«Ես միջնորդել եմ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու առումով եւ երաշխավորել, որ Դավիթ Տոնոյանը չի խոչընդոտի դատաքննությանը, պարտաճանաչ կմասնակցի դատական գործընթացին», – Aravot.am–ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն » կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հաստատելով տեղեկությունները, որ անձնական երաշխավորություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու համար։
Ինչ վերաբերվում է Դավիթ Տոնոյանի քրեական գործին՝ Արամ Սարգսյանը վստահ է, որ պաշտպանության նախկին նախարարն ու նրա փաստաբանական թիմը կարող են հիմնավորել Դավիթ Տոնոյանի անմեղությունը։
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը կալանավորված է թվականի սեպտեմբերի 30-ից։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Խոսքը շուրջ 4,7 միլիոն դոլարի չարաշահման մասին է:
Կարդացեք նաև
Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են նաեւ իշխանական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) եւ Քրիստինե Պողոսյանը։
Aravot.am–ի հետ զրույցում Վիլեն Գաբրիելյանը նույնպես հաստատեց, որ ինքն ու Քրիստինե Պողոսյանն էլ են անձնական երաշխավորություն ներկայացրել Դավիթ Տոնոյանի համար, սակայն այլ մանրամասների չցանկացավ անդրադառնալ։
Հիշեցնենք, Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանին իր ընկերն է համարում ։ Նա եւ Քրիստինե Պողոսյանը դատարանի առջեւ էին նաեւ այն ժամանակ, երբ քննվում էր Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի հարցը։ Քրիստինե Պողոսյանն, ի դեպ, ժամանակին իր հեռախոսի էկրանին Դավիթ Տոնոյանի նկարն էր դրել ՝ վերջինիս իր հերոսը համարելով, իսկ վերջերս հանել է Տոնոյանի նկարը՝ հեռախոսի էկրանից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ