Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետաձգեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը

Հունվար 20,2022 20:14

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում սկսվեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատավարությունը:

Մանուչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր միջնորդություն էր ներկայացրել Մանուչարյանի գործով դատավոր Սամվել Մարդանյանի ինքնաբացարկի վերաբերյալ, ինչպես նաև պետք է քննվեր Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը:

Ալումյանը դատավորին ներկայացրեց ինքնաբացարկի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո դատավորը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, իսկ դրան հաջորդեց դատական նիստի հետաձգումը՝ պատճառաբանելով, որ ներկայացրած փաստաթղթերը բնօրինակները չեն, այնինչ Ալումյանը պնդում է, որ բնօրինակները պահվում են համապատասխան վարչական մարմնի մոտ և իրենք կարողացել են ստանալ դրանց կրկնօրինակները:

Նիստի հետաձգման պատճառով Մանուչարյանի պաշտպանները չկարողացան ներկայացնել նաև Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ի մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին: 2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետևանքով այն կասեցվել է և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են, սակայն վարույթն իրականացնող իմարմինը Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Մանուչարյանի փաստաբանը գործը ապօրինի է համարում:

Նշենք, որ Բերդ համայնքի ավագանին դիմել էր ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորության փոխելու խնդրանքով՝ պատրաստակամություն հայտնելով խափանման միջոցի փոփոխման դեպքում հանդես գալ անձնական երաշխավորությամբ:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31