատուների վստահեցմամբ՝ փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա»։
Կարդացեք նաև
Ի դեպ, խուճապի հետ միասին գյումրեցի օգատատերերը սկսել են յուրատեսակ հումոր անել։ Օգտատերից մեկը գրել է․ «Յաաա, վերջը գազի հանքը գտան, էլի հրաշք Գյումրին, աշես՝ մի տասը տարուց գյումրեցիք Արաբիայի սուլթանների նման կաբրի՞ն»։
Մեկ այլ օգտատեր կատակել է․«Փողոցները կջեռուցեն, մենք է դռները բացել ենք, քիչմ գազ գա տուն, ձրի տաքնանք»։
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հումորով գրել է․ «Սիրելի կառավարություն, խնդրում ենք Գյումրու փողոցներից մարդկանց լարելու համար ժամերով արձակված գազը մեր վրա չհաշվես, հա՞, կյանքիդ մեռնինք։ Շնորհագալություն։
Մի խումբ քաղքցիներ»
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ