Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանն այսօր հյուրընկալվել էր Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Լեգենդար մարզիկի եւ քոլեջի սաների միջեւ ծավալվեց ջերմ շփում: Վախթանգ Դարչինյանը պատասխանեց ինչպես պատանի ու երիտասարդ մարզիկների, այնպես էլ մարզական ուսումնական հաստատության դասախոսներին ու մարզիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Վիկ Դարչինյանի մարզական կենսագրությանն ու կարիերային, այնպես էլ անձնական կյանքին:
Վախթանգ Դարչինյանը մարզական քոլեջի սաներին օգտակար խորհուրդներ տվեց, որոնք, ինչպես ավելի ուշ գնահատեցին մարզիչներն ու մանկավարժները, կօգնեն իրենց սաներին կյանքում գտնել իրենց արժանի տեղը, հասնել մարզական բարձունքների:
Վախթանգ Դարչինյանը եւ նրա տիկինը՝ Ջավահիր Եղիկյանը, անակնկալ էին նախապատրաստել հանդիպման մասնակիցների համար: Նրանք Վիկի պատկերով եւ նրա մակագրությամբ մարզաշապիկ նվիրեցին երկու ամենահետաքրքիր հարցերը տվողներին:
Երեւանի ՕՀՊՄՔ տնօրեն, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը հանդիպման ավարտին Aravot.am-ին ասաց, որ լեգենդար մարզիկների հետ հանդիպումները դաստիարակչական լրացուցիչ դեր են կատարում պատանի ու երիտասարդ մարզիկների համար, որոնք առաջին քայլերն են անում դեպի մեծ հաղթանակներ տանող ճանապարհին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ